Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․04․20 (թարմացվող)
00:55 - 04 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․04․20 (թարմացվող)

0։39- Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ-Երեւան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։


0։24- Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]


23։43- Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է, և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը: [Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան]


23։39- Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլի դրությամբ մարզում կա կորոնավիրուսով վարակված 158 քաղաքացի: Նրանցից երկուսը Ոսկետափ համայնքից են՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցներ: |factor.am|


22։45- Կապի օպերատորների հետ ձեռք բերվել պայմանավորվածություններ, համաձայն որոնց սահմանվելու է  հատուկ մատչելի` Կրթական սակագին:
Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ։ [ԿԳՄՍ նախարարություն]


22։43- ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից: Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]


22։11- Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, որը գտնվում է Օրթոպեդիայի ինստիտւոտում։ [Արսեն Թորոսյան]


21։51- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը ևս միացել է «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» ծրագրին: Հատուկ հաշվեհամարին է փոխանցվել աշխատակիցների կողմից հավաքված 470 000 ՀՀ դրամ: [ՀՀ քաղաքաշինության կոմիտե]


21:26- ԱԺ-ի ընդունած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերը ՀՀ իշխանություններին շատ լայն հնարավորություններ են տալիս բջջային հեռախոսների տվյալները կորոնավիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար: Բայց դրանք սահմանափակում են մարդու մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը և իշխանություններին հասանելի են դարձնում վարակված անձանց մասին գաղտնի բժշկական տեղեկատվությունը։ [Human Rights Watch]


20:07- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:
Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:


19:56- Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից 1-ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:
☑️Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:
✅Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել:
✅Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]


19:50- Արցախում առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Օրվա ընթացքում բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել: [ԱՀ ԱՆ]


19:25- Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է այնտեղ մնացած ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ ԱԳՆ-ն և պարետատունն ամբողջովին տիրապետում են  ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: [Աննա Նաղդալյան]


19:14- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ՀՀ-ում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: 


19:11- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, ապրիլի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3346: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


18:55- ՀՀ տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։ Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։ Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ [ՀՀ ԱԻՆ]


18:26- Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հորդորում է մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն: [ՀՀ ԱԳՆ]


17։57- 02.04.2020 դրությամբ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան] 

 

17։42- Բողոքների հիման վրա, համայնքային և տեղական ինքնակառավարման մարմիններում մշտադիտարկումներ իրականացնելիս մենք որոշ դեպքերում խախտումներ ենք արձանագրել՝ առկա չեն եղել հատուկ պաշտպանիչ միջոցներ, աշխատակիցները չեն կրել դիմակ և ձեռնոց։ Նրանց հանձնարարվել է արագ վերացնել դրանք, որպեսզի չդադարի իրենց գործունեությունը: [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |armenpress.am|

 

17։35-  ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
1) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Ազատության պող. 11.
2) «Զանգեզուր հասկ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շինարարների 99.
3) «Կապանի հաց» ՍՊԸ՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ․ 9.
4) «Ռ․ Իսրաելյան» ՍՊԸ՝ ք. Կապան, Հունան Ավետիսյան 10.
5) «Գեղեցիկ Քնար» ՍՊԸ՝ ք. Կապան, Մ. Պապյան 16/Ա:

 

17։32- Մեր մշտադիտարկումների ընթացքում մենք տեսնում ենք, որ սուպերմարկետներում հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին, որը մեր կողմից որպես նաև աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող տեսչական մարմին, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում։ Աշխատողները չեն կարող դա մեկ ժամից ավել կրել, որովհետև դրանք պատրաստված են այնպիսի նյութով, որով շնչել հնարավոր չէ։ [ԱԱՏմ ղեկավար Հակոբ Ավագյան] |1lurer.am|

 

17։27- Մինչ այսօր 257 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ, խախտումներ են հայտնաբերվել 38 կազմակերությունում: Նրանց գործունեությունը 6-ական ժամով դադարեցվել է։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |azatutyun.am|

 

