Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց
19:21 - 04 մայիսի, 2020

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կիրակի` մայիսի 3-ին, այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ:

Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019թ. դեկտեմբերից:

ԿԳՄՍ նախարարը շրջել է շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի նախկին շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստուգել է համավարակով պայմանավորված անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը նորոգման աշխատանքների կատարման ընթացքում: «Հիշեցնենք, որ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 12-ի N 37 որոշման համաձայն` ՀՀ տարածքում ամբողջությամբ թույլատրվել է բացօթյա շինարարության գործունեությունը, որից հետո և մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ապրիլի 13-ից մեկնարկել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքները:

Նախարար Արայիկ Հարությունյանը հատուկ շեշտել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է անել «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու և ժամանակին ավարտելու համար:

ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հորդորել է հետևել Պարետի բոլոր ցուցումներին, լինել կարգապահ, պահպանել անվտանգության պարտադիր պայմանները` ապահովել համավարակի ժամանակ աշխատանքի կազմակերպման կանոնները. «Պետք է փաստեմ, որ պահանջները պահպանվում են` աշխատողներին ունեն դիմակներ, կատարվում է ջերմաչափում և այլն»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ` տեղի էր ունեցել հանդիպում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հեռավար ձևաչափով հանդիպմանը մասնակցել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ծրագրում ընդգրկված բոլոր 8 դպրոցների ընտրությունն իրականացվել է` հիմք ընդունելով սեյսմիկ անվտանգության չափանիշները: Հիմնանորոգվող դպրոցների ցանկը` ստորև.

  • Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում (ավագ դպրոց),
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոց,
  • Երջանի թիվ 42 ավագ դպրոց,
  • Երևանի թիվ 142 ավագ դպրոց,
  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարան,
  • Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,
  • Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել