tert.am: Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին քաղաքացիական բարձր պատասխանատվության համար, որոնք իրենց պարտքն են կատարում և մասնակցում են համապետական այս ընտրություններին։ Այս մասին այսօր Արցախի ընտրատեղամասերից մեկում լրագրողներին ասաց ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։
«Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում, մենք պետք է միավորվենք ազգովի, համերաշխություն եմ ցանկանում, որպեսզի կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին, իսկ այս առումով Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կարողանալու է ծրագրեր իրականացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, աշխարհում սպասվում է ոչ թե տնտեսական ճգնաժամ, այլ՝ աղետ և իրենք պետք է այդ աղետից դուրս գան միավորված, միասնական ճակատով։
«Համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիների վճռականությունը և քաղաքացիական գիտակցությունն այնքան բարձր է լինելու երկրի ապագայի նկատմամբ, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ»,- ասաց նախագահի թեկնածուն։
Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությանը՝ Արայիկ Հարությունյանը դժվարացավ պատասխանել, ասելով, որ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմնին. ինքը նախագահի թեկնածու է և որևէ բարձր պաշտոն չի զբաղեցնում, չունի այդ իրավունքն ու լիազորությունը։
Հարցին, որ մի շարք թեկնածուներ առաջարկում էին հետաձգել համապետական ընտրությունները, ինչու ինքն ակտիվ չէր այդ հարցում՝ Հարությունյանն ասաց, որ եթե գործող իշխանությունը, պատկան մարմինները, շտաբը որոշեր հետաձգել, ապա ինքը կողմ կլիներ։
Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունն աջակցում է իրեն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ ունեն այդ աջակցությունը։
Առավել մանրամասն՝ tert.am-ում
comment.count (0)