Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|
13:16 - 19 օգոստոսի, 2020

Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակում։ Հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Հարությունյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու, ինչպես նաև այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու հանգամանքները, իրավաչափությունը քննության առարկա են դարձվել Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում»։

Նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ Գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հաղորդում։

Անցած շաբաթավերջին ՀՔԾ-ից հայտնեցին, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և 2002 թվականին ստացել է ՌԴ անձնագիր:

Գեներալ-գնդապետ Հարությունյանն արդեն շուրջ երկու տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Հայտնի է, որ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ ամիսներ առաջ այս երկիրը հրաժարվել է Միքայել Հարությունյանին արտահանձնել Հայաստան՝ հենց ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել