Եթե անհրաժեշտություն լինի նման պատասխանատվություն կրելու, այն կրելու եմ նաև ես. Բակո Սահակյանը՝ ընտրություններից հետո կորոնավիրուսով վարակման հնարավոր դեպքերի մասին  |tert.am|
18:51 - 14 ապրիլի, 2020

Եթե անհրաժեշտություն լինի նման պատասխանատվություն կրելու, այն կրելու եմ նաև ես. Բակո Սահակյանը՝ ընտրություններից հետո կորոնավիրուսով վարակման հնարավոր դեպքերի մասին |tert.am|

tert.am: Մենք ստեղծել ենք հնարավորություններ, որ այս ընտրությունները քաղաքացիների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառ չլինեն: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հարցին՝ հնարավոր բացասական հետևանքների դեպքում պատասխանատվությունից խուսափելու խնդիր կա՞, որ նման պայմաններում են ընտրություններն անցկացվում, Սահակյանը պատասխանեց, թե իրենց գործողությունները փաստում են այն ճշմարտությունը, որ պատասխանատվությունից չեն խուսափել և չենք էլ կարող խուսափել:

«Բնականաբար, այդ պատասխանատվությունը կրում են Արցախի իշխանությունները, տվյալ դեպքում այդ պատասխանատվությունը կրում է նաև ԱՀ նախագահը: Եթե անհրաժեշտություն լինի այդպիսի պատասխանատվություն կրելու, բնականաբար այդ պատասխանատվությունը կրելու եմ նաև ես»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով՝ իրենց գործողություններն առաջին հերթին նպատակաուղղված են քաղաքացիների առողջությունն ապահովելուն, և զուգահեռ ամեն ինչ արվում է, որ տնտեսությունն անկում չապրի:

Հարցին՝ ամեն դեպքում, ընտրությունները չե՞ն նպաստի վարակի տարածմանը, Սահակյանը պատասխանեց, որ ընտրություններից բացի կան տարբեր երևույթներ, որոնք պետք է նվազագույնի հասցնել: «Ընտրությունների հետ կապված` մենք հաշվի ենք առել լրացուցիչ ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի ընտրությունների անցկացումը լրացուցիչ ռիսկեր մեզ համար չառաջացնի»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե արտակարգ իրավիճակի սահմանումից հետո սպասվում էր, որ մի շարք ուղղություններով պետք է սահմանափակումներ մտցվեն մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանում, բայց մյուս կողմից Արցախի իշխանություններն ու անձամբ Բակո Սահակայնն ասել է՝ ընտրություններն անցկացնել է պետք, ԱՀ նախագահն արձագանքեց.

«Երկու դեպքում էլ մենք գործում ենք Սահմանադրության պահանջներին համապատասխան, և այս ընթացքում բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել տաբեր մեկնաբանութուններ տալու, և երկու օր առաջ նույնպես անդրադարձ եմ կատարել այդ խնդրին և ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը: Մենք հակասություններ չենք տեսնում, ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան, և մեր գործողությունները նպատակ են հետապնդում ստեղծելու մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ և՛ այսօր, և՛ վաղը հաստատակամության շրջանակներում ապահովելու և՛ մեր երկրի զարգացումը, և՛ մեր երկրի անվտանգությունը, և՛ տնտեսության զարգացումը, և՛ մեր հասարակական հարաբերությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել