Առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու ձկնաբուծարանն օգտագործվում է որպես մշակովի հողատարածք |hetq.am|
10:35 - 24 օգոստոսի, 2020

Առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու ձկնաբուծարանն օգտագործվում է որպես մշակովի հողատարածք |hetq.am|

hetq.am: Լուսանկարում Արմավիրի մարզի Արտաշար համայնքի վարչական տարածքի քարտեզն է, որը փակցված է համայնքի ղեկավար Մանվել Օհանյանի աշխատասենյակի պատին: Քարտեզի վրա, կապույտ գույնով առանձնացված տարածքում լճեր են՝ մոտ 97 հա: Փաստաթղթերով դրանք ձկնաբուծարաններ են, սակայն իրականում այդ հողերն օգտագործվում են բանջարաբոստանային մշակաբույսեր ցանելու համար: Նմանատիպ պատկեր երևում է նաև հարևան Զարթոնք գյուղի քարտեզում:

«Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի տնօրեն Ազատ Հարությունյանը 1997թ․-ին պետական աճուրդով Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունից 12 մլն դրամով գնել է նախկին «Արմավիրի կարպային տնտեսություն» ԲԲԸ-ն:  «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին է անցել նաև ընկերության 152 մլն դրամ պարտքը: Տարածքը, հողամասերից բացի, ունեցել է նաև շենք-շինություններ: Հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվել գնորդին, այլ եղել է վարձակալություն:

 

 

Տարածքը ներառել է Արտաշար և Զարթոնք համայնքների վարչական տարածքում գտնվող հողերը: 20 տարուց ավելի գյուղացիները պայքարում են հողերը համայնքներին վերադարձնել համար, սակայն՝ ապարդյուն: Բոլոր ատյաններում մերժվել են, այդ թվում՝ 2001թ-ին տնտեսական դատարանում:

Կառավարության 2003թ. դեկտեմբերի 4-ի թիվ 1772-Ն որոշմամբ Զարթոնք համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին: Նույն օրվա թիվ 1766-Ն որոշմամբ նաև Արտաշար համայնքին են փոխանցվել պետական սեփականություն հանդիսացող և համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը:

Երկու համայնքի ղեկավարներն էլ նշում են, որ Կառավարության վերը նշված որոշումները վերաբերում են նաև ձկնաբուծարան կոչվող տարածքներին, որոնք տնօրինում է «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի ղեկավար Ազատ Հարությունյանը:

 

 

Համայնքապետերը նշում են, որ 2003-2005թթ. Զարթոնք և Արտաշար համայնքներին պատկանող հողերի վերաբերյալ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի տնօրեն Ազատ Հարությունյանի միջև վարձակալության կամ հողերի օգտագործման որևէ այլ պայմանագիր չի կնքվել: Սակայն, Ա. Հարությունյանը, օգտվելով  օրենսդրական փոփոխությունից, Կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանմանն է ներկայացրել 2003թ․-ից Զարթոնք և Արտաշար համայնքների սեփականություն հանդիսացող և նրա հաշվեկշռում գտնվող 215 հա հողամասը փաստացի օգտագործումը հավաստող փաստաթղթեր: Դրա հիման վրա կադաստրի ստորաբաժանման կողմից «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին տրվել է սեփականության վկայական:

Ուշագրավն այն է, որ հողամասի վերաբերյալ կադաստրի վկայականում նշագրված է եղել «վարձակալություն», որը հետագայում ջնջվել և կողքը գրվել է «սեփականություն»: «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին 2005թ․-ին տրված վկայականում հողի նպատակային նշանակությունը նշված է արդյունաբերական (արտադրական), որը եղել է ձկնաբուծարան:

«500.000 դրամ գումար եմ տվել, ասել են, որ պայմանագրում գրեմ 50.000 դրամ»

Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց վարչական տարածքից 97 հա հող ինչ-ինչ ճանապարհներով հատկացրել են «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին: 1 հա-ի համար ՓԲԸ-ն համայնքապետարանին տարեկան վճարում է 3720 դրամ հարկ:

 

 

Մանվել Օհանյանը նշում է, որպես ձկնաբուծարան տրված հողերն իրականում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Սեփականատիրոջից վարձակալում են հենց Արտաշար, Զարթոնք և հարևան գյուղերի բնակիչները:

«Այդ վճարը Կառավարության որոշումով է: Գյուղն աղքատ գյուղ է, Կառավարությունը կարող է իր որոշման մեջ փոփոխություն անել և վճարը սահմանել հողի կադաստրային արժեքի չափով: Տվյալ դեպքում համայնքում մուտքերը կլիներ մոտ 4 մլն դրամ, ոչ թե 360 հազար դրամ»,- նշում է Մանվել Օհանյանը: 

 

 

Նա պատմեց, որ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի սեփականատերը տարին մի քանի արհեստական լիճ է լցնում ջրով, որի նպատակը ոչ թե ձկնարտադրությունից շահույթ ստանալն է, այլ հողը բերրի դարձնելը: Հաջորդ տարի ջրով լցված հողերը չորացնում է և թանկ՝ մեկ սեզոնի համար 1 հա-ը 500-600 հազար դրամով, վարձավճարի դիմաց տալիս է գյուղացիներին, որպեսզի մշակեն:

Նախկինում ջրով լցված լճի տարածքում խոտ չի աճում, բերքատվությունը բարձրանում է, ինչը կրճատում է տարածքը մշակող գյուղացու ծախսերը: Իսկ այն լճերը, որը ջրով լցված չեն եղել, 200-400 հազար դրամով է տրվում գյուղացուն:

«Ունենք բազմաթիվ ընտանիքներ, որ այսօր հողի կարիք ունեն: Այսօր մենք պահուստային ազատ հող չունենք, որ նոր ձևավորված ընտանիքին գոնե վարձակալությամբ հող տանք: Մինչդեռ 97 հա հող, չգիտենք ինչ ճանապարհներով, տրվել է մեկ հոգու»,- նշում է Արտաշարի համայնքապետը: Մանվել Օհանյանի խոսքերով՝ գյուղի 97 %-ը զբաղվում է հողագործությամբ: Ունեն 1640 բնակիչ կամ 88 տնտեսություն: Գյուղն ունի ընդամենը 379 հա վարելահող, ինչը չի բավարարում պահանջարկը:

 

Արտաշարցի Խուդո Ուսոյանն ամեն տարի հող է վարձակալել ձկնաբուծարան կոչվող տարածքում «Արմավիրի Ֆերմեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջից, սակայն այս տարի նրան հող չեն տվել, քանի որ բողոքում է տնօրեն Ազատ Հարությունյանի դեմ: Խուդոն պատմեց, որ մեկ գյուղատնտեսական սեզոնի համար հողերը վարձակալել է 1 հա-ը 300-600 հազար դրամով: Ընտանիքում ապրում է 16 հոգի, իսկ գյուղում իրենց ունեցած հողն ընդամենը 0.6 հա է:

«Ես հիմա գնացել եմ Արարատի մարզի Ռանչպար գյուղում 2 հա հող եմ վարձակալել, ձմերուկ եմ մշակում: Մեր գյուղից 32 կմ հեռու է հողը, ուրիշ ինչ անենք, տարբերակ չկա»,- ասում է Խուդո Ուսոյանը: Նա, հողագործությունից բացի, զբաղվում է նաև անասնապահությամբ: Ուներ 3 կով, որից մեկը սատկել է:

«Արմավիրի Ֆերմեր» ընկերության սեփականատերերին մեկ կովի համար վճարել 15,000 դրամ, որպեսզի կովերը տարածքում արածեն:

Պատմեց, որ Ազատ Հարությունյանն անասուններին արածեցնելու համար պայմանագիր չի կնքում գյուղացիների հետ: Սակայն 3 տարի առաջ իր հետ կնքել է հողի վարձակալության պայմանագիր: «500.000 դրամ գումար եմ տվել, ասել են, որ պայմանագրում գրեմ 50.000 դրամ»,- հավելում է Խուդոն:

 

Համայնքապետարանի աշխատասենյակում հանդիպեցինք նաև 67-ամյա Ջնդի Ջնդոյանին:

«Մենք խնդրում ենք Կառավարությանը, թեև 20 տարի դիմում ենք, արդյունքի չենք հասել: Թող մեզ օգնեն, որ ապօրինի ձեռք բերված հողերը վերադարձվի գյուղացուն: Գյուղում էլ ջահել չի մնում, թողնում, գնում են, որովհետև զբաղվելու բան չկա»,-ասում է Ջնդի Ջնդոյանը:

 

Միշա Գենջոյանն ասում է, որ դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին, եղել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Գյուղ են հրավիրել պատգամավորներ Արգիշտի Մեխակյանին, Նարեկ Մկրտչյանին, ԱԺ-ում հանդիպել են Վարազդատ Կարապետյանի հետ և այլն: Խնդրի մասին տեղյակ են նաև նախկին և ներկա մարզպետները, բոլորն էլ խոստացել են հարցը լուծել, սակայն գնացել են՝ ոչինչ չփոխելով:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել