Չորս մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք դադարեցվել է. ընկերությունները չեն լուծել հողօգտագործման հարցերը |hetq.am|
21:57 - 19 օգոստոսի, 2020

Չորս մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք դադարեցվել է. ընկերությունները չեն լուծել հողօգտագործման հարցերը |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով այս տարի դադարեցվել է 4 չգործող մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքները, որից 3-ը՝ վերջին մեկ ամսում։

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ․ Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայր

2020թ․ օգոստոսի 7-ի հրամանով դադարեցվել է «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայրում, որտեղ արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվել։ Ընկերությունն ընդերքօգտագործման իրավունք ստացել է 2012 թվականին։

Մինչ ընդերքօգտագործման դադարեցումը զգուշացումներ են ուղարկվել «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ին, ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել և դրա արդյունքում կայացվել դադարեցման հրամանը։

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդուն և մերձավորներին է պատկանում։ Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը, այնտեղ 40 տոկոս բաժնեմաս ունի։

Այդպիսով, վարչական վարույթով արձանագրվել է, որ խախտվել են «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և ընդերքօգտագործման պայմանագրի պայմանները։

«Վարդանի զարթոնք» ընկերության ներկայացուցիչը ևս հիմնավորումներ է ներկայացրել։ Մասնավորապես, գրությամբ նշել է, որ 2013 և 2014թթ․ դիմել է Զարթոնքի համայնքի ղեկավարին լեռնահատկացման ակտում ներառված 76,6 հա հողամասն ընկերության օգտագործման իրավունքով տրամադրելու համար։ Սակայն համայնքի ղեկավարը հայտնել է, որ տվյալ հողատարածքը 25 տարի ժամկետով տրված է վարձակալության։ Ընկերությունը խնդրի լուծման համար 2014թ․-ին դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ Բացի դրանից, «Վարդանի զարթոնք»-ի դիրքորոշմամբ, լիազոր մարմինն ընդերքօգտագործման պայմանագրով պարտավորվել է երաշխավորել, որ հողատարածքը ծանրաբեռնված չէ այլ անձանց իրավունքներով։ Գրությամբ ընկերությունը նաև հայտնել է, որ հողամասի վարձակալի հետ 2020թ․ հունվարի 22-ին կնքել է ենթավարձակալության պայմանագիր, և կատարվել են որոշակի աշխատանքներ, կատարել է բոլոր հնարավոր գործողությունները և չի խախտել «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջներն ու պայմանագրի կետերը։

Սակայն Զարթոնքի համայնքապետը 2020թ․ հունիսի 15-ին գրությամբ հայտնել է, որ հողատարածքից 66 հա-ն 2005թ․-ից 25 տարի ժամկետով վարձակալության է տրամադրված քաղաքացի Լևոն Վարդանյանին, իսկ 25 հա-ն՝ 2007թ․-ից 25 տարի ժամկետով՝ «Աբռուպտուս» ՍՊԸ-ին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար։ Գրությամբ համայնքապետը հայտնել է, որ հողատարածքը հանքարդյունահանման նպատակով տրամադրելու վերաբերյալ ընկերության հետ պայմանավորվածություն չկա, ինչպես նաև վարձակալների հետ ընկերության կողմից ենթավարձակալության պայմանագիր կնքված չէ։

Մինչդեռ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն ներկայացրել է նաև 2020թ․ հունվարի 22-ին «Աբռուպտուս» ՍՊԸ-ի և ընկերության միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։

Այդուհանդերձ, վարչական վարույթը հօգուտ ընդերքօգտագործողի չի լուծվել, և նախարար Պապիկյանի հրամանով կասեցվել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել