«Ոստիկանապետը սպառնում, պահանջում էր էլեկտրաշոկը բերել». Սիսիանի միջադեպերով փաստաբանները մանրամասներ են հայտնում
 |armtimes.com|
19:09 - 22 ապրիլի, 2020

«Ոստիկանապետը սպառնում, պահանջում էր էլեկտրաշոկը բերել». Սիսիանի միջադեպերով փաստաբանները մանրամասներ են հայտնում |armtimes.com|

armtimes.com: Սիսիանի ոստիկանների եւ ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի դեմ բողոքների հիման վրա Հատուկ քննաչական ծառայությունում այս պահին քննվում է չորս քրեական գործ:

«Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին Սիսիանում վերջերս տեղի ունեցած դեպքերով փաստաբանական խմբի անդամները:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Նույն խնդրի մասին ահազանգել էր նաեւ Սիսիանի բնակիչ 64-ամյա Գառնիկ պապը, որը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, որտեղ, ըստ նրա ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, այդ թվում՝ ոստիկանապետը: Վերջինիս շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, հայտարարել էր, որ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե ոստիկանապետը սադիստ, մոլագար անձնավորություն է. «Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն այդ պաշտոնին նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ եւ, ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար»,- ասել էր նա:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 64-ամյա Գառնիկ Սիմոնյանի շահերի ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանը մանրամասնեց, թե ինչ դեպքի շրջանակներում է իր վստահորդը բերման ենթարկվել. «Ապրիլի 5-ին Գառնիկ պապը իր ընկեր Աշոտի տանը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել, խմել են, գինովցել, այնուհետեւ Գառնիկ պապը գնացել է իր տուն՝ քնելու: Որոշ ժամանակ անց զանգել է Աշոտը, տեղեկացրել, որ իր պայուսակը կորել է եւ կանչել իր բնակարան, Գառնիկ պապը գնացել է, դուռը փակ է եղել, վերադարձել է տուն, իսկ երբ երկրորդ անգամ է գնացել դպրոցի կողքի նեղ ճանապարհով, նրան հենց այդտեղից բերման են ենթարկել գողության կասկածանքով»: Ըստ Զեյնալյանի՝ իրենց վարկածն այն է, որ նրա ընկեր Աշոտն է զանգել, Ոստիկանությանը տեղյակ պահել, թե Գառնիկը գալիս է իր տուն: Փաստաբանի խոսքով՝ բաժնում արդեն առանց կարգավիճակ տալու ոստիկանները կատարել են անձնական խուզարկություն, առգրավում, այնուհետեւ ճնշում են գործադրել, որ Գառնիկ պապը իր վրա վերցնի այդ գողությունը, բայց տեսնելով, որ սեփական նախաձեռնությամբ դա չեն կարողանում անել՝ տարել են ոստիկանապետի աշխատասենյակ.

«Այդտեղ արդեն տեղի են ունենում խոշտանգումները. Գառնիկ պապն ասում է՝ փայտյա քանոնով սկսում են ծեծել, դա կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի, հետո ոստիկանապետը սպառնում, պահանջում է բերել էլեկտրաշոկը, բայց պարզում է, որ դա Ոստիկանությունում չէ, սկսում է զենքի սպառնալիք կատարել՝ ասելով «ավտոմատս կբերեմ, կգյուլլեմ, կներկայացնեմ, որ հանցագործը փախչում էր, գյուլլեցի, ես դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվի»:

Ըստ փաստաբանի՝ դրանից հետո արդեն Գառնիկ պապի ինքնազգողությունը վատացել է, նրան բաց են թողնել, եւ նա հայտվել է բժշկական կենտրոնում, որտեղ իրենք գտնվում էին մեկ այլ ահազանգի հետքերով: Նշենք, որ կատարվածի վերաբերյալ Գառնիկ պապը հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածի 1-ին կետերով (խոշտանգումը): Գառնիկ պապը ճանաչվել է տուժող:

Երկրորդ գործը, որ ՀՔԾ-ում հարուցվել է քաղաքացիների բողոքի հիման վրա, վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Դա հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը), եւ Մարտին Հարությունյանը, նրա հայրը եւ հորեղբոր որդին ճանաչվել են տուժող:

Փաստաբանական խմբի անդամ Յուրա Ավայանը ներկայացրեց եւս մեկ միջադեպ, որ տեղի է ունեցել Սիսիանի մեկ այլ քաղաքացու՝ Գուրգեն Վարդանովի հետ. «Գուրգեն Վարդանովը մարտի 23-ին բերման է ենթարկվել Ոստիկանություն դարձյալ գողության կասկածանքով, այնուհետեւ ուղեկցվել է նույն ոստիկանապետի՝ Գարիկ Մարուդյանի աշխատասենյակ, որտեղ նրան հարցրել են, թե ով է կատարել տան գողությունը, վերջինս հերքել է, եւ մի քանի հարցադրումներից հետո Մուրադյանը սկսել է բռնություն գործադրել տարբեր մեթոդներով, հայհոյել, իսկ վերջում նույն գործելաոճով ձայնագրել է, ստիպել է ասել, որ իր նկատմամբ Ոստիկանության բաժանմունքում որեւէ բռնություն չի եղել, եւ վախի մթնոլորտում տեղի տալով՝ Վարդանովը տվել է խոստովանական ցուցմունք»: 

Ավելին կարդացեք Armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել