«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 90 միավոր տեխնիկա

 |armenpress.am|
18:57 - 01 ապրիլի, 2020

«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 90 միավոր տեխնիկա |armenpress.am|

armenpress.am: «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ հանձնված ավելի քան 100 համակարգչից, հեռախոսից և պլանշետից 90-ն ուղարկվել է՝ ՀՀ Արագածոտնի մարզում ապրող անապահով ընտանիքների աշակերտներին՝ հեռավար ուսուցման համար։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի կազմակերպիչ Դավիթ Դանիելյանը։

«Մեր քաղաքացիները բերում են տեխնիկան նախարարություն, այստեղ մասնագետները ստուգում են դրանց սարքին լինելը, և, եթե համապատասխանում են չափանիշներին, ապա մենք ընդունում ենք դրանք և փուլ առ փուլ ուղարկում մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտներին՝ իրենց հեռավար ուսումը կազմակերպելու համար։ Մարզպետարաններն արդեն համակարգիչներն ու պլանշետները կգույքագրեն և կբաշխեն համապատասխան դպրոցներին և կտրվեն դրանց կարիքն ունեցող ընտանիքներին։ Իրավիճակի կարգավորումից հետո, երբ հեռավար ուսուցումից կրկին անցում կատարենք սովորական ուսուցման, այդ տեխնիկան կվերադարձվի դպրոցներին և աշակերտներն ու ուսուցիչներն այնտեղ կօգտվեն դրանցից։ Մարզերին տրամադրելուց հետո, գուցե, տրամադրենք նաև Երևանում ապրողներին»,- նշեց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հավաքագրման կետում այս պահին ընդունել են մոտ 90 համակարգիչ, հեռախոս և պլանշետ, բայց դեռ մոտ 50-70 հատ էլ կա, որ պետք է մասնագետները զննեն։ Դանիելյանը շեշտեց, որ պայմանավորվածություն կա, որ ապրիլի 2-ին էլ նույն քանակությամբ տեխնիկա կհավաքագրվի։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ապրիլի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ է հանձնել 50 համակարգիչ, որոնք նույնպես ուղարկվել են Տավուշի մարզ։ Ազգային ժողովից այս նախաձեռնությանը տրամադրվել է 85 համակարգիչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել