Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ:
Ինչպես հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնական օրվա առթիվ:
Այսօր մեզ համար առանձնահատուկ առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար:
Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ:
Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության առաջնագծում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության:
Հայ ռազմիկների մեծագործությունը շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության համար: 1992 թվականի մայիսի 9-ն իր պատմական արձանագրումն արեց. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ: Սա հաղթած հերոսների տոնն է:
Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք»:
comment.count (0)