Բոլոր գործիքներից սա ամենաադրյունավետն է. Ռուստամ Բադասյան |lragir.am|
11:50 - 31 մարտի, 2020

Բոլոր գործիքներից սա ամենաադրյունավետն է. Ռուստամ Բադասյան |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էկետրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում մի քանի հստակեցումներ ու փոփոխություններ են արվել նախագծում։

Փոփոխությունների նպատակը, ըստ կառավարության, հետևյալն է՝ կորոնավիրուսով վարակված անձանց շրջանակը բացահայտել։ «Երեկ ամբողջ օրը հետևել եմ սոցիալական ցանցով հնչող քննադատություններին, և կուզեի արձանագրել, որ բնականաբար ոչ բոլոր քննադատություններն են հաճելի։ Ամեն դեպքում կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին։ Եվ ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք ու ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ՝ թեկուզ արտակարգ դրության հիմքով այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել։ Դա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում այնուամենայնիվ գնանք հիմնական իրավունքների ու ազատությունների որոշ սահմանափակումների»,- ասաց Բադասյանը։

Նախարարը նշեց, որ ուզում է հատուկ արձանագրել, թե այս նախագիծն ինչի մասին չէ։ «Այս սահմանափակումաները նախ վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։ Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակաի դեմ պայքարելու համար։ Այսինքն՝ նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում։ Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո։ Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում։ Կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը»,- պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։

Նա մանրամասնեց, թե ինչու է անհրաժեշտ այս համակարգի ներդրումը։ Ըստ նախարարի՝ ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է գտնվել 10 անձի հետ, այդ 10 անձից 5-ը, ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեկ տեղակայման վայրում են գտնվում, ինչը նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք հարավոր է՝ վարակավել են։ Հետևաբար, միջոցառումներ կձեռնարկվեն՝ անհրաժեշտության դեպքում այդ անձանց մեկուսացնելու համար։

«Իսկ մյուս 5 անձինք, որոնց անընդհատ զանգ է կատարվել, և հարց է հնչում՝ ինչո՞ւ է անհրաժեշտ այդ զանգերը նայել, կպարզվի, որ մեկ տեղակայման վայրում չեն եղել, օրինակ, Երևանում կամ Գյումրիում են եղել, այդ անձինք այլևս որևէ հետաքրքրություն չեն ներկայացնի, նրանց մասով լրացուցիչ գործողությունների կարիք չկա»,- հավելեց նա։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ իրենք ապավինում են գիտության ոլորտի մասնագետների փորձին, որոնք ուսումնասիրել են Իսրայելի, Հարավային Կորեայի և Չինաստանի փորձը համաճարակի դեմ պայքարի մասով և եզրակացրել, որ այս մեթոդն է պայքարի ամենաարդյունավետ փորձը։ Բոլոր գործիքներից սա ամենաադրյունավետն է, ասաց Բադասյանը։ Ըստ նախագծի՝ տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար։ Նախարարը պարզաբանեց՝ այսինքն՝ եթե անձը ռիսկի գոտում չէ, այդ անձի մասին չի կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացվել։ Դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։ «Եվս մեկ անգամ կուզեմ նշել, որ նժարի վրա դրված արժեքները մի կողմից կյանքն ու առողջությունն են, մյուս կողմից անձանց իրավունքների ու ազատությունների համաչափ սահմանափակումը։ Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, ապա այս նախագիծը հաստատ կառավարությունը հետ կկանչեր»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել