Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությանը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման գործում։
Գևորգ Պապոյանը հյուրերին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
comment.count (0)