armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի մեղմացնել վարկի երաշխավորի պարտավորությունները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Շատ հաճախ վարկ վերցնողներից պահանջվում է երաշխավորություն ներկայացնել իրենց հարևաններից, բարեկամներից, հարազատներից: Շատերը բացարձակ չգիտակցելով դրա իրավական ու ֆինանսական հետևանքները, տալիս են այդ երաշխավորությունը և որոշ դեպքերում կանգնում փաստի առաջ: Մենք առաջարկում ենք, որ վարկը չմարելու դեպքում, միանգամից պահանջ չներկայացվի երաշխավորի նկատմամբ և ֆիզիկական անձ-երաշխավորի դեպքում այն կրի սուբսիդիալ կամ լրացուցիչ պարտավորություն»,- նշել էր Խաչատրյանը:
Ներկայացված օրինագծով՝ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան և միջոցները չբավարարելու դեպքում նոր պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 «կողմ», 3 «դեմ» և 7 «ձեռնպահ» ձայներով:
comment.count (0)