Ախտորոշել տնտեսության խնդիրները. Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարի հետ
14:11 - 11 հուլիսի, 2019

Ախտորոշել տնտեսության խնդիրները. Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 9-ից 10-ը Եկատերինբուրգում կայացած Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի (GMIS 2019) շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) գլխավոր քարտուղար Լի Յոնգի հետ։

«Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ այստեղ՝ քննարկելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է ՄԱԱԶԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ շահագրգռված է քննարկել ՄԱԱԶԿ ծրագրերի արդյունքները Հայաստանում։

Տիգրան Խաչատրյանը և Լի Յոնգը խոսել են տնտեսության տարբեր ճյուղերում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես անդրադարձ է եղել տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքներին։

Կողմերը զրուցել են արդյունաբերական քաղաքականության մշակման առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով արդյունաբերության ճյուղերի թվայնացման և արտադրական գործըթնացներում նորարական տեխնոլոգիաների ներգրավման կարևորությունը։

Տիգրան Խաչատրյանը նշել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների ախտորոշման խնդիրը և ընդգծել, որ այդ գործընթացում ՄԱԱԶԿ աջակցությունը կարող է խիստ արդյունավետ լինել։ ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարը և ՀՀ էկոնոմիկայի նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել այս համատեքստում։

Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների աջակցության, բարձր շահույթի ապահովման, աշխատատեղերի ավելացման և տեխնոլոգիական վերազինման խնդիրների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել