50 միլիոն դրամից թանկ ապօրինի գույքը կբռնագանձվի |lragir.am|
12:40 - 15 ապրիլի, 2020

50 միլիոն դրամից թանկ ապօրինի գույքը կբռնագանձվի |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով այն, ասաց, որ տարիներ շարունակ միջազգային գործընկերները կոչ են արել Հայաստանին ներդնել այնպիսի մեխանիզմ, որով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ընթացքում գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ ավելի հասանելի կդառնան, քան հիմա են:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նույնպես հասանելի կդառնա նման տեղեկությունը: Միջազգային կազմակերպությունները նաև կոչ են արել ներդնել այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ մեխանիզմներ են կոռուպցիայի դեմ պայքարի համար: «Ի՞նչ են արել Հայաստանի նախորդ կառավարությունները և խորհրդարանական մեծամասնությունները՝ բնականաբար, ոչինչ: Երեկ մեղադրում էիք խորհրդարանական մեծամասնությանը՝ նախորդ մեծամասնության կոնտեքստում նույն դիրքորոշումը շարունակելու համար: Ինչո՞վ է զբաղված խորհրդարանական ընդդիմությունը հիմա, ինչո՞ւ չի ուզում, որ ներդրվեն այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- հարցադրում արեց Բադասյանը:

Նա ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Ապօրինի ծագում ունեցող գույքի շեմի մասով է փոփոխություն կատարվել, այդ շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամ: «Սա բացառելու համար, որ ընդհանրապես որևէ մեկը էլ չխոսա այն մասին, որ արտագնա աշխատողները կարող են ընկնել այս օրենքի տակ»,- ասաց նա: Ապօրինի ծագման գույքը ձեռք բերող անձանց պաշտպանության մասով ևս փոփոխություններ են եղել:

Նախարարի խոսքով՝ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հարցի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա: Այսինքն՝ եթե պետությունը վկայակոչում է, որ տվյալ անձը բարեխիղճ ձեռքբերող չէ, դրա ապացուցման բեռը կրում է պետությունը: Անձինք, ում այդ գույքը փոխանցվել է որպես ստացված վնասի հատուցում կամ ալիմենտ, ազատվում են այդ գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ այդ գույքի ծագման մասին հանգամանքից:

Ուսումնասիրվող ժամկետի վերաբերյալ նույնպես փոփոխություններ են կատարվել, արձանագրվել է, որ ուսումնասիրվող ժամկետը պետք է ներառի առավելագույնը 10 տարին նախորդող հատվածը, իսկ բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել