Գյումրու քաղաքապետարանը ՀՈԱԿ-ների աշխատակիցներին արձակուրդ է ուղարկել
 |armtimes.com|
23:11 - 27 ապրիլի, 2020

Գյումրու քաղաքապետարանը ՀՈԱԿ-ների աշխատակիցներին արձակուրդ է ուղարկել |armtimes.com|

armtimes.com: Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցները վերջին օրերին անընդհատ բողոքում և տեղեկացնում են, որ իրենց քաղաքապետարանի կողմից սկզբում առաջարկվել է մեկ ամսով  չվճարվող արձակուրդ վերցնել, այնուհետ որոշումը փոխվել է և բոլորին պարտադրվել է վերցնել ամենամյա հասանելիք արձակուրդը:

Այս ամենի մասին, սակայն, կառույցի ենթակայությամբ աշխատող գյումրեցիները նախընտրեցին խոսել առանց ձայնագրության, առանց իրենց անուն-ազգանունների, և հաստատությունների հստակեցումների: Մտահոգիչ են համարում այն, որ եթե հիմա վերցնում են իրենց հասանելիք արձակուրդը, ապա այն ժամանակահատվածում, երբ իրենց իսկապես այդ ազատ օրերը պետք լինեն, այլևս չեն կարողանալու դրանք օգտագործել: Ստիպված են լինելու բացակայել կամ վերցնել չվճարվող արձակուրդ:

ՀԺ-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասաց՝ որևէ աշխատակցի պարտադրանք չի եղել: Չկա նման բան: «Աշխատակիցները գնում են արձակուրդ իրենց դիմումի համաձայն, ինչպես սահմանված է աշխատանքային օրենսգրքով: Որևէ պարտադրանք չկա: ՀՈԱԿ-ներին առաջարկվել է, ում հասնում է արձակուրդ և ովքեր մինչ այս պահը չեն գնացել արջակուրդ, օգտվեն այդ արձակուրդից՝ ըստ իրենց ցանկության»,-ասաց Առաքելյանը:

Թե այս պահին քանի՞ աշխատակից է վերցրել իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը, նա ասել չկարողացավ: Նշեց սակայն, որ առաջարկը վերաբերվել է ինչպես ՀՈԱԿ-ների, այնպես էլ համայնքապետարանի աշխատկիցներին: Նրանք, ովքեր չեն ցանկացել, արձակուրդի դիմումներ չեն գրել: 

Հետագա ամիսների վճարման համար ի՞նչ որոշում է կայացվել: Աշխատակիցները վճարվելու են աշխատավարձի չափով, թե՞ որպես հարկադիր պարապուրդ: Հարցին պատասխանելով՝ Առաքելյանն ասաց՝ դեռ չգիտեն: Դիմել են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սպասում են  պատասխանին՝ հետագա քայլերի հստակեցման համար: Այս պահի դրությամբ բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցներն ամբողջությամբ ստացել են նաև ապրիլի աշխատավարձը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել