Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն
19:53 - 21 օգոստոսի, 2020

Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա:

Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: Մշտադիտարկում է իրականացվել նաև Վանաձոր քաղաքում: Այս ընթացքում որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն. կասեցման հիմք հանդիսացող խախտումներն ունեցել են հիմնականում ենթակառուցվածքային բնույթ՝ ծորակային կահավորման անհամապատասխանություն, մշտական հոսող տաք ջրի, սպասքի լվացման երրորդ ավազանի բացակայություն:

Հատկանշական է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ մանկապարտեզի գործունեություն ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ հաստատությունների տնօրենները, թե՛ ծնողները ՀՀ պարետի որոշումներին և Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումներին հետևում են պատասխանատվությամբ:

Կրթության տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումները շարունակում է իրականացնել ՀՀ պարետի՝ օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցելով պարետատուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել