Քննարկվել են սահմանափակումների պայմաններում թատերահամերգային կազմակերպությունների գործունեության տարբերակները
13:37 - 06 մայիսի, 2020

Քննարկվել են սահմանափակումների պայմաններում թատերահամերգային կազմակերպությունների գործունեության տարբերակները

Մայիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և սահմանափակումների պայմաններում կազմակերպությունների գործունեության վերականգնման հավանական տարբերակները:

«Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի որ բնականոն հունին վերադառնալու անորոշությունը վտանգ է նաև մասնագիտական առումով: Սովորաբար խոսում ենք ֆիզիկական վտանգների մասին, սակայն կան նաև պրոֆեսիոնալ ռիսկեր, և եթե իրավիճակը շարունակի մնալ նույնը, թեկուզ առաջիկա երկու ամիսներին, ապա մենք հետագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու այս խմբերը նորմալ որակի և մակարդակի բերելու տեսանկյունից: Դրա համար մենք քննարկում ենք, թե որոնք են անվտանգության տեսակետից հաղորդակցման լավագույն տարբերակները մշակույթի ասպարեզում»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում առաջարկություններ են հնչել՝ փորձերը կազմակերպել տվյալ կառույցներին պատկանող բացօթյա, սակայն փակ մուտքերով տարածքներում՝ կանխելու վարակի տարածման հնարավորությունը, պահպանել անվտանգության բոլոր նորմերը, ապահովել աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով՝ համապատասխան ֆինանսական փոփոխություններ կատարելու միջոցով /քանի որ տրանսպորտը դեռևս չի աշխատում/: Քննարկվել է նաև փոքր խմբերով փորձեր անելու տարբերակը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ այս բոլոր առաջարկությունները կներկայացվեն և կքննարկվեն նաև պարետատան հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել