armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Նարեկ Զեյնալյանը։
Կոնջորյանը նշել էր, որ կերակրողին կորցրած ուսանողները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում, գործող օրենսդրությամբ կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ և այդ իրավունքը կարող են պահպանել մինչև 23 տարեկանը: Այս դրույթը հաստատվել է՝ ելնելով նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից:
2004 թ. ՀՀ-ում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009 թ. անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում բուհը, այլ ավելի ուշ: Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ գոյացած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից, և տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26-ի:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 116 «կողմ» ձայնով:
comment.count (0)