armenpress.am: Կառավարությունը հաստատեց «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը»:
Ըստ հիմնավորման, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն` ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաեւ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:
Նախագծով սահմանվում են ԴՆԹ բնութագրերի հաշվառմանը և փոխանցմանը ներկայացվող պահանջները, նախատեսվում են ԴՆԹ բնութագրերն ոստիկանությանը տրամադրելու, դրանք ԴՆԹ բազա մուտքագրելու ու համընկնման հարցի պարզման, ԴՆԹ բնութագրերի բազայից տեղեկությունների տրամադրման, ԴՆԹ բնութագրերի պահպանման և ոչնչացմանն հետ կապված իրավակարգավորումներ, ինչպես նաև կանոնակարգվում են նշված գործընթացում շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության հետ կապված որոշ հարցեր:
Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:
Նշված գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, տեխնիկական միջոցների եւ սարքավորումների կարիք չկա, իսկ համապատասխան հաստիքներ կհատկացվեն ընդհանուր օպտիմալացումից հետո: Արդեն իսկ ստեղծվել եւ փորձարկվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հետ էլեկտրոնային պաշտպանված կապը, ինչպես նաեւ ոստիկանության police.am հասցեում ստեղծվել է բավարար պաշտպանված էլեկտրոնային հասցե:
Նախագծի ընդունմամբ կապահովվի ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը:
comment.count (0)