«OPEC+»-ի երկրները կնքել են նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիր |hetq.am|
10:05 - 13 ապրիլի, 2020

«OPEC+»-ի երկրները կնքել են նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիր |hetq.am|

hetq.am: «OPEC+»-ի երկրները պայմանավորվել են մայիսի 1-ից օրական կրճատել նավթի արդյունահանման ծավալները մինչև 10 միլիոն բարելով։ Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Քուվեյթի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆադիլը։

د. خالد الفاضل @Dr_Alfadhel
 

بفضل من الله ثم بالتوجيهات الحكيمة والجهود المتواصلة والمحادثات المستمرة منذ فجر الجمعة،
نعلن الآن عن اتمام الاتفاق التاريخي على خفض الانتاج بما يقارب 10 ملايين برميل من النفط يومياً من اعضاء "اوبك +" ابتداء من الأول من مايو 2020

View image on Twitter

«Մենք հայտարարում ենք պատմական համաձայնագրի կնքման մասին, համաձայն որի 2020 թվականի մայիսի 1-ից «OPEC+»-ի երկրներն օրական նավթի արդյունահանման ծավալները կկրճատեն մոտավորապես 10 միլիոն բարելով»,- գրել է նա։

Այն մասին, որ մասնակիցները, սկսած մայիսի 1-ից, պայմանավորվել են երկու ամսով կրճատել նավթի արդյունահանման ծավալները, հայտնել էր նաև Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։ Ղազախստանի էներգետիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նավթի արդյունահանման կրճատումն օրական կկազմի 9,7 միլիոն բարել։ 

Ապրիլի 10-ի գիշերը «OPEC+»-ի մասնակիցները, այդ թվում նաև Ռուսաստանը, նախնական պայմանավորվել էին մայիսի 1-ից սկսած շուրջ 10 միլիոն բարելով օրական կրճատել նավթի արդյունահանման ծավալները։ Երկու ամիս անց կարտելի անդամները կսկսեն աստիճանաբար մեծացնել արդյունահանման և արտադրության ծավալները։ Մինչև 2021 թվականի հունվարը կրճատումն օրական կկազմի 8 միլիոն բարել, իսկ արդեն մինչև 2022 թվականի ապրիլ ամիսը՝ օրական 6 միլիոն բարել։

Միակ երկիրը, որն այդ ժամանակ հրաժարվել էր նոր համաձայնագրի կնքումից, Մեքսիկան էր։ Նախատեսվում էր, որ երկիրն օրական կկրճատի 400 000 բարելով, սակայն երկրի էներգետիկայի նախարար Ռոսիո Նալե Գարսիան, որը մասնակցում էր բանակցություններին, հրաժարվել է կնքել համաձայնագիրը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մեքսիկան համաձայնվել է նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը, սակայն օրական միայն 100 000 բարելով։ Ընդ որում, պակասող ծավալը համաձայնվել է կրճատել ԱՄՆ-ն, որն օրական արդյունահանման ծավալները կկրճատի 250 000 բարելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Մեքսիկան, երբ պատրաստ կլինի, հետագայում կփոխհատուցի ԱՄՆ կորուստները։ 

Ռոսիո Նալե Գարսիայի խոսքերով՝ Մեքսիկան չի կարողացել համաձայնել օրական 400 000 բարելով նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը, քանի որ մեծ ջանքեր է գործադրել նավթի արդյունահաբման ծավալների անկման ուղղությամբ։ Մեքսիկայի հրաժարման պատճառով, «OPEC+»-ի անդամների բանակցությունները մի քանի անգամ տեղափոխվել են և վերջապես կայացել կիրակի օրը՝ ապրիլի 12-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել