Մեր քաղաքացիները «Դոմոդեդովո»-ի տարածքում հայտնվելիս կենթարկվեն քրեական, վարչական պատասխանատվության. ՌԴ-ում ՀՀ դեսպան
 |armtimes.com|
19:06 - 21 ապրիլի, 2020

Մեր քաղաքացիները «Դոմոդեդովո»-ի տարածքում հայտնվելիս կենթարկվեն քրեական, վարչական պատասխանատվության. ՌԴ-ում ՀՀ դեսպան |armtimes.com|

armtimes.com: ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով, 7-ն են. նրանք անմիջական շփում են ունեցել վարակակիրների հետ:

Այս մասին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ըստ դեսպանի, հնարավոր է, որ դա տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Դեսպանը հայտնեց նաեւ, որ այս շաբաթ նախատեսվում է մի քանի թռիչք՝ Մոսկվայից դեպի Երեւան, սակայն՝ կոնկրետ ամսաթիվ չնշեց: Ըստ Տողանյանի, Ռուսաստանում, անցած տարվա տվյալներով, գտնվում է թվով 300 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 3000-ը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթագրվել է և ցանկանում է վերադառնալ Հայաստան: Հիշյալ քաղաքացիների թվում կան նաև զորակոչի ենթակա անձինք, որոնց տվյալները, նույնպես, հավաքագրվում է դեսպանության կողմից և փոխանցում է զինկոմիսարիատներին, որպեսզի զորակոչիկները առաջիկայում խնդիրների առջև չհայտնվեն։

Դեսպանի հետ հարցազրույցը ստորեւ.

- Պարոն դեսպան, երեկ երեկոյան օդանավակայանից տարհանվել են հնարավոր չվերթի սպասող ՀՀ քաղաքացիները: Դեսպանությունը տեղեկացված եղե՞լ է, որ ոստիկանությունը նման գործողություն է պլանավորում:

- Իհարկե, տեղեկացված է եղել: Դեռ ապրիլի 5-ից օդանավակայանի անվտանգության ծառայությունը մեզ զգուշացրել էր այդ մասին և եթե դուք հետեւում եք մեր պաշտոնական էջին, պետք է նկատած լինեք, որ մենք այդ մասին պարբերաբար հայտարարություններ ենք տարածել: Բացի այդ, ես անձամբ բազմիցս տեղեկացրել եմ տարածքում հավաքված մեր քաղաքացիներին այդ մասին, հորդորել եմ նրանց լքել տարածքը: Քաղաքացիները պետք է հասկանան, որ Դոմոդեդովոյի տարածքում հայտնվելիս՝ ենթարկվելու են քրեական և վարչական պատասխանատվության: Ռուսաստանում այսօր գործում են շատ խիստ կարանտինային մեթոդներ: Այս պահին Մոսկվայում, եթե երեք մարդ իրար մոտ շարքով քայլում են, նրանց մոտենում են իրավապահները և ստուգում են փասթաթղթեր: Չի կարող օդանավակայանում անընդմեջ այդքան բազմություն հավաքվել և համապատասխան ուշադրության չարժանանալ: Արդեն քսան օր այս պրոցեսը տեղի է ունենում՝ ամեն չվերթից հետո նոր խմբեր են հայտնվում: Երեկ երեկոյան օդանավակայանում, սովորականի պես, սկսվել են ախտահանման աշխատանքներ և ըստ այդմ, բոլոր հավաքվածներին դուրս են հրավիրել: Մենք կապի մեջ ենք օդանավակայանի ղեկավարության հետ և փոխհամաձայնությամբ որևէ ուժային օպերացիա տեղի չի ունեցել:

-Պարոն դեսպան, Ռուսաստանից վերադառնալ ցանկացող ուղևորների հոսքը չի դադարում: Ըստ դեսպանության էջում հրապարակված ցուցակների՝ հազարից ավելի գրանցված կա, որից 197-ը օդանավակայանի սպասողներն են, 755-ը հերթագրվել են՝ լրացնելով օնլայն հարցաթերթիկ: Ընդանուր առմամաբ, մինչ այս պահը, քանի՞ հայտադիմում եք ստացել և ի՞նչպես եք պատրաստվում այդքան մեծ թվով ուղևորների ուղարկել Հայաստան:

-Ընդանուր առմամբ, այս օրերին, դեսպանությունը և մեր հյուպատոսությունները, որոնք գործում են Դոնի Ռոստովում և Սանկտ-Պետերբուրգում և ֆիլիալները՝ Սոչիյում ու Նովոսիբիրսկում, ստացել են 3000-ից ավելի հայտադիմում: Մենք աստիճանաբար հրապարակելու ենք այդ բոլոր ցուցակները: Ինչպե՞ս ենք պատրաստվում բոլորին ուղարկել՝ աստիճանաբար, խումբ առ խումբ: Բանը նրանում է, որ մեր քաղաքացիների խնդիրը ավելի ընդգրկուն է և բազմաշերտ, քան թվում է: Մեր ուսումնասիրություններով՝ դիմողների զգալի մասը, անկախ այս իրավիճակից, դեռ վաղուց ունի խնդիրներ տան վարձ վճարելու, աշխատանքի, փաստաթղթերի հետ կապված և հիմա, ըստ որոշ մարդկանց, բարենպաստ իրավիճակ է առիթից օգտվելու և ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու համար: Այդ խմբերի մեջ կան մարդիկ, որոնք հրաժարվում են հյուրատնից՝ պահանջելով իրենց տան վարձը մեզանից: Ավելին, օդանավակայանում կան բրիգադիրներ, որոնք իրենց խեղճ ու կրակ բանվորներին բերել են ու ստիպում են գիշերել այնտեղ, որպեսզի հնարավոր թռիչքի դեպքում՝ վերջիններս վերադառնան Հայաստան՝ առանց իրենց գլխացավանք պատճառելու: Հարցնում եք ինչո՞ւ տաջիկներն ու ուզբեկները օդանավակայանում հավաքված չեն, պատասխանում եմ՝ քանի որ նրանք հանգիստ նստած սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, իսկ մերոնք որոշել են համառության անել և նման իրավիճակ է ստեղծվել:  

Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա

Շարունակությունը կարդացեք Armtimes.com- ում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել