Մրցույթներ, ցուցահանդեսներ. մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է |armenpress.am|
11:05 - 18 մայիսի, 2020

Մրցույթներ, ցուցահանդեսներ. մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է |armenpress.am|

armenpress.am: 1978 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր, որը տոնվում է ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ 2020-ին այն կրում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագիրը:

Թանգարանները կազմակերպում են հետաքրքիր ցուցահանդեսներ, մրցույթներ, անգամ ներկայացումների պրեմիերաներ: Բոլոր նախաձեռնություններն այս տարի հարգելի պատճառներով տեղափոխվել են վիրտուալ հարթակ:

Հովհաննես Թումանյանի թանգարանը մայիսի 18-ին կազմակերպելու է «Ակամա սրամտություն թանգարանում» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: «Այն շատ դրական է, թեթև, հասանելի բոլորին: Ֆիլմում նկարագրվում են աշխատանքի ընթացքում էքսկուրսավարների հետ պատահած զավեշտալի դեպքերը»,-պատմեց թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը:

Ցուցադրվելու է «Կողք կողքի. ճամփորդության հասցեն՝ թանգարան» տեսաֆիլմը, որը պատմում է «Ռոտոնդա» մանկապատանեկան-ներառական թատերախմբի մասին:  

Հարությունյանը տեղեկացրեց, որ մեկնարկելու է նաև «Տունը՝ թանգարան կամ տուն-թանգարան» մրցութային ծրագիրը, որի մանրամասները կներկայացվեն մայիսի 18-ին: Նախատեսվում է «Դու կարող ես…» թատերական ներկայացման առաջնախաղը:

«Գործարկվելու է նաև թանգարանի Museum Shop Armenia առցանց կրպակը, որից արվեստասերները կարող են գրքեր, հուշանվերներ գնել իրենց սիրելիների համար»,-եզրափակեց փոխտնօրենը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, անդրադառնալով թանգարանի տոնական ծրագրերին, նշեց, որ դրանք բազմազան են: «Այս օրերին երկու առցանց մրցույթ ենք անցկացնում՝ կրթական ծրագրերին վերաբերող և լուսանկարչական մրցույթ, որը կոչվում է «Աշխարհն իմ պատուհանից»: Հետևորդները մեզ ուղարկում էին լուսանկարներ՝ արված իրենց պատուհանից: Մի քանի տասնյակ լուսանկար ենք ստացել, որոնք հրապարակվել են «Ֆեյսբուք»-ի մեր էջում: Ամենաշատը հավանությունների արժանացած լուսանկարը դարձավ հաղթող, որի հեղինակը մրցանակը կստանա այն ժամանակ, երբ թանգարանը գործի, բայց բոլոր աշխատանքներն առցանց ցուցահանդեսով ներկայացվելու են մայիսի 18-ին: Ցուցահանդեսը կուղեկցվի Արամ Խաչատրյանի երաժշտությամբ»,-շեշտեց տնօրենը:

«Թանգարանն իմ կյանքում» առցանց ցուցահանդեսի շրջանակում աշխատակիցները գրառումներով կընդգծեն թանգարանի կարևորությունն ու դերը: Ցուցադրվելու է Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմերից մեկը և իրականացվելու է «Երաժշտական թերապիա» նախագիծը, որը հիմնված է դասական երաժշտության վրա՝ ոչ միայն խաչատրյանական: Այն նվիրված կլինի «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» թեմային:

Գրիգորյանը հավելեց, որ մարտի կեսերից ակտիվ աշխատանք են ծավալում օնլայն հարթակում, իրականացնում են տարբեր ծրագրեր, իսկ հատուկ օրերին նախաձեռնությունները թեմատիկ բնույթ են կրում: Ամեն օր տարբեր ուղղվածությամբ մոտ 25 նախագիծ են հրապարակումներով ներկայացնում, և արդյունքում թանգարանի հետևորդների թիվը ավելացել է 3000-ով:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, ներկայացնելով ծրագրերը, ասաց, որ ամփոփվելու են «Փախուստ թանգարանից» անիմացիոն ստեղծագործական և «Covid 19. խաղիկ-տաղիկ» մրցույթների արդյունքները: «Փախուստ թանգարանից» մրցույթին մասնակցած երեխաները փոքրիկ անիմացիոն հոլովակներ են պատրաստել: Շատ հետաքրքիր է. հոլովակներից մեկում թանգարանի ցուցանմուշները զարմանում են, որ մենակ են մնացել՝ առանց այցելուների և փորձում են փախչել թանգարանից, իսկ «Covid 19. խաղիկ-տաղիկ» մրցույթի շրջանակում թանգարանի աշխատակիցները կորոնավիրուսին վերաբերող հումորային խաղեր են պատրաստել ու թանգարանի հետևորդներին առաջարկել են շարունակել այդ խաղերը: Հետևորդների ուղարկած և ամենաշատ հավանության արժանացած խաղերը հրապարակվելու են թանգարանի էջում»,-նշեց Խորենյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել