Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում, քվեարկության օրը՝ 2 հաղորդում
|1lurer.am|
1lurer.am: Նախընտրական փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի և քարոզչություն պարտադրելու վերաբերյալ խախտումներ: Այդ մասին ՏԻՄ ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջիկ դիտորդական առաքելության տվյալները ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Երեք հաղորդումներից մեկը վերաբերում է Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով ձայնագրությանը, որը ենթադրում է քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու պարտադրանք, մյուսը վերաբերում է Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության և նախընտրական արգելքի խախտմանը՝ շիբինապատման դեպքին: Երրորդ հաղորդումը վերաբերում է Սարիկ Մինասյանին, որը վերաբերում է և՛ բարեգործության արգելքի խախտման, և՛ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին:
«Քվեարկության օրը ներկայացրել ենք հաղորդում 2 հոդվածով. դա դիտորդի գործունեության խոչընդոտումն է՝ 210-րդ հոդվածի 1-ին մաս, և դա քվեարկության գաղտնիության խախտումն է՝ 215-րդ հոդվածի 2-րդ մաս»,- ասաց նա:
Դեպքերից մեկի համաձայն՝ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդել է ընտրողներին, որ քվեարկեն, և պահանջել է արձանագրություն կազմել, բայց դա ավարտվել է դիտորդի՝ ընտրատեղամասից հեռացումով:
«Մենք քվեարկության գաղտնիության և դիտորդի գործունեության հետ կապված հաղորդում ենք տվել»,- տեղեկացրեց Իոաննիսյանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք հաղորդումներ են ներկայացվել նաև ԿԸՀ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը, ըստ Դանիել Իոաննիսյանի, բացառիկ է ընտրությունների կոնտեքստում: Խոսքը վերաբերում է քարոզարշավին մասնակցելու իրավունք չունցող անձի կողմից քարոզչություն իրականացնելուն:
«Մասնավորապես՝ ՌԴ Պետդումայի պատգամավորի մասին է խոսքը, որը քարոզում էր «Մայր Հայաստան» դաշինքի օգտին»,- ասաց նա:
16:47 - 31 մարտի, 2025