Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 29․04․20 (թարմացվող)
00:56 - 30 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 29․04․20 (թարմացվող)

22։48- Հաջորդիվ կայանալիք չվերթներին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։ Խնդրում ենք բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին եւ հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

21:45- ԱՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են ԱՀ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ` «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:
 Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են:
 Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ ԱՀ պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով։ [Արցախ / Տեղեկատվական շտաբ]

21:10- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Նրանք քննարկել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը:

19:50- Կառավարության հաստատմանն է ներկայացվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը: Այն ընդգրկված է կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է իրականացնել ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է  մոտ 200,000.0 հազար դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

17:50- Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է։ Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։ Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները։ [Արսեն Թորոսյան]

16։32- Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են Եվրոպայի երկրներից հայրենիք վերադառնալ: Երկրի ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաընկերության չվերթով Եվրոպայի երկրներից Մինսկով Երևան ժամանել: Երևանից էլ, ԱԳՆ-ի տրամադրած ավտոբուսներով, Վրաստան կփոխադրվեն: |factor.am|

12։27- Ապրիլի 29-ի 11-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսի վարակման հաստատված 8 դեպք կա, 5 բուժված, 12 մեկուսացված: [Արցախի տեղեկատվական շտաբ]

12։12- Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։Ապրիլի 21-28-ը փրկարարներն 3055 անգամ ախտահանում են իրականացրել. 487-ը՝ Երևանում, 2568-ը՝ մարզերում։Բժշկական հաստատություններում, շուկաներում ու սուպերմարկետներում, բանկային ու վարկային կազմակերպություններում օրվա ընթացքում մի քանի անգամ է վարակազերծում արվում։ [ԱԻՆ]

12։08-Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին տեղի կունենա նոյեմբերի 1-8-ը: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը։ [«Ոսկե ծիրանի» հաղորդագրություն]

11։12-Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

10:57- 29.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1932 (+65)
Առողջացածներ - 900 (+34)
Փաստացի բուժվողներ - 1000 
Ընդհանուր թեստեր - 20189
Մահվան ելքեր - 30 [ԱՆ]

9:33- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտական կապի մեջ է բոլոր թեմակալ առաջնորդների հետ, և այսօրվա դրությամբ Հայաստանում և Սփյուռքում եկեղեցականության շրջանում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել: [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյան]: |armenpress.am|

9:27- ԿԳՄՍ նախարարության կողմից 50 համակարգչային տեխնիկա է տրամադրվել Արարատի մարզպետարանին։ 12 նոթբուք էլ հատկացրել է Հայկական կարմիր խաչի ընկերությունը։Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի սահմանամերձ և այլ համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին: ԿԳՄՍՆ-ն Արարատի մարզին ընդհանուր առմամբ նվիրել է 137 համակարգիչ։ [Արարատի մարզպետարան]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել