Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 03․05․20 (թարմացվող)
18:26 - 03 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 03․05․20 (թարմացվող)

17:53- Ամբողջ աշխարհում նշվում է կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկի կամ հիվանդության տարածման շարունակության վտանգների մասին, այս պարագայում չափազանց կարեւոր է անձնական պատասխանատվության ինստիտուտն ու ապակենտրոն պայքարը: Մենք առաջին հերթին վտանգում ենք մեր մտերիմների, ծնողների, խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հարզատների առողջությունն ու կյանքը, որոնց հետ մենք ապրում ենք նույն տներում կամ այցելում ենք հաճախ: Եթե մենք չպահպանենք կանոնները, տուժելու են նրանք: [Արսեն Թորոսյան]

17:45- Հիմա նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը, և մեր տեղորոշման գործիքները, նաև այլ միավորներ ենք օգտագործելու, որոնք աշխատելու են՝ ֆիզիկապես այցելելով ինքնամեկուսացվածներին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն մարդկանց, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ։ Այս մեկ շաբաթվա ընթացքում ԱՆ-ի, ԱԻՆ-ի, ոստիկանության ու քաղաքային պոլիկլինիկաների հետ աշխատելով՝ ևս մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա հետագայում ավելի խստորեն հետևել ինքնամեկուսացման ռեժիմի պահպանմանը։ [Տիգրան Ավինյան]

17:36- Մահացությունների ցածր տոկոսը, որը դեռ կարող ենք համարել, որ ունենք, բժիշկների աշխատանքի արդյունքն է։ [Արսեն Թորոսյան]

17:34- Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ դիմակների արտադրությունը պետք է հենց այս օրվանից սկսված լիներ։ [Տիգրան Ավինյան]

17:32- Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է  սկսվում, որը, հույս ունենք, օրը մինչև 200.000 արտադրանք կթողարկի, և դիմակների առումով խնդիրներ չենք ունենա։ [Նիկոլ Փաշինյան]

17:30- Մենք մինչ այս փուլը 24 ժամով փակում էինք այն խանութները, որտեղ անհրաժեշտ կանոնները չէին պահպանվում, այնուամենայնիվ, կարող ենք նաև այլ միջոցներ կիրառել։ Մեր հիմնական գործիքը տեսչական մարմիններն են, սակայն քաղաքացիական վերահսկողությունն ամենաարդյունավետն է։  [Տիգրան Ավինյան]

17:25- Ցավալի է, բայց վերջին օրերին մեզ մոտ ծանր դեպքերի քանակն է աճել։ Այսօրվա դրությամբ ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35` ծայրահող ծանր, որոնցից 9 անձ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Սա, ինքնին, դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահության համակարգի համար։ Կարող ենք վարել 3000-4000 միաժամանակ վարակակվածների դեպքեր և պատշաճ բուժում իրականացնել։ [Արսեն Թորոսյան]

17:20- Վերջին օրերի մեր թվերը պայմանավորված են տարբեր գործոններով, սկսած՝ մարդկանց շարժունակությամբ, բայց նաև որոշակի օջախանման գործոններով, երբ տեսնում ենք, որ կանոններն այնքան լավ չեն պահպանվել, որ հնարավոր լիներ կանխարգելել թե՛ արտադրական կոլեկտիվներում փոխանցումները, թե՛ պարզապես հավաքատեղիներում։ Օրինակ, շարունակում ենք դեպքեր արձանագրել մի հուղարկավորության արարողությունից, որը ցավալի է։ Մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց ողջերին պաշտպանելու նպատակը պետք է ավելի կարևոր լինի։ [Արսեն Թորոսյան]

17:15- Մենք համոզված ենք, որ նվազագույնը ակտիվ դեպքերի որոշակի քանակ՝ մի քանի հազար, կարող ենք սպասարկել։ Սա շատ կարևոր արձանագրում է։ [Տիգրան Ավինյան]

17:10- Մեր ցանկում, փաստացի, մնացել են բացառություններ տնտեսական գործունեության այն տեսակների, որոնց գործունեությունը սահմանափակված է։ Դրանք մոտ 10-12 են։ Շարունակում է սահմանափակված մնալ կրթության ոլորտը, միայն հեռավար կերպով է իրականացվում, շարունակում է սահմանափակված մնալ տրանսպորտի ոլորտն, ինչն ամենացավալի հատվածն է, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից ու ադապտացիոն շրջանից հետո, հուսով եմ, հնարավորություն կունենանք նաև տրանսպորտը բացելու։ Փակ են մնում մոլերը։ [Տիգրան Ավինյան]

11:50- Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ [Արսեն Թորոսյան]

11:33- Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։ Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։ [Տիգրան Ավինյան]

11:31- Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝
✅Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
✅Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
✅Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,
✅Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,
✅Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,
✅Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,
✅Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:
✅Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները: [Տիգրան Ավինյան]

11:30- Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես, տեղաշարժի իրավունքի մասով՝
✅Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,
✅Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,
✅Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս մոտեցումը պահպանվում է,
✅Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը: [Տիգրան Ավինյան]

11:05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են  79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։ [Ալինա Նիկողոսյան]

11:00- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2386 (+113)
Առողջացածներ - 1035 (+25)
Փաստացի բուժվողներ -1312 
Ընդհանուր թեստեր - 24177
Մահվան ելքեր - 35 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –4 (+1) [ՀՀ ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել