hetq.am: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ընդունելությունը բուհեր կլինի մեկ քննությամբ։ Ընտրվել է 3 կամ 2 պարտադիր առարկաներից մեկը, իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, դիմորդը կհանձնի իր ընտրությամբ։ Այս մասին Կառավարության մայիսի 21-ի նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Խրախուսելու ենք, որ դիմորդները մեծ կարևորություն տան իրենց մասնագիտական ընտրությանը, և առաջին հայտը լինի գերակա մրցույթի անցկացման համար։ Եթե ուսանողը դիմել է արվեստաբանության ֆակուլտետ մասնագիտություն ստանալու, ապա մյուսների համեմատ մրցույթի ժամանակ ունենալու է գերակայություն»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
Ըստ նախարարի՝ ամբողջությամբ թվայնացվել է հայտերի ընդունման գործընթացը, որը կմեկնարկի մայիսի 25-ից և կավարտվի հունիսի 15-ին։ Այնուհետև հուլիսի առաջին տասնօրյակում կանցկացվեն ընդունելության քննությունները։
«Եթե կամընտրական քննություն է, ապա դիմորդն ինքն է ընտրում, թե որ առարկայից հանձնի քննություն, և այդ քննությունն էլ լինելու է մրցութային։ Եթե հավասար բալեր լինեն, նախկինում մրցութային քննությունների առարկաների գնահատականները նայելու են ատեստատով։ Եթե էդտեղ էլ հավասարություն լինի, դիտարկվելու է ատեստատի միջին որակական գնահատականը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
comment.count (0)