Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն արդյունավետ համագործակցության համար։
«Կայուն պարենային համակարգերի ստեղծման ու դիմացկունությանն ուղղված համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության համար, միաժամանակ կարևորում եմ թվային գյուղատնտեսության ընդլայնման անհրաժեշտությունը», – նշել է Գևորգ Պապոյանը։
Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, կլիմայի փոփոխությունների հետևանքով անտառների դիմակայունության խթանմանը, հարմարվողականության ընդլայնմանը, հողերի կայուն կառավարման խթանմանը և գյուղական շրջանների կանաչ զարգացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ։
comment.count (0)