«S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովոյում» դեպի Երևան տոմսեր է վաճառել, հետո չեղարկել չվերթը 
 |armtimes.com|
19:52 - 09 ապրիլի, 2020

«S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովոյում» դեպի Երևան տոմսեր է վաճառել, հետո չեղարկել չվերթը |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 7-ին «S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում բացել է Մոսկվա- Երևան տոմսերի վաճառք: Չվերթը հայտարարվել է ապրիլի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 12-40: Օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների մի մասը, մոտ հիսուն ուղևոր, ովքեր չէին հասցրել տեղավորվել Մոսկվայից դեպի Երևան ապրիլի 6-ին և 7-ին կայացած «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթում, տոմսեր են գնել «S7» ավիաընկերությունից: Թռիչքից ժամեր առաջ, երբ կայացել է հաշվառումը և ընդունվել ուղեբեռը, ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է ուղևորներին, որ նախատեսված չվերթը չեղարկվել է և նրանք կարող են վերադարձնել տոմսերը կամ դրանց փոխարեն ստանալ սերտիֆիկատներ: Տոմսերը արժեցել են մոտ 16 000 ռուբլի:

Հարցին, թե ինչու է ավիաընկերությունը չեղարկել թռիչքը, եթե բացել է տոմսերի վաճառք և սկսել հաշվառում, «S7»-ի օդանավակայանում հերթապահ ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ խնդիրը իրենց ընկերության իրավասության տիրույթում չէ: Իրենց ասել են, որ կարող են բացել տոմսերի վաճառք, նախատեսվում է թռիչք, իսկ հետո էլ հրամայել են չեղարկել այն և ետ վերադարձնել տոմսերը: Թե ո՞րն է նման որոշման պատճառը, պատկան մարմիններից որ մեկն է նման հրաման իջեցրել, ներկայացուցիչը ասել չի կարող: Ինչ վերաբերում է նրան, թե առաջիկայում «S7»-ը կիրականացն՞ի թռիչք դեպի Երևան, թե ոչ, ներկայացուցիչը ասում է, որ հնարավոր է ապրիլի 13-ին կամ 14-ին նման հնարավորություն լինի, սակայն, դա հաստատ չէ և կրկին կախված է նրանից, թե ավիաընկերությունը համապատասխան թույլտվություն կստանա, թե՝ ոչ:

Այս պահին «Դոմոդեդովոյում» հավաքված են շուրջ հիսուն ՀՀ քաղաքացիներ, այդ թվում կանայք, որոնք գիշերել են օդանավակայանում և հրաժարվում են տեղափոխվել հյուրանոցներ՝ պատճառաբանելով, թե վախենում են լքել տարածքը՝ հանկարծ ու տոմսերի վաճառք կսկսվի և իրենք կրկին չեն հասցնի գնել: Նրանք հիմնականում տարանցիկ չվերթների ուղևորներ են՝ ժամանած Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Վերջիններս բողոքում են, որ նախորդ օրերին իրենք գիշերել են հյուրանոցներում, սակայն, մինչ հաղթահարել են հյուրանոցից դեպի օդանավակայան ընկած մեծ տարածությունը և հասել օդանավակայան՝ «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթի տոմսերը սպառված են եղել ու այժմ չեն ցանկանում կրկին նույն բախտին արժանանալ:

Քաղաքացիները հայտնում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության և այլ մարմինների կողմից իրենց պարբերաբար առաջարկվում է գիշերակացի տեղ և սնունդ, սակայն, օրինակ, նրանց մի մասն այսօր հրաժարվել է թե գիշերակացի տեղից, և թե առաջարկված սննդից: Սնվել են իրենց հաշվին և ունեն միայն մեկ պահանջ՝ կազմակերպել իրենց վերադարձը դեպի Հայաստան:

Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել