Փորձաքննությունը մութ հարցերի պատասխաններ է տվել. Օֆշորի գործով տուժողի փաստաբանը մանրամասնում է |armtimes.com|
15:42 - 22 ապրիլի, 2020

Փորձաքննությունը մութ հարցերի պատասխաններ է տվել. Օֆշորի գործով տուժողի փաստաբանը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Օֆշորի հայտնի գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը վերջին անգամ հարցաքննվել է 6 ամիս առաջ, եւ ըստ նրա փաստաբան Աշոտ Գեւորգյանի՝ նոր հարցաքննության անհրաժեշտություն էլ չկա:

Գեւորգյանն ասաց, որ Հայրապետյանը բազմաթիվ անգամներ ասել է իր ասելիքը, բողոքել տարիներ շարունակ՝ տալով բոլորի անունները:

Այս գործով վերջերս նոր զարգացումներ տեղի ունեցան. Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար:

Ըստ ԱԱԾ-ի՝ Կճոյանը 2010 թ. իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը տուժող Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.), ձեռք  բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ  տնօրինել է 9 միլիոն դոլար եւ 361.500.000  դրամ գումարի չափով վարկային միջոցների, որոնք օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը: Դրա 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Գործի նոր ընթացք ստանալու համար հիմք է հանդիսացել ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթում ստորագրել է եւ Կճոյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով տարիներ առաջ մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել է: Դրա դեմ այժմ Դատախազությունը  վճռաբեկ բողոք է ներկայացրել

Նոր ընթացք ստացած գործի շուրջ  Փայլակ Հայրապետյանի փաստաբան Աշոտ Գեւորգյանի հետ հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարոն Գեւորգյան, որքանով թույլատրելի է, կարո՞ղ եք ասել, թե Փայլակ Հայրապետյանը ինչ ցուցմունք է տվել, ում անուններն է նշել:

- Բոլոր անձանց անունները նշել է, բազմաթիվ հոդվածներ կան՝ դեռեւս նախորդ ժամանակներից, նկարներ, հրապարակումներ, որտեղ ինքը նշել է բոլորի անունները. եւ Կճոյանի, եւ նախկին վարչապետի (խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է,-խմբ.): Եվ առաջին ատյանի դատարանում եւ մինչ դա՝ նախաքննության ժամանակ, ամբողջը ասել է, միայն իր ցուցմունքներով չեն, փոխկապակցված այլ ապացույցներ կան, փորձաքննության եզրակացություն կա, որոնք, իմ տեսանկյունից, հավաստի են:

- Մեր զրույցում Աշոտ Սուքիասյանի պաշտպանն ասում էր, թե դա ութ տարվա վաղեմության փորձաքննություն է: Ձեզ հայտնի՞ է՝ երբ է նշանակվել կրկնակի փորձաքննությունը, ինչ հանգամանքներում:

-Խոսքը վերաբերում է ձեռագրաբանական փորձաքննությանը, որով որոշակի հանգամանքներ հաստատվել են, այն մութ հարցերի պատասխաններ է տվել ՝ կապված նաեւ այս վերջին մեղադրանքի հետ (նկատի ունի Նավասարդ Կճոյանի մեղադրանքը,-խմբ.): Դա ութ տարի առաջվա փորձաքննություն չէ, թարմ է, մի քանի ամսվա: Նման փորձաքննության եզրակացություն նախորդ իշխանության ժամանակ չէր կարող լինել: Նախկինում եղել է փորձաքննություն, բայց  որոշակի խուսափողական պատասխաններ են տվել:

Ժողովրդական մի խոսք կա, ասում է՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Նոր փորձաքննությունը վերաբերում է դրան. արդարությունը ծանր հիվանդ էր, կորոնավիրուսի նման (ծիծաղում է-խմբ.), բայց չմահացավ: Իհարկե, գործի ընթացքը վերջնական ասել չեմ կարող, որովհետեւ տարիների հեռավորությունից, բնականաբար, դժվար է բացահայտելը, բայց վերսկսված մասով իմ՝ այս պահի տպավորությամբ օբյեկտիվ քննություն է գնում, քանի որ արդեն այդ կալիբրի անձանց են մեղադրանքներ առաջադրում, եւ դա հույս է ներշնչում, որ արդարությունը կհաղթանակի:

- Իսկ ինչպե՞ս է գործը նոր ընթացք ստացել, Դո՞ւք եք միջնորդել կրկնակի փորձաքննության համար:

- Գործի այդ մասը կասեցված էր, կասեցումից հանեցին, քանի որ եղան եւ օպերատիվ տվյալներ, եւ բազմաթիվ դիմումներ տուժողի՝ Փայլակ Հայրապետյանի կողմից:

- ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերվել Հայրապետյանին եւ նրա մերձավորներին պատկանող ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը:

- Տարբեր գույքեր են՝ շենք-շինություններ, հյուրանոցային համալիր, առեւտրային կենտրոն: Ընդ որում, ես կասեի՝  դրանց շուկայական արժեքը 100 միլիոնից ավելի է, այսինքն՝ տուժողին պատճառված իրական վնասը տասնյակ անգամ ավելի մեծ է:  Այդ գույքերը գրավադրել են, գնահատել են շուրջ երեսուն միլիոն դոլար, որից հետո ընդամենը 12 միլիոնի վարկ է տրամադրվել: Ինչպես միշտ, բանկը գերիշխող դիրքում է եղել. կարծում եմ՝ այս ընթացքում ավելի շատ է  օգտվել, քան թե Կճոյանն ու մյուսները միասին: Էլի հարց է,  թե այդ բանկերը ումով են հաստատվել, դա արդեն քննությունը կպարզի կամ էլ հնարավոր չի լինի պարզել:

- «Ամերիա Բա՞նկ»-ն է:

-Այո:

- Ի՞նչ կարգավիճակում են այդ գույքերը հիմա:

- Դրանք հիմա բանկի տրամադրության ներքո են, հյուրանոցային համալիր կա, որ ուզում են վաճառել արդեն: Ժամանակը անցել է, սնանկության կառավարիչ է նշանակվել, աճուրդի մի քանի էտապ են անցել, այսինքն՝ կանգ չեն առնում այդ առումով, չնայած դա խնդիրներ է առաջացնելու, պետք է մտածել դրանց վաճառքը կասեցնելու մասին:

- Պարոն Գեւորգյան, Աշոտ Սուքիասյանի պաշտպանը նշում էր նաեւ, որ այդ գույքերը ի սկզբանե խնդրահարույց են եղել, եւ Փայլակ Հայրապետյանն ունեցել է անձնական պարտքեր, որոնք խոչընդոտել են նրանց համատեղ բիզնեսին:

- Նրանք համատեղ բիզնես չեն ունեցել, ինքը թեքում է այդ ուղղությամբ, որ Սուքիասյանի մեղադրանքը դարձնի քաղաքացիաիրավական: Իսկ կարո՞ղ եք նշել մի բիզնեսմենի, որը վարկ չի վերցնում: Բիզնեսը հենց դրանով է բիզնես, որ աշխատում է, վարկ է վերցնում, ներդրում է կատարում, փակում է վարկը… Փայլակ Հայրապետյանը այդ պրոցեսների մեջ է եղել: Այդ ընթացքում ադամանդի ներկրումներին հավատալով՝ նաեւ ադամանդագործության ուսումնարան է կառուցել, 5 միլիոն դոլարի ներդրում է արել, Կառավարության շենքում խորհրդատվություն է հրավիրվել՝ ադամանդագործության զարգացման հետ կապված, անվճար ուսում, աշխատատեղեր պիտի լինեին: Ինքը դա էր նախատեսել, շատ ծավալուն ծրագրեր է ունեցել:

-Այդ ուսումնարանը  գործե՞լ է:

-Այո, այո, այդ ադամանդները իբր պիտի էժան գներով Աֆրիկայի Սիերա-Լեոնե քաղաքից բերեին, խարդախությունը այդտեղ է, էլի: Եթե ճիշտ լիներ, որ այդ հանքերը պատկանում են  Սուքիասյանին, շատ լավ կլիներ: Այս 5-6 տարի է՝ դեռ նոր բաներ են հայտնագործվում. շատ մեծածավալ, 20-ից ավելի հատորներով գործ է:

- Իսկ տեղեկություն ունե՞ք՝ նախաքննական մարմինը հարցումներ արել է` պարզելու՝ այդ ընկերությունը իսկապես օֆշորային էր, թե ոչ:

- Բազմաթիվ հարցումներ են արվել, բայց  պատկերացնո՞ւմ եք, թե ինչ երկրների հետ գործ ունենք, մենք նրանց հետ չունենք կնքած պայմանագրեր, պարտավորություններ, այդ պատճառով էլ պատասխանները, որպես կանոն, չեն ստացվել: Ինչ-որ պատասխաններ եկել են, բայց դրանք վկայում են, որ Աշոտը այնտեղ ոչինչ չունի: Հիմա իրենք բերել են անհայտ ծագման մի կեղծ փաստաթուղթ, ինչպես որ Աշոտի ողջ կենսագրությունն է կեղծ, ըստ որի՝ հարցում են արել, պատասխան են ստացել, նույն բանն է, ինչին Փայլակը հավատացել է: Բայց Աշոտն ինքն է խոստովանում, որ իբր Կճոյանի եւ մյուսի ստորագրությունները կեղծել է:

- Նաեւ ասում է, որ միայն ինքն է եկամուտ ստացել:

- Դե բայց հարցեր կան. եթե 33 տոկոս մեկի անունով մեծ գումար է դրված, գումար դնելիս  գուցե հնարավոր է առանց նրա իմացության դա անել, բայց գումարը առանց նրա իմացության հնարավո՞ր է նրա հաշվից տանել.  հասարակ լոգիկա է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել