Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) անդամ, «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Միշա Թադևոսյանի հետ զրուցել ենք կրթական համակարգում սոցիալական արդարությունից։
-Ի՞նչ է սոցիալական արդարությունը կրթական համակարգում և ի՞նչ բաղադրիչներ ունի։
-ՀՀ կրթական համակարգում սոցիալական արդարությունը՝ որպես առկա հիմնախնդիր և ջատագովության առարկա, հանրային քննարկման օրակարգ է մտել բավականին վերջերս։ Կրթության քաղաքականություն մշակողներից մինչ ուսուցչական համայնք հաճախ են իրենց կողմից բարձրաձայնվող հիմնախնդիրները դիտարկում սոցիալական արդարության դիտակետից: Մինչդեռ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել, թե ինչ ենք հասկանում բոլորս «Սոցիալական արդարություն» ասելով՝ այդ կերպ միս ու արյուն տալով այդքան տարածված, բայց ոչ հստակ եզրույթին:
Կրթության համակարգում սոցիալական արդարության սկզբունքի ապահովումը ենթադրում է բոլորի համար որակյալ կրթության հավասար մատչելիության և հասանելիության, իրավունքների և երեխայակենտրոն (անձնակետրոն) մոտեցումների փոխկապվածություն: Կարևոր է դիտարկել, որ այդ «բոլորը» կրթության շահառուներն են՝ անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելությունից, մտավոր և ֆիզիկական ունակություններից, սեռից և տարիքից, բնակության վայրից և ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից. անկախ իրենց առանձնահատկություններից:
Միայն հստակեցման և սահմանման դեպքում սոցիալական արդարության ոչ շոշափելի եզրույթը կարող ենք «մարմնավորվել», որը կենթադրի հստակ քաղաքականություն և կառուցակարգեր:
-Սոցիալական արդարությունը և Հայաստանի կրթական համակարգը․
Ի՞նչ խնդիրներ կան այս առումով կրթության տարբեր մակարդակներում։
-Կրթության համակարգում սոցիալական արդարության հիմնախնդիրները բազմաբնույթ և բազմազան են՝ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքներից մինչ կրթության բովանդակության համատեքստ, և Հայաստանի կրթական համակագի բոլոր մակարդակներում կարող ենք քարտեզագրել սոցիալական արդարությանն առնչվող մի շարք հիմնախնդիրներ, օրինակ՝
Նախադպրոցական կրթության համակարգում՝ նախակրթարանների հասանելիություն․ մի շարք համայնքներում դրանց բացակայում են։ Միջմարզային անհավասարություն․ մարզերում վճարովի, իսկ Երևանում՝ անվճար նախակրթարաններ։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար սոցիալ-հոգեբանական ծառայությունների բացակայություն և այլն:
Հանրակրթության համակարգում՝ դպրոցների ֆիզիկական միջավայրի հասանելիություն, հանրակրթությունից դուրս մնացած երեխաների կրթության կազմակերպում և այլն:
Օրինակ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալների, հիմնանորոգման կարիք ունեցող 330 դպրոցներից 267-ը մարզային են, ջրամատակարարման բացակայության հիմնախնդիր առկա է միայն մարզերում՝ մարզային 72 դպրոցներում։
Բարձրագույն կրթության համակարգում՝ մարզային ուսումնառողների սոցիալականացմանը աջակցող մեխանիզմների սակավությունը, ռիսկային ու խոցելի խմբերի համար կրթության կազմակերպան ընթացակարգերի բացակայությունը և այլն:
- Հեղափոխությունից հետո կա՞ն արդյոք փոփոխություններ այս կոնտեքստում։
Ի՞նչ լուծումներ եք տեսնում սոցիալական արդարության հետ կապված հիմնական խնդիրները լուծելու հարցում։
-Հեղափոխության օրերի ընթացքում՝ հեղափոխության հիշողության մեջ, այսօր՝ հետհետաղափոխության ապրման շրջանում, «Հեղափոխություն»-ը շատերիս համար շարունակվում է ասոցացվել արդարության վերականգման պահանջի հետ. արդարության պահանջ, որը օրակարգ է բոլոր ոլորտներում՝ այդ թվում կրթության: Տարիներ շարունակ քաղաքականացված, կուսակցականացված անձերի շահերը սպասարկող կրթության համակարգը լճացվել է՝ կորցնելով հանրային (հասարակական), սոցիալական իր նշանակությունը:
Քաջ գիտակցելով այս ամենը՝ կրթության քաղաքականության մշակողները, պատասխանատու և շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ ձեռնարկեն անհրաժեշտ առաջնային քայլերը, մշակեն քաղաքականություն և կայուն մեխանիզմներ՝ ապահովելու համար որակյալ կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորություններ:
Այսօր կրթության զարգացման համար պատասխանատու մարմիները տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ լուծելու համար սոցիալական արդարության տեսանկյունից մի շարք հիմնախնդիրներ. օրինակ, օտար լեզուների խմբակների բացում փոքր համայնքներում և այլն:
Սակայն, սոցիալական արդարության հիմնախնդիրներին լուծումներ տալուց առաջ անհրաժեշտ է առաջին հերթին նախաձեռնել համընդհանուր ախտորոշիչ աշխատանք կրթական բոլոր մակարդակներում՝ բացահայտելու և քարտեզագրելու համար իրական, խորքային խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերն ու ազդեցությունները:
Հապճեպ և շտապողական լուծումների դեպքում, անգամ եթե վերջիններիս վրա ծախսվեն մարդկային ու ֆինանսական մեծ ռեսուրսներ, երկարաժամկետ կտրվածքով մենք չենք ունենալու խնդիրների իրական լուծում, որոնց սոցիալապես արդար լուծումը կարող է դառնալ հեղափոխության տրամաբանական շարունակություն և համակարգայնացում:
comment.count (0)