Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 (թարմացվող)
00:37 - 07 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20 (թարմացվող)

23։30- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ, այսօր թեստ է հանձնել, վաղը կլինի պատասխանը։ Իրեն լավ է զգում, բայց թեստավորման պահին 37.7 ջերմություն է ունեցել։ Առայժմ տանն է մեկուսացված։ |news.am|


19:21-  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ:


18:20- Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին: Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: [Արսեն Թորոսյան]

 

17։51- Վրաստանում գտնվող և ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

17:47- Սննդի առևտրի կետերում հիմնականում խախտվել են աշխատողների անվտանգության կանոնները, մասնավորապես օրական երկու անգամ ջերմաչափումը, նրանց անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը, ախտահանման սահմանված կարգի պահպանումը։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |hetq.am|

 

17:40- Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և ԱՀԿ-ի խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի գրառումը «Թվիթեր»-ում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո] |armenpress.am|

 

17:25-  Կացարաններում գտնվող քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում ջերմաչափվում են: Օրեր առաջ քաղաքացիներից մեկի մոտ ջերմության որոշակի տատանում է նկատվել, որի պատճառը թեթև մրսածությունն է եղել։ [ԱԳՆ-ի պատասխանը այն լուրերին, թե  Մոսկվայի հանրակացարաններում դեպի Հայաստան թռիչքի սպասող մի խումբ ՀՀ քաղաքացիներ ջերմում են և բժշկական ապահովագրություն չունենալու պատճառով չեն տեղափոխվում բուժհաստատություններ] |armtimes.com|

 

16:23- Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է եռօրյա առցանց առաքելություն Հայաստան, որին մասնակից են դարձել ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և Գերմանիայի «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը: «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի հետ կապը հաստատվել է ՀՀ Նախագահի   նախաձեռնությամբ: Կայացել է առաջին քննարկումը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է ԱՆ-ի  աշխատանքը COVID-19-ի դեմ պայքարում: [ԱՆ]

 

16:17- ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պետք է իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝
[email protected]՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար: [Իտալիայում ՀՀ դեսպանություն]

 

15:56- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարց ուղղվեց, թե հանրաքվեի վերաբերյալ ի՞նչ որոշում ունեն: Մակունցն ասաց, որ այդ հարցով քննարկումներ տեղի ունենում են, բայց քանի դեռ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, եւ քանի դեռ բազմամարդ հավաքներ անցկացնելը վտանգավոր է՝ բնականաբար հանրաքվե տեղի չի ունենա: |armtimes.com|

 

15:38- Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: Ընդգծվեց Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը: [ԱԳն]

 

15:19-  Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի խնդրին։ |pastinfo.am| 

15։17- Այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար: [ԿԳՄՍՆ]

14։47- Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Դդմաշեն համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

14։42- Ես առավոտյան հայտնեցի, որ կասկած  կա, որ կորոնավիրոսով վարկի դեպք կա Ազգային ժողովում, ցավոք սրտի այդ կասկածը հաստատված է և մենք Ա աշխատակազմում վարակակիր ունենք։ [Արարատ Միրզոյան]

14։27- Եթե պատկերացնենք, որ ինչ-որ տնտեսվարողի հարկը ներում ենք, տնտեսվարողը եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի վերցված հիփոթեք, եւ որի տոկոսները փակվում են եկամտահարկով, այդ տոկոսները չվճարելու պատճառով բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ, եւ տնտեսական շղթան խաթարվում է։ [ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայան] |armtimes.com|

14։14- ՊԵԿ-ը ԿԲ-ի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը։ Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին։ Փաշայանն ասաց նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։ |armtimes.com|

13։48- Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի որ բնականոն հունին վերադառնալու անորոշությունը վտանգ է նաև մասնագիտական առումով: [ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկման ժամանակ] 

13։47- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 պացիենտ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21պացիենտ, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան]

13։44- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում։ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում ԱՀԿ-ի գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը։

13։40- Առջևում մայիսի 9-նն է: Կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումները: Տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

13։39- Արհեստական շնչառական սարքերին միացված է 8 քաղաքացի, ծանր  վիճակում գտնվում է՝ 80, ծայրահեղ ծանր վիճակում՝  30 հոգի։    Թվերի ամենօրյա աճին զուգընթաց ավելանում է նաև թոքաբորբ ունեցող և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների թիվը ։ [Արսեն Թորոսյան]

13։08- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփվելու պատճառով։ Տեղեկությունը հաստատեց Նազելի Բաղդասարյանը։ Նա ասաց, որ որևէ ախտանիշ չունի, որը կվկայի կորոնավիրուսի առկայության մասին։ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ իրեն դեռ չեն թեստավորել, բայց հավանաբար կանեն։ |factor.am|

12։23- Պատիվ ունեմ արձանագրել, որ Կառավարությունը կարողացել է, այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը որ ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է։ [Նիկոլ Փաշինյան] |tert.am| 

11:41- Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ [ՀՀ Ոստիկանություն]

 

11:39- Կա կասած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: |armenpress.am|

 

10:54- Թարմացվել է 06.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2782 (+163)
Առողջացածներ - 1135 (+24)
Փաստացի բուժվողներ -1600
Ընդհանուր թեստեր - 26928
Մահվան ելքեր - 40
Մահվան ելքեր այլ պատճառով –7 (+1) [ԱՆ]

 

10:38- Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը:  Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի: Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]

 

10:26- Մահվան դեպքերից միայն մեկ քաղաքացի՝ 69 տարեկան, չի ունեցել հայտնի  խրոնիկ հիվանդություն, մյուսները ունեցել են  մեկ, հաճախ երկու-երեք խրոնիկ հիվանդություններ; Հաճախ հանդիպող, հիմնական խրոնիկ հիվանդություններից են՝ զարկերակայն գերճնշումը , շաքարային դիաբետը և սրտի իշեմիկ հիվանդությունները։ [Արսեն Թորոսյան]

 

10։10- Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը:  [Արդարադատության նախարարության պատասխանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին] 

 

10։03- Ինչ-որ մի օր գալու է, որ այլևս չկարողանանք գնալ ամեն վարակի աղբյուրի հետևից։ Հիմա մեր ռեսուրսները դեռ բավականացնում են՝ շատ մեծ լարումով, որովհետև, եթե ենթադրենք երեկվա դեպքը՝ 112 հաստատտաված դեպքեր, եթե նրանց բոլորը լինեն իրարից անկախ անձինք (հիմնականում դա այդպես չէ) մենք պետք է պարզենք յուրաքանչյուրի շփման շրջանակը։Թվերի աճին զուգընթաց, գալու է մի օր, որ մենք ֆիզիկապես  չկարողանանք պարզել նախորդ օրը վարակված անձանց շփման շրջանակները, որովհետև հաջորդ օրը լինելու են նոր 100, կամ օրինակ ավել դեպքեր։ [Արսեն Թորոսյան]

 

09։38- «Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը: Ծրագրին աջակցել է առողջապահության նախարարությունը՝ տրամադրելով 100, «Ստեփանակերտի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ 40 ալկոգելային սպրեյն: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 06․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել