Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

17:35- Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ] 17։15- Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը] 17։05- Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում։ Այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան] 16։11- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: [ՀՀ ՊՆ] 15։22- Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:52- Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:32- Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:20- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 14։10- ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ մասին հրապարակած տեղեկությունը: 13։56- Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: [ՊՆ] 13։33- 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 13։18- Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: [ՊՆ] 12։57- ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: [ՀՀ ՊՆ] 12։43- Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 12։08- Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով: [ՀՀ ՊՆ] 11։29- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 11։14- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: [ՀՀ ՊՆ] 10։30- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: [ՀՀ ՊՆ] 10։19- Ադրբեջանի ՊՆ-ն, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]
17:36 - 01 սեպտեմբերի, 2023
Ծովինար գյուղում 50-ամյա տղամարդը 27-ամյա դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել․ նա ձերբակալվել է

Ծովինար գյուղում 50-ամյա տղամարդը 27-ամյա դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել․ նա ձերբակալվել է

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Օգոստոսի 19-ին Ծովինար գյուղի 27-ամյա բնակչուհին հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին և հաղորդում տվել, որ 2021 թ. մայիսին հայրն իրեն ֆիզիկական և հոգեկան ցավ է պատճառել մի արարքի համար, որն ինքը չի կատարել: Նա նաև հայտնել է, որ հոր արարքի պատճառով իրեն շատ նվաստացած է զգացել, հոգեպես ճնշված և ընկճված: 50-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:    
12:11 - 21 օգոստոսի, 2023
Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. վարչապետ

Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Մրցաշարն անցկացվել է Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկանից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին.«Հարգելի ներկաներ,Գործադիր և օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,Լողի «Վարչապետի գավաթի» հարգելի մասնակիցներ,Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Այս մրցաշարի կարևոր նպատակներից մեկը նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի տեսանելի դարձնելն է մեր զբոսաշրջիկներին, մանավանդ, որ մենք հիմա և՛ Վարդենիսի, և՛ Սևանի կողմից ունենք բավականին լավ ճանապարհ: Իհարկե, բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվում են և կշարունակվեն: Այս ափը, կարծում եմ, շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար, նաև մենք ուզում ենք այն գրավիչ դարձնել ներդրումների համար, որպեսզի նոր ձևաչափի, ներդրումային նոր կուլտուրա ձևավորենք նաև Սևանա լճի ափին:Դուք նկատեցիք, անշուշտ, որ սովորաբար մյուս մրցաշարերում մեր մրցանակակիրների աշխարհագրությունն ավելի լայն է լինում, չնայած պետք է խոստովանել, որ այնպես էլ չէ, որ ամբողջ հանրապետությունն է ընդգրկում, բայց լողի դեպքում հատկապես մեր աշխարհագրությունն ավելի է նեղանում: Մենք մրցանակաբաշխության ընթացքում նախարարի հետ այդ մասին էիք խոսում, որ դա մի բանի մասին է վկայում՝ հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքի՝ լողավազանների բացակայության:Եվ ուզում եմ նաև այս ամբիոնից հիշեցնել բոլորին, որ մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել՝ հանրապետության խոշորացված համայնքներում առաջին փուլով մարզական կենտրոններ ստեղծել, որը կներառի մարզադպրոց, ֆիթնես կենտրոն մեծահասակների համար և անպայման լողավազան: Մենք առաջինը խոստացել ենք Եղեգնաձոր խոշորացված համայնքին, երկրորդը՝ Բերդ խոշորացված համայնքին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել եմ, որպեսզի տիպային նախագիծ ունենանք և հերթով այդ մարզական կենտրոնները կառուցենք՝ նախ բոլոր խոշորացված համայնքներում, հետագայում արդեն՝ խոշոր համայնքներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է բոլոր առումներով՝ Հայաստանում առողջ ապրելակերպը խթանելու, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնելու, նաև առողջ սերունդ ունենալու և ընդհանրապես երիտասարդության համար զբաղմունքի ավելի շատ միջոցներ ու միջոցառումներ ունենալու:Այս մրցաշարը նաև կարևոր է նրանով, որ մենք որոշակի հետևություններ ենք անում: Կարող է թվալ, թե գալիս ենք ուղղակի կանգնում, կարճ ելույթ ունենում ու գնում, բայց որոշակի հետևություններ, նույն մրցանակակիրների աշխարհագրության մասին, այսպիսի շփումների արդյունքում են ի հայտ գալիս: Եվ այդ հետևություններից բխում են որոշումներ:Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Առանձնակի ուզում եմ ծափահարել այն մասնակիցներին, ովքեր, այո՛, այդ համարձակությունը ցուցաբերել և եկել մասնակցել են՝ ոչինչ, որ վերջնագծին չեն հասել, մյուս տարի կհասնեն: Ուզում եմ բոլորս ողջունենք ոչ մրցանակակիր բոլոր մասնակիցներին շատ ջերմ ու բուռն ծափերով:Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների գործընկերներին, բոլոր մարզպետարաններին, բոլոր գերատեսչություններին, Ճամբարակ խոշորացված համայնքին, Շողակաթ բնակավայրին, մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր որևէ մասնակցություն են ունեցել: Եվ նաև, իհարկե, մեծ շնորհակալություն այն երկրպագուներին, ովքեր եկել են քաջալերելու «Լողի վարչապետի գավաթի» մասնակիցներին:Շնորհակալ եմ բոլորիդ և հաջողություն եմ մաղթում»:Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին հանձնվել են դրամական մրցանակներ. 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 130 մասնակից։ Մրցաշարը նաև միջազգայնացվել է. ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք են ունեցել թե՛ ՀՀ, թե՛ օտարերկրյա քաղաքացիները. միակ սահմանափակումն այն է եղել, որ մասնակիցը պետք է ընդգրկված չլինի լողի միջազգային սանդղակում և վերջին 5 տարվա ընթացքում պետք է մասնակցած չլինի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:
19:44 - 19 օգոստոսի, 2023
Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը անչափահասի նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին

Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը անչափահասի նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին

2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (նախկին մարզպետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։   Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։   Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (մարզպետարանի) ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։   2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։   Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել։
21:03 - 18 օգոստոսի, 2023
Երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը իր իրավասության սահմաններում, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, կիրականացնի հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար: Հորդորում ենք բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը։
16:18 - 18 օգոստոսի, 2023
Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն |hetq.am|

Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն |hetq.am|

hetq.am: Համացանցում երեկվանից տարածված տեսանյութում երեխային բռնության ենթարկող կինը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված Աննա Մայիսի Արևշատյանն է։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ այն հասցեում, որտեղ գրանցված է կինը, գրանցված է ևս երկու անձ՝ Մադաթյան Թաթուլ Բարիսի, որը նրա ամուսինն է, և Զախարյան Մարիամ Սամվելի։ Աննա Արևշատյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջերս ընտանիքը տեղափոխվել էր Գյումրի, հետո՝ Երևան։ Ըստ նույն աղբյուրների՝ Աննա Արևշատյանն ու Թաթուլ Մադաթյանը ունեն հինգ երեխա։  Սոցիալական ցանցերի էջում Աննա Արևշատյանը լուսանկարներ է հրապարակել ինչպես երեխաների, այնպես էլ Թաթուլ Մադաթյանի հետ։  Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքս»-ի, 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Գավառի բնակիչներից մի քանիսը, որոնք նախընտրում են անանուն մնալ, «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին, որ Թաթուլ Մադաթյանը իր անչափահաս աղջիկ երեխային բռնաբարելու հոդվածով դատապարտվել է։ Նրա վերաբերյալ գործը «Դատալեքս»-ում փակ է։ Բնակիչներն ասում են, որ նրան հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում    
12:45 - 18 օգոստոսի, 2023
Չարաշահումներ՝ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում․ տնօրենին մեղադրանք է ներկայացվել

Չարաշահումներ՝ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում․ տնօրենին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական և վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, 2003 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշ­տոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով յուրացում կա­տա­րելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում, թվով 8 անձանց հրամանա­գրել է նշված դպրոցի տարբեր հաստիքներում /պահակի, հնոցապանի, հավաքարարի/ և յուրաքանչյուր ամիս շարու­նակաբար կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտո­նա­կան փաստաթուղթ հան­դիսացող, իրավաբանական նշանակության փաստեր հաստա­տող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխա­տա­վար­ձի վճարային տեղե­կա­գրերը, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ նշված անձանց կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իրենց աշխա­տան­­քային պարտա­կանութ­յունները կատարելու վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաս­տա­թղթերն օգտագործելու նպատակով, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, որի արդ­յունքում նշված ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս, նրանց փոխարեն և նրանց անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները վատնելու եղանակով, հիշյալ անձանց օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է պե­տա­կան բյու­ջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված ընդհանուր առանձնապես խո­շոր չա­փերի՝ շուրջ 14.307.433 ՀՀ դրամ: Բացի այդ, դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում իր պաշտո­նեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահա­գրգռվա­ծությունից ելնելով, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները: Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով նշված աշակերտներին դպրոցից հեռացնելու փոխարեն, դպրոցում աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված ֆինանսավորման չափը չնվազեցնելու շահադիտական դրդումներով, միասնական դիտավորությամբ, հանձնարարել է դպրոցի մանկավարժական անձնակազմին անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել՝ վերջիններիս դպրոց հաճախելու, գնահատականներ ստանալու վերաբերյալ, որից հետո դրանց հիման վրա հետագայում կազմել և այդ անձանց է հանձնել հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավար­տական վկայականներ՝ այդ կերպ հեղինակազրկելով պետական կազմակեր­պութ­յունը, խաթարելով հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահե­րին: Ձեռք բերված փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քրեական վարույթով վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը: Երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ վերջինիս մահվան հիմքով: Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել: Վեց մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:03 - 18 օգոստոսի, 2023
Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է ստացել. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է ստացել. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը։ «Բացի այդ, Վ.Բ.-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ս.Մ.-ի անվամբ կազմել է իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ, համաձայն որի՝ Ս.Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 3-ին աշխատանքային գործառույթներով պայմանավորված՝ այցելել է Գավառի տարածքային կենտրոն, մինչդեռ վերջինս հիշյալ օրը և դրան հաջորդող օրերին աշխատանքային գործառույթներն իրականացրել է Երևանում: 2023 թվականի օգոստոսի 2-ին հսկող դատախազը Վ.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին (2 դրվագ), 2-րդ (32 դրվագ), 3-րդ (2 դրվագ) մասերով (կաշառք ստանալը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը): Քանի որ կաշառք տված անձանցից 3 մահացել են, իսկ 22-ը խոստովանել կաշառք տալու հանգամանքը, չեն վիճարկել իրենց մեղսագրվող արարքները, քրեական վարույթով պարզվել է, որ նրանք նախկինում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չեն ազատվել, այլ հանցավոր արարքներ չեն կատարել, համագործակցել են քրեական հետապնդման մարմինների հետ, աջակցել դեպքի հանգամանքների բացահայտմանը՝ քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:23 - 09 օգոստոսի, 2023
Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նախ Գավառում ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ երկարության հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 733 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Գավառում վարչապետին են ներկայացվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն 796 հազար դրամ, որից 55 տոկոսը համայնքի բյուջեից համաֆինանսավորմամբ, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 174 մլն դրամ: Միջոցների 75 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից: Արդեն իսկ կատարվել են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկայում: Գեղարքունիքի մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ն․ Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1․8 մլրդ դրամ: Իրականացվել են 5 մասնաշենքերի կոնստրուկցիաների և միջհարկային ծածկի աշխատանքները: Կատարվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 4868 քմ մակերեսով դպրոց, որը կունենա 936 աշակերտ/տեղ: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2025 թվականին: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն, ծանոթացել այնտեղ իրականացվող կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 470 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 4720 քմ մակերեսով 79 մահճակալ հզորությամբ և ժամանակակից տեխնիկայով համալրված բժշկական կենտրոն: Վաղաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 35 տոկոսը կազմում է համայնքի, իսկ 65 տոկոսը՝ պետական բյուջեից համաֆինանսավորումը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 120 տեղ հզորությամբ մանկապարտեզի շենքը և բարեկարգվել է տարածքը: Մյուս բնակավայրը, որտեղ կառուցվել է մանկապարտեզ, Զոլաքարն է: Այստեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականցվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ: Միջոցների 35 տոկոսը տրամադրվել է համայնքի, իսկ 65 տոկոսը՝ պետական բյուջեից: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար: Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վարդենիս քաղաքը, որտեղ նրան ներկայացվել են Ռոմանի փողոցի ասֆալտապատման աշխատանքները և սուբվենցիոն ծրագրերով համայնքում նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ այս տարվա համար Վարդենիսում նախատեսվում են 4,2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 2,6 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Այնուհետև վարչապետն այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին: Կառավարության ղեկավարը շրջել է ստարտափերի տաղավարներում, ծանոթացել բացօթյա, վրանային, ոչ ֆորմալ բիզնես ֆորումի մանրամասներին ու նպատակներին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում ստարտափներին, ձեռնարկատերերին, ներդրողներին, տարբեր ոլորտների առաջատար խոսնակներին ու մենթորներին՝ համագործակցելու, սովորելու, մրցելու և զվարճանալու: Տաղավարներից մեկում վարչապետը միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանը, ստարտափ ծրագրերին վերաբերող հարցեր: «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն մեկնարկել է հուլիսի 23-ին և կտևի 7 օր: Միջոցառմանը ներկա են 110 ստարտափներ աշխարհի 30 երկրներից։ Տեղեկացվել է, որ միջոցառման անցկացման օրերը հագեցած են փորձի փոխանակմամբ, պանելային քննարկումներով: Շողակաթ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին: Զեկուցվել է, որ Ճամբարակ համայնքի և Կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, 4․9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը՝ Կառավարությունը և 27 մլն դրամը հատկացվել է համայնքի բյուջեից: Կատարվել են շինաշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվա հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի համայնքի 315 հա տարածք: Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Զեկուցվել է, որ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 60 տոկոսը, մյուս մասը կավարտվի մոտ ժամանակներս։ Ճամբարակում վարչապետին ներկայացվել է 44-օրյա պատերազմում համայնքի զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման ընթացքը: Զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 68 մլն դրամ: Միջոցների 45 տոկոսը տրամադրել է համայնքը, 55 տոկոսը՝ Կառավարությունը: Կատարվել է աշխատանքների 60 տոկոսը։ Լճաշեն համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է Փոստի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 50 տոկոսը։ Գագարին համայնքում վարչապետն այցելել է «Գեվմիկ» ընկերության կողմից հիմնված ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ, որից 1․1 մլրդ դրամի տոկոսագումարը սուբսիդավորել է պետությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնել է 3,76 հա ջերմոցային տնտեսություն, 2400 քմ մակերեսով օժանդակ շինություններ։ Ստեղծվել է 82 աշխատատեղ: Վարչապետը ծանոթացել է նաև Պաշտպանության նախարարության մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին:  
10:40 - 29 հուլիսի, 2023
Վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝ 10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի արժեքը 2018 թ. կազմել է 1 մլրդ դրամ, 2019թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2020թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.՝ 5,8 մլրդ դրամ,  2022թ.՝ 9,7 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցների սպասարկում, գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում/վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում և այլն: 2022 թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 34 ծրագրերի ընդհանուր արժեքն 144 ենթածրագրերով կազմել է  9 մլրդ 691 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5 մլրդ 592 հազար  դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 4 մլրդ 63 մլն դրամ, այլ ներդրողներինը՝ 35 մլն 413 հազար  դրամ: 2022 թ․ ավարտվել են 148 շինաշխատանքներ: Քաղաքաշինության ոլորտից բխող միջոցառումների արդյունքում իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի 350 մշտադիտարկում, տրվել է 486 շին. թույլտվություն, եղել է 8 միկրոռեգիոնալ փաստաթուղթ, 124․8 կմ և 185․3 կմ ճանապարհների պահպանություն: Տեղեկացվել  է, որ 2023թ․ ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել է 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11. 2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքի համաֆինանսավորումը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 88,9 մլն դրամ: 2018-2022թթ․ Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր են իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 51 մլրդ դրամ: 2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ: Կառավարության ղեկավարին ներկայացվել են հաշվետու տարում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ գյուղնշանակության հողերը մարզում կազմում է 81431,4 հա, որից 2022թ․ մշակվել է 37749 հա-ն, այդ թվում՝ հացահատիկ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր, բանջարաբոստանային և այլ մշակաբույսեր: Արդյունքում արտադրվել է 170,974 տ համախառն բերք: 2022թ․ իրականցվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր, ձեռք են բերվել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և բաշխվել 10 հազար 555 շահառուի: Սուբսիդավորումը կազմել է 542 մլն 475 հազար դրամ: Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում մարզում կառուցվել է 9 խելացի անասնագոմ: Հողաշինարարության և հողօգտագործման մասով զեկուցվել է, որ առկա 280 000 հա հողատեսքից վարձակալությամբ է տրվել  68 700 հա, որից համայնքային է 45 900 հա, իսկ պետական՝ 22 800 հա: Տարեկան վարձավճարը կազմել է 248,6 մլն դրամ: Վարձակալությամբ տրամադրված հողատեսքերն են՝ պտղատու այգիներ, վարելահողեր, խոտհարք, արոտավայրեր և այլն: Հաշվետու տարում օտարվել են 170,67 հա (193 միավոր) համայնքային հողեր, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 177 մլն 850 հազար դրամ: Կրթության ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացվել է, որ մարզում կա 116 դպրոց 27 հազար 551 աշակերտով, որից լավ վիճակում է գտնվում 13-ը, միջին վիճակում՝ 65-ը, անբավարար վիճակում՝ 32-ը: Զեկուցվել է, որ հաշվետու տարում իրականացվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (267.2 մլն դրամ), 28 դպրոցների բյուջեների տնտեսված միջոցների հաշվին ձեռք է բերվել գույք և իրականացվել շինարարություն (79.6 մլն դրամ), անհետաձգելի ծրագրերով հանրակրթական դպրոցների գույք և սարքավորումներ են ձեռք բերվել (171.7 մլն դրամ): Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ 2022-2023 ուսումնական տարում 2503 ուսուցչից հերթական ատեստավորում  անցել է 1582-ը, կամավոր ատեստավորում անցել է 80-ը, տարակարգ ունի 37 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կտրուկ աճել է` գերազանցելով 400 հազար դրամը: Ներկայումս մարզում Քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվում է 4 դպրոց և 1 մանկապարտեզ: Եվս երկու դպրոց կառուցվում է ՏԿԵՆ-ի կողմից: Մինչ 2025 թվականը մարզում նախատեսվում է կառուցվել 26 դպրոց: Խորհրդակցության ժամանակ Կառավարության ղեկավարին նաև տեղեկություններ են տրամադրվել մարզում գործող նախակրթարանների և մանկապարտեզների մասին: Ըստ այդմ՝ մարզում գործում է 52 մանկարպարտեզ, որն ունի 3 հազար 732 սան  և 53 նախակրթարան` 1129 սանով: 2023 թվականի սեպտեմբերից կգործի 8 նախակրթարան, որը կունենա 200 սան: 2022 թ. մարզում կառուցվել է 5 մանկապարտեզ, հիմնանորոգվել 10-ը, վերանորոգվել 3-ը, նախատեսվում է մինչև 2026 թ. ևս 22-ում իրականացնել շինարարական աշխատանքներ: Խորհրդակցությանը վարչապետին ներկայացվել են առողջապահության ոլորտի առկա վիճակն ու կատարված աշխատանքները, ըստ որի` վերկառուցվել է Մարտունու ԲԿ, լավ վիճակում է գտնվում Մարտունու ծննդատունը, Ճամբարակի ԱԿ-ն, Գավառի ԲԿ-ն և Սևանի ԲԿ-ն, իսկ Վարդենիսի ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Պատասխանատուները ներկայացրել են առողջապահական հիմնարկների 2021-2022 թթ. բյուջեի համեմատականը, ըստ որի` պետական պատվերը 2021 թ. համեմատ 2022թ. աճել է 2,7 տոկոսով, իսկ վճարովի ծառայությունները՝ 19,1 տոկոսով: Առողջապահական հիմնարկների պլանավորված բյուջեն եղել է 3,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 4,5 մլրդ դրամ, այսինքն՝ գրանցվել է 13 տոկոս աճ: Զեկույցի համաձայն, հաշվետու տարում  առողջապահական հիմնարկներում սեփական և պետական միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ, ձեռք են բերվել գույք և սարքավորումներ: Առողջապահական համակարգի բարեփոխումների շրջանակում վերակազմակերպվել են մի շարք հիմնարկներ, 5 առողջապահական հիմնարկներում մատուցվել են 15 նոր բժշկական ծառայություններ, ձեռք են բերվել 18 բժշկական սարքավորումներ: Այնուհետև վարչապետին ներկայացվել են տեղեկան ինքնակառավարման ոլորտում կատարված փոփոխությունները: Այդ կապակցությամբ ներկայացվել է, որ նախկինում 92 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմել է 1141: Այժմ 5 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմում է 735:  Կառավարության ղեկավարին է ներկայացվել համայնքների 2021-2022թթ. բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը: Զեկուցվել է նաև մարզում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` ՔՍԳ-ներ գործում են 5 համայնքներում և սպասարկում քաղաքաշինության, հողաշինության ու հողօգտագործման, իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական, ֆինանսական, հարկային և տեղեկատվական ոլորտներում: Սպորտի բնագավառում 2022 թ. Գեղարքունիքի մարզում անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթը՝ սիրողական խճուղային հեծանվավազք՝ 14 մասնակից, սիրողական լող՝ 7 մասնակից, դպրոցական թիմային խճուղավազք՝ 119 մասնակից, խճուղավազք՝ 72 մասնակից, սիրողական սեղանի թենիս՝ 148 մասնակից: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» շախմատի և վոլեյբոլի առաջնությունը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել Կառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ: «Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
13:14 - 28 հուլիսի, 2023