Իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի նիստին

 |armenpress.am|
18:20 - 27 ապրիլի, 2020

Իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի նիստին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ՀՀ ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանել է հնչած բոլորին հարցերին։ Նա վստահեցնում է ՝ ՊԲ-ն պատերազմի օրերին կատարել է իր առջև դրված խնդիրը, թեև չի հերքում, որ թերություններ միշտ էլ կան, իր մասով ևս բացթողում կա: Մնացականյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: Ցանկացած հարց ստացել է պատասխան: Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք իրականությունը, որ եղել է Ապրիլյան գործողությունների ժամանակ»,-ասաց Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք այդ օրերին եղել են բացթողումներ, որ կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, նա պատասխանեց՝ իհարկե ոչ: «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հաղթանակել է»,-ասաց նա:

Անդրադառնալով թերություններին՝ Մնացականյանը նշեց, որ, իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անեն, այնքան անելիքներ կան: ՊԲ-ն այդ ուղղությամբ աշխատում է: Հարցին, թե արդյոք ինքը բացթողում ունեցել է, նա պատասխանեց. «Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առել այն»:

 Նա վստահեցրեց՝ ՊԲ-ն այդ  օրերին խնդիրը կատարել է: Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի զոհերի թվին՝ նա  ասաց. «Ապրիլի 2-5 –ը եղել է 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող»: 

Խոսելով կորցրած տարածքների մասին՝ նա նշեց. «Մեր հաշվարկով մինչև 400 հա է»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ աշխատել են 4 ժամ, նույնիսկ ընդմիջում չեն արել: Հանձնաժողովի այսօրվա աշխատանքը նա գնահատեց արդյունավետ։ «Մնացածը կյանքը ցույց կտա, թե այդ արդյունավետությունը որքանով արտացոլված կլինի մեր եզրակացությունների մեջ: Մենք այսօր մեր աշխատանքի վերջնափուլում ունեցել ենք շատ կարևոր հանդիպում: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ: Հանձնաժողովի համար շատ կարևոր է այսօրվա անկեղծ շփումը: Նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք գտել, խոսել դրանց շուրջ»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել