Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|
15:49 - 13 ապրիլի, 2020

Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի երկու օրենքի նախագծերն ընդունվեցին միաձայն։ Օրենքներից մեկը վերաբերում էր դեղերի մեծածախ վաճառք իրականացնող ընկերությունների լիցենզիաների երկարաձգմանը, մյուսը՝ բժշկական օգնության մեխանիզմներին։

Մինչ այդ՝ նախագծերի քննարկման ժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս ընթացքում բոլոր պլանային հետազոտությունները եւ ծառայությունները կասեցված են, սպասարկվում են միայն անհետաձգելի դեպքերը։ Նա ասաց նաեւ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ներգրավված են կորոնավիրուսով հիվանդների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, այս պահին սպասարկում են միայն տվյալ հիվանդներին, որպեսզի ներհիվանդանոցային վարակների հնարավորությունը հնարավորինս սահմանափակվի։ «Եթե թվերն ավելանան, անհրաժեշտություն առաջանա ավելի ու ավելի կազմակերպությունների ներգրավել կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, դա կարվի, գուցե ինչ-որ պահի էլ հիվանդանոցը սպասարկի ե՛ւ կորոնավիրուսով հիվանդների, ե՛ւ այլ հիվանդների»,- ասաց տեղակալը՝ հավելելով, որ այդ սցենարին իրենք պատրաստ են։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, մեջբերելով նախագծի այն կետը, որ վերապատրաստման արդյուքնում լրացուցիչ մասնագետներ են ներգրավվելու կորոնավիրուսով վարակված մարդկանց սպասարկմանը, հարցրեց, թե ինչ հիմունքով է այդ գործընթացը լինելու։

«Կառավարության սահմանած կարգով անցնելու են վերապատրաստում, նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր սահմանված կարգով, եւ նրանք անցնելու են աշխատանքի»,- պատասխանեց Ավանեսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսի իրավական պաշտպանության մեխանիզմներ կան հնարավոր բժշկական սխալի դեպքում այս նոր ընդգրկված մարդկանց համար՝ հաշվի առնելով, որ նրանք չունեն համապատասխան լիցենզիա։

Ավանեսյանը պատասխանեց, որ այն կազմակերպությունները, որոնք կտրամադրեն համապատասխան բժշկական օգնությունը, կամ այն անձինք, որոնք համապատասխան այս կարգի կընդգրկվեն՝ որպես բուժաշխատող, նրանց վրա կկիրառվի ողջ իրավական ռեժիմը, որը կիրառվում է սովորական պայմաններում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիլեյանը հետաքրքվեց, թե սա արվում է ապագայում զուտ կարգավորում ունենալու համար, որ վատագույն սցենարի դեպքում պատրաստ լինեն, թե իրավիճակն այնպիսին է, որ արդեն նման կադրերի կարիք կա, կամ մոտենում ենք դրան։

«Մենք փորձում ենք մեկ քայլ առաջ մտածել եւ պատրաստ լինել ավելի ու ավելի մեծ քանակությամբ պացիենտների սպասարկմանը, եւ, այո՛, մենք ուզում ենք ունենալ կարգավորումներ, պատրաստել տվյալ բժշկական կազմակերպություններին, ունենալ բոլոր իրավական հիմքերը դրա համար եւ պատրաստ լինել բոլոր իրավիիճակներում»,- պարզաբանեց տեղակալը։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել