Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա |armenpress.am|
11:26 - 17 հուլիսի, 2019

Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա |armenpress.am|

armenpress.am: Թռչկանը Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ամենաջրառատն է ու երկրի լավագույն զբոսաշրջային վայրերից կարող է դառնալ։ Այն ունի 23,5 մետր բարձրություն եւ տեղակայված է Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանագծում, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա, որը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով։

Ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում ու, ըստ ավանդության, մի օր էլ գյուղացիները տեսնում են, թե ինչպես են կարմրախայտերը հասնելով ջրվեժին՝ թռչում դրա վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան։
Այն 2008 թ. ներառվել է բնական հուշարձանների ցանկում, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է որպես հատուկ պահպանվող գոտի։

2011 թ. Թռչկանը հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերեւ ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով, որը, բնապահպանների պնդմամբ, կարող էր փոխել գետի հունը՝ վնաս հասցնելով ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։ Ակտիվիստների ու բնապահպանների՝ օր ու գիշեր տարած պայքարի շնորհիվ ՀԷԿ-ի աշխատանքները դադարեցվեցին։ Նույնիսկ 48 րոպե տեւողությամբ ֆիլմ նկարահանվեց՝ նվիրված հանուն Թռչկանի պայքարին, որում ամփոփված էին հեղինակի եւ պայքարի մյուս մասնակիցների կողմից նկարահանված կադրերը։

Որքան էլ պայքար մղվեց, որ Թռչկանը չվնասվի եւ իր յուրահատուկ գեղեցկությամբ պահպանի բնության հուշարձանի իր տեսքը, այդուհանդերձ հնարավոր չէ այն աշխարհին ցույց տալ իր ողջ հրաշագեղությամբ, քանի որ չկան այնտեղ հասնելու տարրական հնարավորություններ։ Այսինքն՝ մենք չենք կարողանում այսօր այս բացառիկ վայրը որպես զբոսաշրջային արդյունք դիտարկել, որովհետեւ սարերի արանքում տեղակայված ջրվեժին հնարավոր է հասնել միայն կամ բեռնատար մեքենաներով, կամ էլ ամենագնացներով. այս պարագայում էլ, սակայն, հարց է, ավտոմեքենաները կկարողանա՞ն արդյոք անվտանգ տեղ հասնել։ Ո՞րն է խնդիրը։

Նախ ճանապարհներն են անբարեկարգ, իսկ սելավաջրերի կուտակումից գոյացած ցեխակույտերը առավել դժվարացնում են երթեւեկությունը։ Երբեմն ճանապարհները դառնում են նույնիսկ անանցանելի։ Մեծ Պարնիից ավելի քան տասը կմ պետք է անցնել ջրվեժ հասնելու համար, սակայն անհնար է այն գտնել առանց տեղացիների օգնության, քանի որ այնտեղ տանող ցուցավահանակներ էլ չկան կամ եթե անգամ ժամանակին եղել են, պարզապես վնասվել են ու ոչնչացվել։

Տարածքում տեղացի զբոսաշրջիկներ շատ են լինում, այցելում են ընտանիքներով, ընկերներով։ Ինչպես կարելի է ենթադրել, ժամանցից հետո մնում են աղբակույտեր, քանի որ տեղադրված աղբամաններ չկան, իսկ քաղաքակիրթ կենցաղավարման կանոններից խորշող մեր հայրենակիցներից շատերը ավելի նախընտրում են աղբը տեղում թափելը։ Այս պարագայում ակնկալել, որ նշյալ վայրում տուրիզմը կզարգանա, երբ ոչ մի ենթակառուցվածք կամ անհրաժեշտ նախադրյալ չկա, թեկուզ սովորական սանհանգույց կամ սուրճ խմելու տաղավար, առեւտրի կետ, անիրական է։

Մեծ Պարնիի համայնքապետ Գագիկ Պալյանին այս խնդիրներն ենք ներկայացնում, հետաքրքրվում՝ առհասարակ որքան տուրիստ է Թռչկան այցելում կամ ինչու գոնե ճանապարհների բարեկարգման կամ սանհանգույցների հարցը չի լուծվում։ Հարցին ի պատասխան հնչեց. «Հեռագնա արոտների բարելավման ծրագրի շրջանակներում 4 տարի առաջ ճանապարհները բարեկարգվեցին։

Սակայն 2 տարի հետո դարձյալ սելավաջրերից քանդվեցին, քանի որ ճանապարհները թեքության վրա էին կառուցված եւ գրունտային էին»։ Համայնքապետի խոսքով, էկոտուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում հայտ էին ներկայացրել Եվրամիությունից դրամաշնորհ ստանալու համար, ու թեեւ ծրագիրը հավանության էր արժանացել եւ հավաստագիր էին տվել, սակայն ֆինանսավորման փուլում մերժում են ստացել։

Ընդամենը վերջերս հաստատվել է, որ ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվելու է «Թռչկան բնության հուշարձանի պահպանություն, ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծման նախագիծը»՝ «Կայուն ջրային միջավայր» գիտական էկոլոգիական ՀԿ-ի մասնակցությամբ։

Ծրագրով նախատեսվում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար ներդնել Թռչկանում զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծման համար, որի ուղղությամբ արդեն նախագծման աշխատանքների մրցույթ է հայտարարվել։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել Թռչկան բնության հուշարձանի տարածքի էկոզբոսաշրջության երթուղիների ներուժի ուսումնասիրություն/հետազոտություն, քայլարշավային ուղիների էլեկտրոնային քարտեզագրում, համայնքի բնակիչների հետ էկոզբոսաշրջության դասընթացների անցկացում, էկոզբոսաշրջության ուղղվածությամբ ամառային ճամբարի եւ զբոսաշրջային փաթեթի մշակում, փորձարկում եւ այլն։ 3 մլն դրամ էլ ներդրվելու է համայնքապետարանի բյուջեից։ Տրամադրվելու է տարածք, որպեսզի տեղադրվեն սանհանգույցներ։

«Սանիտարահիգիենիկ վիճակը բարվոք չէ, հենց հանգստյան գոտում ունենք կենցաղային աղբի կուտակումներ, այդ թվում սանհանգույցների բացակայության խնդիր։ Բացի այդ, դիմել ենք մարզպետարան հրատապ ծրագրերի շրջանակներում 5 մլն դրամ ստանալու համար, որպեսզի Թռչկան տանող ճանապարհահատվածը բարեկարգվի, եւ որոշ տեղերում հիմնանորոգման աշխատանքներ իրականացվեն։ Կտեղադրվեն աղբամաններ, եւ համայնքի աղբահանություն իրականացնող մարմինը այնտեղ կուտակված աղբը համապատասխան մեքենաներով կտեղափոխի»,–նշեց համայնքի ղեկավարը։

Անկախ նրանից՝ կառավարությունը կհատկացնի այդ գումարը ճանապարհների վերանորոգման համար, թե ոչ, իրենք ծրագրով նախատեսված ներդրումներն ուղղելու են զբոսաշրջային նախադրյաների ստեղծման աշխատանքներին, որոնք նախատեսված են ավարտին հասցնելու առաջիկա 14 ամիսների ընթացքում։

Ընդհանուր առմամբ, Թռչկան բերող ճանապարհահատվածը 13 կմ է հեռու Մեծ Պարնի համայնքից, սակայն հիմնանորոգման կարիք ունի ճանապարհի 8 կմ հատվածը։ Նախատեսվում է Գյումրի-Սպիտակ մայրուղու վրա ստեղծել տեղեկատվական կենտրոն, որը կհամակարգի զբոսաշրջիկների հետ կապը։ Այնտեղ նախատեսում են տեղադրել քնապարկեր, վրաններ, լեռնային հեծանիվներ եւ ամենագնացներ՝ ջրվեժ հասնելու համար։ Տեղադրվելու են տաղավարներ, սանհանգույցներ եւ աղբամաններ, գետի վրա կառուցվելու են փայտաշեն կամրջակներ, եւ դեպի ջրվեժ տանող 230 մ երկարությամբ ճանապարհ է կառուցվելու հենասայլակներով եւ հենաշարժողական խնդիրներով այցելուների համար։

«Այժմ էլ են զբոսաշրջիկները օգտվում ամենագնացների ծառայություններից,-ասաց համայնքապետը։-Տարեկան 5-7 հազար զբոսաշրջիկ է Թռչկան այցելում տարբեր վայրերից»։ Համայնքապետը հիշեց մեկուկես տարի առաջ 13 ամենագնացով Մոլդովայից այստեղ ժամանած զբոսաշրջիկներին։

Ծրագրի ֆինանսավորման հավանությունը տրվել է մոտ մեկ ամիս առաջ, եւ այն նախատեսվում է մինչեւ եկող տարվա աշնանը ավարտին հասցնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել