1lurer.am: Իսրայելը համաձայնել է Լիբանանի հետ կրակի դադարեցմանը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստի արդյունքում։ Հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին:
Նեթանյահուն նշել է, որ կառավարության հաստատմանը կներկայացնի համաձայնության կնքման ծրագիր։ Իսրայելի վարչապետը հրադադարի երեք պատճառ է նշել՝ իրանական սպառնալիքը, ՑԱՀԱԼ-ի զինամթերքի թարմացումը և Գազայում իրավիճակը։
Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ընդունված համաձայնությունը պահանջում է Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերում և այդ հատվածում Լիբանանի բանակի տեղակայում։
Իր հերթին «Հըզբոլլահ»-ը կդադարեցնի զինված ներկայությունը Լիթանի գետից հարավ ընկած հատվածում։ Նշվում է, որ դրա համար նախատեսվում է 60 օր:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համաձայնագիրը կլուծի Իսրայելի ու «Հըզբոլլահ»-ի միջև տասնամյակներ ձգվող հակամարտությունը։
«Այս համաձայնությունը կդառնա լուծումը մի խնդրի, որ տանջում էր մերձավորարևելյան տարածաշրջանը մի քանի տասնամյակ շարունակ»,- ասել է Բլինքենը։
Նա նշել է, որ իրենք մի քանի ամիս շարունակ աշխատել են այս համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է ՄԱԿ ԱԽ 1701 բանաձևի պահպանում:
comment.count (0)