Մենք պատրաստ (չ)ենք մահանալ [Challenge 6.1 | Սմբատ Հակոբյան]
20:59 - 09 մայիսի, 2020

Մենք պատրաստ (չ)ենք մահանալ [Challenge 6.1 | Սմբատ Հակոբյան]

Հակոբյան Սմբատ

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Մահը մարդկային կյանքի և գոյության ամենասարսափեցնող, ամենաահարկու և ամենաառեղծվածային երևույթներից մեկն է: Մարդիկ դարեր շարունակ փորձել են բացատրել, մեկնաբանել և իմաստավորել մահը փիլիսոփայական, կրոնական և գիտական քննարկումների ու բանավեճերի միջոցով։

2020 թվականը բերեց կորոնա համավարակը, որն ազդեց համայն մարդկության կենսագործունեության վրա՝ նոր մարտահրավերներ նետելով առողջապահությանը, տնտեսությանը, հասարակական կյանքին և մարդկանց հոգեբանական վիճակին։ Թեև ուսումնասիրողները շարունակում են վիճել համավարակի պատճառով մահացությունների թվի հաշվառման այս կամ այն մեթոդի ճիշտ կամ սխալ լինելու մասին, սակայն մի բան ակնհայտ է․ մարդկությունը, ի դեմս covid19-ի, բախվեց մահվան նոր վտանգի։ Սա կրկին դրդում է մտածել մահվան մասին, վախենալ և զգուշանալ դրանից, փորձել հաղթահարել այն, բայց ո՞րն է մահվան մեր մշակութային ընկալումը, ինչպե՞ս ենք մենք՝ որպես քաղաքակրթություն, դիմավորում այն, և ի՞նչ է փոխում այս ամենում կորոնավարակի հայտնվելը։

Այս հարցերի պատասխանը կամ գուցե պատասխանների տարբերակներն առաջարկելու համար փորձենք ներկայացնել, թե ինչպես է մահը և մահվան մշակույթը ձևափոխվել վերջին դարերի ու տասնամյակների ընթացքում։

Ավանդաբար մահը պատկանել է կրոնի դաշտին, այսինքն՝ կրոնն է եղել այն ոլորտը, որն իմաստավորել է մահը, փորձել է հանգուցյալներին այն աշխարհ ճանապարհել ծեսերի միջոցով, տվել է մարդկանց խորհուրդներ, թե ինչպես վերաբերվել մահվանը և այլն։ Կրոնը ուսումնասիրող գիտնականների մի մեծ խումբ հենց մահվամբ է բացատրում կրոնի առաջացումը․ մարդկությունը ստեղծել է կրոնը որպեսզի բացատրի և իմաստավորի մահը։

Սակայն գալիս է արդիականության (մոդեռն) շրջանը, և կրոնը կորցնում է իր քաղաքակրթական երբեմնի գերիշխող դիրքը․ ձևավորվում են ազգային պետություններ, կապիտալիստական տնտեսություն, աշխարհիկ հասարակարգ, որոնք փոխում են նաև մահվան հանդեպ վերաբերմունքն ու ընկալումները։ Ավանդական հասարակությունները փորձել են մահը հաղթահարել խորհրդանշական միջոցներով՝ ծեսերով, որոնք հաճախ համայնքային և հանրային էին․ մահացած մարդու դիակ կամ մահվանն առնչվող առարկաներ, իրեր կարելի էր տեսնել հանրային դաշտում։ Ինչ-որ առումով մահն ու կյանքը իրար էին միահյուսված (պատահական չէ, որ թե՛ անտիկ ժամանակաշրջանում և թե՛ միջնադարում գերեզմանների մի մասը գտնվում էր քաղաքների մեջ, այս կերպ սահման չէր անցկացվում ապրողների և հանգուցյալների միջև)։  Արդիականությունը իր հետ բերում է մի երևույթ, որը հետագայում անվանում են մահվան մերժում կամ ժխտում։

XX դարասկզբին արևմտյան մի շարք երկրներում մահը աստիճանաբար սկսում է հեռանալ մարդկանց ապրելու տարածքներից՝ տներից՝ տեղափոխվելով հիվանդանոցներ, իսկ թաղման ծեսերը անց են կացվում հատուկ դրա համար ստեղծված վայրերում՝ սգո սրահներում (funeral houses): Մահվան հետ առնչվող բազմաթիվ երևույթներ հեռացվում են մարդկանց տեսադաշտից և առօրյայից։ Նույնիսկ «մահանալ» բառը արտասանելն է արգելքի տակ ընկնում և փոխարինվում է տարատեսակ փոխաբերություններով։

Հետարդիության (պոստմոդեռն) շրջանում՝ 1960-ականներից սկսած, առաջանում է մահվան հանդեպ հետաքրքրության աճ և մահվան ընկալումների փոփոխություն, որն անվանում են «մահվան գիտակցման» շարժում։ Սրան նպաստեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ատոմային ռումբի ստեղծումը, ինչը մեծացրեց զանգվածային մահվան վտանգը և վախը, այս շրջանում սկսեցին առաջանալ ծերերի համար նախատեսված խնամքի կենտրոնները, որտեղ կարիք կար հոգ տանելու մահվանը մոտ գտնվող մարդկանց մասին, զարգացան բժշկությունը և բժշկագիտությունը, ինչը իր հետ բերեց մահացողների և մահվան հանդեպ վերաբերմունքի քննարկումներ, այս ամենին գումարվեց նաև այն, որ աշխարհիկ հասարակություններում կար կարիք նորից իմաստավորելու մահը։ Եթե ժամանակին մահը պատկանում էր կրոնի դաշտին, ապա այժմ այն գերազանցապես կազմում է երկու ոլորտների մաս՝ բժշկության և մեդիայի։ Ժամանակակից աշխարհում մահերը հիմնականում տեղի են ունենում բուժհաստատություններում, մահվան լուրը մենք առաջին լսում ենք բժիշկներից, և նրանք են այն մարդիկ, որոնք շփվում, առնչվում և խնամում են մահացող մարդկանց։ Մյուս կողմից էլ մեդիան ողողված է մահվան տեսարաններով և պատկերներով։ Ֆիլմերը, համակարգչային խաղերը և վավերագրական կադրերը, որտեղ կան մահվան բազմաթիվ տեսարաններ, հանգեցրին նրան, որ ժամանակակից աշխարհում ապրող մարդն ամենից շատն է տեսնում մահը էկրաններից՝ լինեն դրանք հորինված թե իրական։ 1990-ականների կեսերին արված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ մինչև 16 տարեկան միջին վիճակագրական ԱՄՆ բնակիչը միջինացված հաշվով օրական  հեռուստացույցով տեսնում է 3 սպանություն։

Այս ամենը կարծես պիտի մեծացներ կամ գոնե պակասեցներ մահը ժխտելու կամ մերժելու մարդկանց սովորույթը․ մահը ժամանակակից հասարակության համար ավելի ընդունելի պիտի դառնար՝ և շատերը հենց այդպես էլ կարծում են․ մենք մերժում ենք մահը միայն հոգեբանական և ոչ մշակութային կամ սոցիալական մակարդակում։ 2020-ին տարածված կորոնա համավարակը նոր փորձության ենթարկեց այս տեսակետը՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք ընդունելու մահը և համակերպվելու դրա հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից և հավանաբար Կարիբյան ճգնաժամից հետո մարդկությունը երբեք չի հանդիպել կյանքին սպառնացող զանգվածային վտանգի, չի ունեցել զգացում և գիտակցում, որ իր գոյությունը վտանգված է։ Իհարկե պատերազմներ, ահաբեկչական գործողություններ, բնական և մարդածին աղետներ տեղի էին ունենում XX դարի երկրորդ կեսին, սակայն այդ ամենը միշտ ունեցել է տեղային բնույթ, և եթե Մերձավոր Արևելքում պատերազմների պատճառով մահանում էին մարդիկ, ու տեղի բնակիչներն ունեին կյանքի վտանգի զգացում, ապա մոլորակի շատ հատվածներում այդ ամենը չկար։ Ի դեմս կորոնավարակի՝ մարդկությունը Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ կանգնեց միասնական և ընդհանուր մահվան վտանգի առջև։ Այստեղ էական չէ, թե որքան վտանգավոր կամ սպառնալից է վարակը ի համեմատության այլ վարակների կամ կյանքին սպառնացող այլ վտանգների։ Ես խոսում եմ վտանգի զգացողության և գիտակցման մասին․ կորոնավարակի, որպես կյանքի սպառնալիքի, գնահատման աստիճանն ու մասշտաբները էապես տարբերվում են այն ամենից, ինչ եղել է մինչ այդ։ Մենք ամեն օր տեղեկանում ենք տասնյակ, հարյուրավոր և հազարավոր մահացողների մասին։ Պատահական չէ, որ որոշ մարդիկ զարմացած ասում են, թե այլ պատճառներով ավելի շատ մահեր են լինում, իսկ դրանց մասին չի խոսվում, և նույնիսկ այս ամենում տեսնում են դավադրություն։ Սակայն խնդիրն այն չէ, որ այլ մահերը փորձում էին թաքցնել կամ կորոնավարակը ամենասպառնալից բանն է կյանքին, խնդիրն այն է, որ կորոնավարակի մահվան դիսկուրսը ներխուժում է մեր առօրյա, ստիպում է տեղեկություն փնտրել և քննարկել նաև այլ պատճառներով մահերը, որոնց մասին մենք գուցե տարիներով չլսեինք կամ էլ չհետաքրքրվեինք։ Մահը մեզ մեկ կամ մի քանի քայլով ավելի է մոտեցել։

Վերադառնանք մահը ընդունելու, գիտակցելու կամ էլ մերժելու թեմային։ Արդյոք մենք՝ որպես քաղաքակրթություն, պատրա՞ստ ենք ընդունելու մահը, և արդյոք 60-ականներից հետո տեղի ունեցած զարգացումները իսկապես փոխե՞լ են մարդկանց վերաբերմունքը մահվան հանդեպ։ Մի կողմից մահվան հանդեպ հետաքրքրության աճը, դրա պատկերումը մեդիայում հանգեցրեց նրան, որ մենք ավելի շատ խոսենք կամ տեսնենք այն, սակայն առօրյա կյանքում մահը մեզ համար մնում է օտարված մի բան, մենք այլևս չենք տեսնում դագաղների մեջ պառկած դիակներ կամ թաղման այլ առարկաներ․ բժշկության զարգացումը հանգեցրեց նրան, որ մարդկային կյանքի միջին տևողությունը երկարեց, իսկ երեխաների, երիտասարդների և միջին տարիքում գտնվողների մահացությունները պակասեցին։ Որքան էլ մեդիան շատ պատկերի մահը, այնուամենայնիվ էկրաններից այն էկզոտիկ կերպով է ներկայացվում․ մահը այստեղ գերազանցապես բռնի է, և ոչ այլ ինչ է, քան հորինվածք, որը մեզ շատ քիչ է մոտեցնում իրական մահվանը, ինչին մենք անձամբ ականատես լինում ենք շատ հազվադեպ, որովհետև այն տեղափոխվել է հիվանդասենյակներ։ Մահը որքան էլ մոտեցել է մեզ, նույնքան էլ հեռացել և օտար է դարձել։

Այսօր, երբ ստեղծվել է մահվան նոր վտանգ և նոր դիսկուրս, մենք տեսնում ենք, թե որքան քիչ տեղ է թողել ժամանակակից քաղաքակրթությունը մեր կյանքում և առօրյայում մահվան համար։ Մենք կրկին հուսահատորեն փորձում ենք վերադառնալ նախկին առօրյա կյանքին և տարբեր միջոցներով ժխտում ենք այն փաստը, որ կյանքի համար կա նոր սպառնալիք, սակայն վերադառնալ նախկին կյանքին (եթե մինչև այդ չգտնվի բուժման միջոց), կնշանակի, որ մենք համակերպվեցինք և ընդունեցինք մահվան ներկայությունը մեր կյանքում, մենք ընդունեցինք, որ այսուհետ մահվան հետ մենք ավելի շատ կառերեսվենք։ Սա չափազանց վհատեցնող և ահաբեկող միտք է, որպեսզի այն արտաբերվի բարձր ու ուղիղ տեքստով, բայց թե՜ մարդիկ և թե՜ պետությունները ձգտում են հետ բերել նախկին կյանքն ու առօրյան։

Մինչ գրում էի այս վերջաբանը, բազմիցս փորձեցի ձևակերպել և վերաձևակերպել այս միտքը, որպեսզի այն հուսահատեցնող չլինի, սակայն երբեմն կարիք ունենք նայելու իրականությանը այնպես, ինչպես այն կա։ Որքան էլ ժամանակակից մարդը խուսափում է մահվանից, նույնքան էլ, ըստ էության, ընդունում և համակերպվում է դրա հետ, քանի որ այն մնում է մեր գոյության բաղկացուցիչ մասերից մեկը, երբեք չի վերանա, երբեք չի դառնա լավը և բարի․ միակ բանը, որ մենք կարող ենք անել, նրան մերժելը կամ ընդունելն է․․․

Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Տիգրան Ամիրյանին։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել