Արցախում պետական մեծ աջակցություն է սպասվում կաթիլային համակարգի տեղադրման գործում․ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են․ Արայիկ Հարությունյան
20:43 - 20 ապրիլի, 2020

Արցախում պետական մեծ աջակցություն է սպասվում կաթիլային համակարգի տեղադրման գործում․ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են․ Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ անդրադառձել է նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր կանդրադառնամ մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը և մասնավորապես կխոսեմ մի քանի կարևոր վիճակագրական թվերի, սպասվելիք անելիքների մասին:

Ինչպես գիտեք, մենք հայտարարել ենք 10 հազար հեկտար նոր այգիներ (նուռ, կիվի, ընկույզ, տանձ, արքայանարինջ և այլն) տնկելու և գյուղատնտեսության այդ ճյուղը, որը համարում եմ մեր տնտեսության ունեցած ներուժի ծանրակշիռ և դեռևս ամբողջությամբ չիրացված ոլորտը, որակական նոր մակարդակի հասցնելու մասին:

Որպես համեմատություն՝ նշեմ, որ Արցախում ներկայումս այգիների ամբողջ քանակն ավելի քիչ է՝ 6.800 հա (դրանից 1700 հա-ը՝ խաղող, 2150 հա-ը՝ նուռ), որի զգալի մասը տնկվել է 2008-2019թթ.-ին: Եթե, օրինակ, 2007թ.-ին հանրապետության ողջ տարածքում տնկվել է ընդամենը 50 հա այգի, միայն 2019թ.-ին այն կազմել է 1210 հա, որից 790 հա-ը՝ նուռ:

Տունկը հիմնականում իրականացվել է այն տարածքներում, որոնք պետական եւ բարեգործական աջակցությամբ դարձել են ոռոգովի: Տնկիների մեծ մասն անվճար հիմունքներով տրամադրել է պետությունը. պետական մեծ աջակցություն է սպասվում այդ տնտեսություններին նաև կաթիլային համակարգի տեղադրման գործում: Իսկ որպեսզի զերծ մնանք շահարկման հերթական առիթից, տեղեկացնեմ, որ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են:

Այս քաղաքականությունը, ինչպես արդեն նախանշել ենք, ոչ միայն շարունակական է լինելու, այլև տրամադրվող պետական հատկացումների հաշվին մեծացվելու են ծավալները, ոռոգովի տարածքները և, ամենակարևորը, հանրային հաշվետվողականությունն ու ծրագրից օգտվելու պայմանների թափանցիկությունը: Ովքեր դեռ չեն հավատում, պետք է հիասթափեցնեմ՝ հայտարարելով, որ անաչառ կառավարումն ու հավասար հնարավորությունները ստեղծվելու են բոլորի համար: Իսկ փոխարենը լինելու ենք խիստ, պահանջկոտ ու հետևողական:

Ես հավատում եմ Արցախի ծաղկուն ապագային. մենք այն տեսանելի կդարձնենք միասին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել