Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին |tert.am|
09:29 - 05 օգոստոսի, 2020

Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին |tert.am|

tert.am: Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին բժշկական օգնություն հասցնելու խնդրանքով: Այդ մասին լիբանանյան MTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք կապ ենք հաստատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ օգնությամբ բեռնված օդանավ ուղարկելու համար, իսկ Քաթարին խնդրել ենք ապահովել դաշտային հիվանդանոցների աշխատանքը»,-հայտնել է նախարարը:

Ավելի վաղ Քաթարի էմիրի աշխատակազմը տեղեկացրել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ղեկավարությանը և Լիբանանին, ինչպես նաև՝ հրահանգել  «շտապ օգնություն» ցուցաբերել պայթյունից տուժածներին:

Հիշեցնենք, որ երեկ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 78 մարդ զոհվել է, մոտ 4000 մարդ՝ վիրավորվել։ Լիբանանի վարչապետը, խոսելով պայթյունի հնարավոր պատճառների մասին, նշել է, որ Բեյրութի նավահանգստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, արդեն 6 տարի է՝ պահվում է մոտ 2750 տոննա նիտրատի ամոնիում, որն օգտագործվում է պայթուցիկների պատրաստման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել