«Մեր հաշվարկներով՝ մինչև 400 հեկտար է»․ Լևոն Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմում տարածքային կորստի մասին |civilnet.am|
18:02 - 27 ապրիլի, 2020

«Մեր հաշվարկներով՝ մինչև 400 հեկտար է»․ Լևոն Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմում տարածքային կորստի մասին |civilnet.am|

civilnet.am: Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները․ այս մասին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հայտարարեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, որը 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր:

«Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Եղել ենք անկեղծ ու անմիջական: Ներկայացրել ենք այն իրականությունը, որ եղել է ապրիլայն գորոծողությունների ժամանակ», - ասաց նա՝ հերքելով այն ենթադարությունները, որ այդ ժամանակվա բացթողումները կարող էին ազդել պատերազմի ընթացքի վրա: «Միանշանակ պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Այն թերությունները, որ եղել են… ցանկացած տեղ էլ անելիքներ կան: Որքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են», - ասաց Մնացականյանը:

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ տվյալների պակաս, թե ոչ։

«Այդ հարցին դեռ չպատասխանենք, քանի որ հանձնաժողովը կորոշի… կարիք կլինի ներկայացնելու՝ կներկայացնեն, եթե ոչ, ապա հանձնաժողովն իր աշխատանքի վերջում կներկայացնի», - ասաց նա՝ նկատելով, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող է եղել:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ տեղ գտած թերացումներին ու բացթողումներին «անդրադարձ եղել է ժամանակին, սակայն դա չի հանրայնացվել»: 

«Կա Պաշտպանության բանակի ու Գլխավոր շտաբի կազմած վերլուծականը, որը պարզապես չի հանրայնացվել: Այդ վերլուծականի հիման վրա ոլորշումներ կան, որոնք ընթացքի մեջ են հիմա», - հայտարարեց Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ռազմական գործողությունների հետևանքով 400 հեկտար տարածք է կորցել:

«Մեր հաշվարկներով՝ 400 հեկտար է», - կարճ ասաց Մնացականյանը՝ չպատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչու Ապրիլյան պատերազմից օրեր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց 800 հեկտար տարածք կորցնելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել