Դիլիջանում կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը |armenpress.am|
17:32 - 23 օգոստոսի, 2020

Դիլիջանում կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մարզահրապարակում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը։

«Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Մրցույթի բացման արարողությունն անցկացվեց բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։ Զինծառայողները ժամանումից անմիջապես հետո հանձնել են COVID-19-ի թեստ և բոլորի պատասխանները բացասական են եղել, այդ իսկ պատճառով միջոցառման ժամանակ նրանք դիմակ չէին դրել։

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը շնորհավորեց բոլոր զինվորներին «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացման արարողության առթիվ։

«Մենք վստահ ենք, որ այս մրցումները մեծ ներդրում կլինեն մասնակից երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման գործընթացում»,- նշեց Պողոսյանը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ողջունեց մասնակիցներին և պարզաբանեց, որ տվյալ միջոցառումն անց է կացվում ամեն տարի՝ սկսած 2009 թվականից։

«Ավելի վաղ մրցույթն անցկացվել է բացառապես անկախ պետությունների համագործակցության ձևաչափով, ինչի պատճառով մրցումների մասնակիցներ կարող էին լինել միայն Համագործակցության երկրների թիմերը: 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Այսօր ինձ համար հատկապես հաճելի է արձանագրել, որ մրցույթին արդեն 3-րդ անգամ մասնակցում է Հունաստանի Հանրապետությունը։ Մենք նաև ուրախ ենք Հայաստանում տեսնել մրցումների ավանդական մասնակից երկրենրի ներկայացուցիչներին՝ Բելառուսից և Ռուսաստանից»,- ասաց Գասպարյանը։

Նա ընդգծեց, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը կդառնա քաջության, խիզախության և մարտական եղբայրության տոն։ ԳՇ պետը բոլորին մաղթեց նորանոր բարձր արդյունքներ և ձեռքբերումներ:

Մրցութային ծրագիրը տևելու է 10 օր, այն ներառում է ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», «Պրոֆեսիոնալ», (վերջինիս ժամանակ օգտագործում են ռազմակիրառական ունակությունները (արգելագոտու հաղթահարում, վիրավորվածին մարտի դաշտից դուրս հանում), «Դանակի և նռնակի նետում», ինչպես նաև գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Մշակութային» մրցաձևերը։

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը։

Ընթացիկ տարում Բանակային միջազգային խաղերն անցկացվում են 10 պետության տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել