Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 19․04․2020
20:50 - 19 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 19․04․2020

20։39-  Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվ հասել է 2,372,912-ի։ Մինչև ասյ պահն աշխարհում մահացել է 163,633 հոգի, ապաքինվել՝ 611,693-ը։ Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն։ Այտեղ կա 742,459 վարակված (նոր դեպքերը 3,667 են)։ Վարակից մահացածների թիվն ավելացել է 637-ով՝ հասնելով 39,651-ի։ Առողջացել է 68,658 մարդ։ |worldometers.info| 

 

19։43- Իրանում, համաձայն  վիճակագրական վերջին տվյալների, վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով՝ դառնալով 82.211։Մահացել է ևս 87 հոգի, մահացածների ընդհանուր թիվը 5.118 է։ Ծանր վիճակում է գտնվում 3.456 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.036-ով՝ դառնալով 57.023։ Մինչ այժմ թեստավորվել է 341․662 անձ։

 

19։38- Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն կարող է վերսկսվել մայիսի 31-ին: Լիգայի կազմակերպիչները մտադրություն ունեն առաջնության մյուս խաղերը վերսկսվելու դեպքում անցկացնել առանց երկրպագուների: |armenpress.am|

 

18։01- Հարավային Կորեայում ևս 16 մարդու մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական արդյունք է տվել ապաքինվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Այսպիսով, ընդհանուր առմամբ, 179 մարդու մոտ նոր թեստի արդյունքում երկրորդ անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել կարանտինից դուրս գալուց հետո: |CNN||tert.am|

 

17:00- Կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է 161 138 մարդ: Համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 2 347 887 մարդ, որոնցից ապաքինվել է 605 718-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 581 031 մարդ, որոնց 3 տոկոսը (55 145) ծանր վիճակում է գտնվում: |worldometers|

16:55- Իսրայելում չեղարկվել է ազատ տեղաշարժման արգելքը։ Կրկին կբացվեն խոշոր խանութները, հատուկ կարիքներով երեխաների համար դպրոցները, կթույլատրվեն հավատացյալների փոքր խմբերով հավաքներն աղոթքների համար։ |AFP| |news.am|

16:35- Չեխիայի ԱՆ-ն առավոտյան հայտնել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար 600 դեպք, մահացել է 181 հիվանդ:

Այնուհանդերձ, կառավարությունը մտադիր է ապրիլի 20-ից աստիճանաբար վերաբացել առևտուրը: Եթե կորոնավիրուսի բռնկումը մնա վերահսկելի, ապա վաղը կբացվեն փոքր խանութները, իսկ առևտրի մեծ սրահները՝ մայիսի 11-ից: Առևտրի, սպասարկման խոշոր կենտրոնները, ռեստորանները, գարեջրատները նախատեսվում է վերաբացել հունիսի 8-ից: |azatutyun.am|

16:05- Նախօրեի գիշերվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է ևս 6-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը  394 է, նրանցից չորսը մահացել են: Եվս 3 վարակակիր տեղափոխվել է Հայաստանից ու Թուրքիայից: Կարանտինում 5 094 մարդ է, ևս 547ը՝ ստացիոնար հսկողության տակ: |aliq.ge|

16:00- Երբ դուք տեսնեք ամբոխ, չպահպանվող հեռավորություն, խիտ հերթ սուպերմարկետի մոտ, կարող եք այդ մասին անմիջապես հայտնել լուսանկարների միջոցով, որոնք կնկարեք ձեր սմարթֆոններով։ Մենք կկարողանանք օգնության հասնել և լուծել խնդիրը: Ըստ Նյու Յորքում սոցիալական հեռավորության կանոնների՝ մարդկանց միջև տարածությունը պետք է կազմի առնվազն 6 ֆուտ (շուրջ 2 մետր)։ [Նյու Յորքի քաղաքապետ դե Բլազիո]

15:25- Պարտադիր չէ, որ դուք կարողանաք մշակել պատվաստանյութ յուրաքանչյուր վարակի դեմ, որը կլինի անվտանգ ու արդյունավետ։ Որոշ վիրուսներ չափազանց բարդ են, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութի ստղեծմանը։ Այնպես որ առաջիկայում մենք կշարունակենք ապրել այս վիրուսի հետ՝ որպես մշտական սպառնալիքի: [COVID-19-ի հարցերով ԱՀԿ զեկուցող, պրոֆեսոր Դեւիդ Նաբարո] |The Guardian| |news.am|

14:35- Մինչև մայիսի 4-ը փակ կմնան Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի միջև սահմանները: Հաղորդագրությունում Ռուսաստանի և Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանների մասին նշված չէ: Միայն կրկին հիշեցվում է, որ բեռնափոխադրումներից բացի, մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Ադրբեջան արգելված է: |azatutyun.am|

13:55- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 2020թ․ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ Ըստ նոր փոփոխությունների` տեղի է ունեցել բյուջետային ծախսերի վերանայում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կորոնավիրուսի դեմ իրականացվելիք միջոցառումները։

13:53- Դանիայի կառավարությունը երեկ հայտարարել է, որ 14․6 միլիոն դոլարի չափով օգնություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի պայմաններում դժվարին պայմաններում հայտնված տնտեսվարողներին։ Միջոցառումները ներառում են ուղղակի տնտեսական աջակցություն, պետության կողմից երաշխավորված վարկերի տրամադրում, նաև՝ հարկային վճարումների հետաձգում։ |Reuters|

13:50- Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է BBC-ին՝ ռուսաստանյան իրադարձությունների աչառու լուսաբանման համար՝ ներառյալ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ Զախարովան նշել է, որ BBC-ն փորձում է ձևավորել ռուսական իրականության բացասական ընկալում, այդ թվում՝ իշխանությունների՝ վարակի դեմ իրականացված քայլերի հարցում, մինչդեռ կառավարության ջանքերի շնորհիվ Ռուսաստանին հաջողվում է կանխելլ հիվանդների թվի սուր աճը։

13:20- Այժմ չկա որեւէ վկայություն, որ կմատնանշի, թե վիրուսն արհեստականորեսն սինթեզված է։ Որոշ մասնագետներ համարում են, որ եթե այդպիսի վիրուսն արհեստականորեն  սինթեզված է, ապա այդ գիտնականներն իրենց գիտելիքներով կգերազանցեին սովորական մարդկանց։ Իսկ նրանց կատարած աշխատանքի ծավալը կգերազանցեր ամբողջ մարդկության հնարավորությունները։ Այդ պատճառով երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն տիրապետում է բավարար գիտելիքների, որպեսզի սինթեզեր այդպիսի վիրուսը։ [Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմին] |news.am|

12:10- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 6060-ով և այժմ կազմում է 42 853 մարդ: Առողջացել է 3291 մարդ, մահացել՝ 361-ը։ Վերջին օրվա ընթացքում դուրս է գրվել 234, մահացել 48 մարդ։

12:35- Ես Իրանին առաջարկել եմ օգնություն, եթե նրանք ցանկանան: Եթե նրանց սարքավորումներ են պետք, ես կարող եմ դրանք ուղարկել: Մեզ մոտ հազարավոր ազատ սարքավորումներ են առաջանալու, և նրանք կարող են դրանցով զինել իրենց հիվանդանոցները և մեծացնել իրենց սարքավորումների քանակը։ [Դոնալդ Թրամփ] |tert.am|

11:40- Ճապոնիայի իշխանությունները գումար կտան երկրի բոլոր քաղաքացիներին։ Ի սկզբանե որոշվել է օժանդակություն տրամադրել միայն այն քաղաքացիներին, որոնք կհիմնավորեն, որ ունեն այդ օգնության կարիքը։ Սակայն կառավարության վերլուծությունները ցույց են տվել, որ դրա համար շատ ավելի մեծ գումար է ծախսվելու, և շատ ավելի բարդ է լինելու դա իրականացնելը։

Նրանց վերջնական որոշումը եղել է երկրի ամեն քաղաքացու տրամադրել 927 դոլարի համարժեք գումար։ Մինչդեռ նախկինում ենթադրվում էր, որ օգնության կարիք ունեցողները ստանալու են դրա եռակին։ |Bloomberg| |shantnews.am|

11:30- Բուքիգհեմյան պալատը հաստատել է, որ հունիսի կեսերին անցկացվող ավանդական շքերթը, որով նշվում է թագուհու ծննդյան ավանդական արարողությունը, տեղի չի ունենա: |CNN|

10:40-  Մենք հրամանագիր կստորագրենք, որը թույլ կտա մարդկանց հեռավար կարգով ամուսնության վկայական ստանալ, իսկ համապատասխան աշխատակիցները պսակադրության արարողությունը կվարեն տեսակապի օգնությամբ։ [Նյու Յորքի նահանգապետի քարտուղար Մելիսա Դե Ռոսա] |tert.am|

10:35- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից 4-րդ մահը:  Մահացածը 70 տարեկանից բարձր է եղել, կորոնավիրուսին զուգահեռ ունեցել է այլ հիվանդություններ ևս: |aliq.ge|

10:25- Արաբական Միացյալ Էմիրություններում կսկսեն 5500 դոլարի տուգանել կորոնավիրուսի մասին բժշկական տեղեկատվության տարածման համար, եթե այն չհամապատասխանի պաշտոնական հայտարարություններին։ |Reuters||news.am|

10:20- Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը մտադիր է խնդրել խորհրդարանին` ևս 2 շաբաթով երկարեցնել արտակարգ դրությունը ՝ մինչև մայիսի 9-ը, սակայն նշել է, որ սահամնափակումների ռեժիմը կլինի ավելի ճկուն։
«Մենք արդեն անցել ենք ամենծանր շրջանը։ Սակայն այս ձեռբերումները դեռ բավարար չեն: Չենք կարող դրանք վտանգել շուտափույթ որոշումներով», - ասել է նա։

Իսպանիայի ԱՆ-ն հաղորդում է, որ մահվան դեպքերը նվազում են, սակայն ընդհանուր առմամբ երկրում վարակից մահացել է 20 000 մարդուց ավելի։ Շաբաթ օրը մահացել է 565 մարդ, մինչդեռ ուրբաթ օրը գրանցվել էր 585 մահ, իսկ հիվանդների թիվը 191 726-ից հասել է 188 068-ի։ |Reuters|

10:17- Ուհան քաղաքը, որը կորոնավիրուսային վարակի տարածման օջախն էր, շաբաթ օրը հայտարարվել է ցածր ռիսկի շրջան։ Այսպիսով Հուբեյի տարածաշրջանում 76 քաղաք և շրջան ռիսկի ցածր մակարդակ ունեն,  ոչ մեկը՝ միջին կամ բարձր։ Ուհանի բոլոր 13 թաղամասերը նույնպես ճանաչվել են ռիսկի ցածր մակարդակ ունեցող։ [ՌԻԱ Նովոստի]

10:13- Ադրբեջանի իշխանությունները մինչեւ մայիսի 4-ը երկարաձգել են երկրում գործող հատուկ կարանտինային ռեժիմը: Դրա հետ մեկտեղ, մինչեւ մայիսի 4-ը երկարաձգվել է բոլոր կրթական հաստատություններում պարապմունքների չեղարկման ժամկետը եւ ներկայացվել է հաջորդ շաբաթ կարանտինային ռեժիմից աստիճանաբար դուրս գալու պլանը։ |news.am|

10:07- Ուրբաթ օրը Նիգերիայում կորոնավիրուսից մահացել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, երեկ այդ մասին հաղորդել են նախագահի աշխատակազմից։ |Reuters|

10:05- Ապրիլի 18-ին Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հաղորդել է կորոնավիրուսի վարակվածության 16 նոր դեպքի մասին: Սա ամենացածր ցուցանիշն է մարտի 27-ից սկսած։ Նոր դեպքերից 9-ը բերովի են, ինչն ամենացածր ցուցանիշն է մարտի 13-ից սկսած, ու 17-ով ավելի քիչ, քան նախորդ օրը։ Մնացած 7 դեպքը վարակի տեղական փոխանցման արդյունք են, 10-ով պակաս, քան նախորդ օրը։ |Reuters|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել