armtimes.com: Ի՞նչ եք զեկուցել քաղաքապետին, որ նա որոշեց պայմանագիր չկնքել Նիկոլ Աղբալյանի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթած թեկնածուի հետ. այսօր ասուլիսում հարց ուղղեցին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին:
«Դպրոցներում տնօրենների մրցույթները բաց եւ թափանցիկ են: Այս դպրոցում եւս մրցույթն ընթացել է մի քանի լրատվականների ուղիղ եթերում, եւ իմ ու քաղաքապետի զրույցն ընտրության պրոցեսի խնդիրների մասին չի եղել: Խոսքը մրցույթի հայտարարման կարգի մեջ որոշակի խնդիրների մասին է, որ ենթադրում է՝ մրցույթի կարգը հայտարարվել է ոչ պատշաճ, մրցույթի հայտարարությունում եղել են թերություններ: Քննարկելով իրավաբանների հետ՝ եկել ենք եզրակացության, որ տվյալ կարգով հայտարարությունն այլոց իրավունքները սահմափակել է»,- ասաց Վիրաբյանը:
Նա հաղորդեց, որ պիտի լինի նոր մրցույթ, եւ այն պիտի անցկացվի այնպես, որ բոլորը կարողանան մասնակցություն ունենալ: «Եթե տնօրենի թեկնածուն կամ կոլեկտիվը կարծում են, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, կարող են դատական կարգով վիճարկել քաղաքապետի որոշումը. դա իրենց իրավունքն է, բայց մենք որդեգրել ենք սկզբունք. հավասարությունն ամենակարեւորն է մեզ համար, եւ այն, որ հայտարարված ցանկացած մրցույթ պիտի լինի հավասար հասանելի բոլորին, քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:
Վիրաբյանը եթերում հնչած հարցից տեղեկացավ, որ դպրոցի տնօրենն իրեն դատի է տվել եւ անմիջապես հակադարձեց. «Տնօրենը չի կարող ինձ դատի տալ, նա կարող է վիճարկել քաղաքապետի որոշումը, եւ եթե դպրոցի տնօրենն ընտրել է այդ ճանապարհը, դա իր իրավունքն է, բնականաբար, տնօրենի ներկայացուցիչները եւ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչները կհանդիպեն դատարանում»:
comment.count (0)