tert.am: Ես այդքան էլ լավատես չեմ մարզպետարանի կամ որևէ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ, փոխարենը մտածում եմ, որ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիներն իրենք վերահսկեն գործընթացը, իրենք գնահատեն, օրինակ, իրենց քաղաքապետի աշխատանքը: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե քաղաքացին վերահսկողությունն իր պարտականությունը չի համարում, կարելի է լարվել՝ 1 տարի, 2-3 տարի, վերահսկողություն սահմանել առավել խիստ, բայց եթե քաղաքացի-իշխանություն հարաբերությունների խորքային, բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, ժամանակավոր մի բան կլինի, հետո ամեն ինչ «դարձ ի շրջանս յուր» տեղի կունենա»,-նշեց նա:
«Այսօր գլուխ ենք գովում՝ սուբվենցիա արեցինք, սա արեցինք, նա արեցինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ են նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում 1 տարում, բայց իրականում դեռ այնքան պետք է կառուցենք:
Համայնքներում էլ ավերակ վիճակը կապված է մի պարզ բանի հետ՝ ընտրություն կատարելու որակի ու չափանիշների հետ: Ամեն մարդ այսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել է իր քաղաքական ներդրումը»,-ասաց նա՝ հավելելով, թե իր ընկալած քաղաքական փիլիսոփայությունն այն է, որ քաղաքացու գործողությունը անմիջական ազդեցություն է ունենում իրականության մեջ.
«Մենք ինչքան ուժեղացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան կունենանք ուժեղ պետություն՝ բոլոր առումներով՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տնտեսությունից, առողջապահությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ tert.am-ում
comment.count (0)