17։14- Ասիական զարգացման բանկի տարեկան առաջատար տնտեսական հրապարակման համաձայն, նոր թագավարակի պանդեմիայի ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ.-ին՝ մինչ 2021թ.-ին վերականգնվելը։ Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ.-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ.-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ |hetq.am|

 

17։01- Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |armenpress.am|

 

16։56- Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մաքաթիա-Սեբաատիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ [Արսեն Թորոսյան]

 

16։55- 03․04․2020թ-ից Այրվածքաբանության ազգային կենտրոն- ի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։
Կենտրոնի հասցեն է ք․ Երևան, Ֆանարջյան փողոց, 76 շենք։
Հեռախոսահամար՝ +374 10 23 68 29 [Այվածքաբանական ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյան]

 

16։46-  ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին: Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին: Առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

16։25- Կան քաղաքացիներ, որոնց չվերթները չեղարկվել են, մուտքի արտոնագրերի ժամկետները խախտվել են, իսկ վերջիններս այս պահի դրությամբ դեռ այստեղ են և բնակվում են հարազատների տներում։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել տեղական իշխանությունների, մասնավորապես՝ միգրացիոն ծառայության հետ, որ այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո հնարավոր լինի երկարաձգել վիզաների ժամկետները։ Նրանք, ովքեր կցանկանան անմիջապես մեկնել, օդանավակայանում կներկայացնեն չվերթի չեղարկման ապացույցները և առանց որևէ խոչընդոտի կլքեն Նիդերլանդների տարածքը։ Մինչ այս պահը մենք օժանդակել ենք տարբեր չվերթներով շուրջ հինգ տասնյակ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հարցում։  [Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան] |azatutyun.am|

 

15։55- ԱԺ-ն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

15։50- Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

15։46- Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

15։22-  ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին զուգահեռ հնարավոր լինի արձագանքել քաղաքացիների բոլոր ահազանգերին։ Ստեղծվել են պահեստային խմբեր։ Անհրաժեշտության դեպքում նրանք կներգրավվեն հրդեհաշիջման կամ կենցաղային այլ կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր։ [ԱԻՆ]

 

15։18-  ԱԱՏՄ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։ Նոր ջերմաչափը տեղադրվել է ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս պարզել` ՀՀ մուտք գործող ուղեւորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։ [ԱԱՏՄ]

 

14։39-  Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ: Նախագահը բարձր է գնահատել կառույցի պատրաստած վերլուծությունը համաշխարհային տնտեսության վրա COVID 19 համավարակի ազդեցության վերաբերյալ։ Նախագահ Նա նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր և արժեքավոր կլինի կառույցի կողմից մեր երկրի վերաբերյալ զեկույցի թարմացումը՝ ներառելով տնտեսության վրա COVID 19-ի ազդեցությունը, դրա հնարավոր հետևանքներն ու դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկությունները:

 

14։05- Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը համացանցում տեղադրելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով տրամադրել է հանրակրթական դպրոցի 9–րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի «խոսող դասագրքերը», որոնք պարունակում են դասագրքերի բովանդակությունների ձայնագրությունները։ Ձայնագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Ալիկ Խառատյանին, կարդում են Անի Մարգարյանը և Սամվել Ղազարյանը։
Խոսող դասագրքերը հասանելի են հետևյալ հղումներով՝
☑️9–րդ դասարան․ Գրականություն
➡️ https://bit.ly/39DFahG
☑️11-րդ դասարան․ Հայ գրականություն
➡️ https://bit.ly/3aGuYqb
☑️12-րդ դասարան․ Հայ գրականություն
➡️ https://bit.ly/2X7CcPU [ԿԳՄՍՆ]

 

13։59- ՀՀ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը բերվեց Գեղարքունիքի մարզ: Նվիրաբերված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ տրամադրեն 4 և ավել դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: [ԳԵղարքունիքի մարզպետարան]

 

13։48- ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Նրանք քննարկել են երկու երկրներում  Կորոնավիրուսային տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին:

 

13։43- Այս տարին այն տարին է, որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարվա սկզբին արված կանխատեսումների համեմատությամբ: Տարվա սկզբին այդ արդյուքնները բավականին լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշները ոչ ավելի վատ էին, քան 2019-ին արձանագրված շատ լավ ցուցանիշները: Սակայն սա ցույց է տալիս մի բան. որ մենք կարող եք արտադրել, կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով: Չնայած 2020-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և´ պոտենցիալը, և´ տնտեսական ակտիվությունը։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` Կբ-ի կանխատեսման մասին, թե կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա] |armenpress.am|

 

13։30- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում:

 

13։10- Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ այնպիսի գրառումներ են կատարել, որոնց փաստական տվյալների ստուգման անհրաժեշտություն է առաջացել: ԱՀ ոստիկանությունը պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ այդմ՝ չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, վերոնշյալ անձինք, կեղծ լուրերի տարածումից զերծ մնալու նպատակով, գրառումները հեռացրել են: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

13։03- Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120  փոքր ու միջին ձեռնարկություն է դիմե`լ աջակցություն ստանալու համար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Պետությունն այդ դիմումները ստանաուց հետո դեռ պետք է պարզի, թե արդյոք նրանք բավարարո՞ւմ են անհրաժեշտ պահանջներին, օրինակ՝ ունե՞ն հարկային և վարկային կարգապահություն: Այդ տեղեկությունը ստուգում են թե ԱԿՌԱ համակարգում, թե ՊԵԿ-ում: |armenpress.am|

 

12։54- Արտակարգ դրությունն ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություններն ունեն պետության առջև, մասնավորապես՝ հարկային պարտավորությունների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ որոշ կազմակերպություններ բողոքում են, թե ՊԵԿ-ը կալանք է դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում: |pastinfo.am| 

 

12։51- Ապրիլի 1-ից գործում են կառավարության կողմից հաստատված ու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզքոքացմանն ուղղված բոլոր 4 ծրագրերը, որոնք վերաբերում են բիզնեսի աջակցությանը։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ |lragir.am|

 

12։19- Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ Շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի քույր նահանգ Հայնանի ղեկավարությանն ու «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Շիրակի մարզին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար։ [Շիրակի մարզպետարան]

 

11։59- Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով: [Երևանի քաղաքապետարան]

 

11։36- Անտեսելով օրենքը, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները եւ հուսալով, թե համայնքապետարանն այս ընթացքում հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության` որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները, վտանգելով հանրային առողջությունը:

Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ հետամուտ է օրենքով սահմանված կարգի պահպանմանը եւ իրավիճակից օգտվող անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ:

Էջմիածնի համայնքապետարանը, արտակարգ դրության օրերին ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար, սահմանել է քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցների ամենօրյա հերթապահություն։ Կոչ ենք անում խուսափել պատասխանատվությունից, զերծ մնալ ապօրինի շինարարությունից, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը եւ խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները` այս օրիներին նաեւ չվտանգելով ձեր եւ ձեր հարազատների առողջությունը: [Էջմիածնի քաղաքապետարան]

 

11:16- Առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։ 

 

11:02- Թարմացվել է 03.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -736
Բուժվածներ - 43
Փաստացի բուժվողներ - 686
Բացասական թեստեր - 3258
Մահվան ելքեր - 7 [ԱՆ]

 

10։14- Մեր համայնքում ոչ ոք վարակված չէ, և ես հույս ունեմ, որ ոչ ոք չի էլ վարակվի: Մենք տանն ենք, մեկուսացված, բայց միևնույն ժամանակ համակարգչի, բջջային հեռախոսների միջոցով համայնքը կարողանում է համախմբված մնալ և մեր աշխատանքն առաջ տանել: Հաճախ ենք խոսում միմյանց հետ, չենք զգում հեռավորությունը, և բոլորս ենթարկվում ենք վիրուսի կանխարգելմանն ուղղված պահանջներին։ [Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյան] |armenpress.am|

 

10։08-  Թալիշում ՊԲ հրամանատարության մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին զեկուցվել է կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին: Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

09։52- Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, ԱԳՆ-ի և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից: [ԱԳՆ]

 

09։35- Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43: [Արսեն Թորոսյան]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել