Սամսոնյանը հորդորում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում կալանավորներին հանձնուք տալը

 |armenpress.am|
19:21 - 05 մայիսի, 2020

Սամսոնյանը հորդորում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում կալանավորներին հանձնուք տալը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը հորդորում է քրեակատարողական հիմնարկներում արտակարգ դրությամբ պայմանավորված հանձնուքներ ընդունելու արգելքը հանել: Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

 «Մարտի 16-ից արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում արգելեցին ծանրոցները, հանձնուքները՝ արտակարգ դրության հետ կապված: 12 քրեակատարողական հիմնարկներից միայն 2-ում են սնունդն ապահովում մասնավոր կազմակերպությունները, մնացածում սննդի հետ կապված խնդիր կա, որը մինչև օրս լուծվել է հանձնուքների միջոցով: Այն պահից սկսած, երբ արգելվել են հանձնուքները, կալանավորները խնդրի առաջ են կանգնել: Արտակարգ դրության հետ կապված՝ տեսակցությունների, հանձնուքների արգելանքը կարող է լինել ողջամիտ: Սակայն, եթե օրինակ արգելում են կալանավորի հարազատի բերած տուփով քաղցրավենիքը, սակայն այդ նույն տուփով քաղցրավենիքը կարող են գնել  ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող խանութից, սա արդեն ողջամիտ չէ»,-ասաց Սամսոնյանը:

Նա ընթերցեց իր ստացած նամակը, որում, մասնավորապես, ասվում էր, որ կալանավորը ամսից ավելի չորահաց (սուխարիկ)  է ուտում, բայց մյուսներին հաշվեհամարից առևտուր անելը և այն ստանալը թույլատրվում է: Պատգամավորը հորդորեց հանել հանձնուքներ ընդունելու արգելանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել