hetq.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաղորդագրություն է տարածել Լիբանանում դեռեւս չլուծված ջրի խնդրի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
«ԲԵՅՐՈՒԹ, 1-ը սեպտեմբերի, 2020 թ. – Լիբանանում դեռևս լուծված չէ պայթյունի հետևանքով առաջացած ջրի խնդիրը: Ծանր իրավիճակում են հատկապես այն 300 000 մարդիկ, այդ թվում՝ մոտ 100 000 երեխա, որոնց տները պայթյունի հետևանքով վնասվել կամ ավերվել են: Նրանք զրկված են մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ ծառայություններից, ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Վիճակը վատթարացել է հատկապես Բեյրութի մերձակա շրջաններում, որտեղ վնասվել են պայթյունին մոտ գնտվող բազմաթիվ շենքերի ջրամբարներն և ջրահեռացման համակարգերը։ Տուժած գոտիներում ջրամատակարարման ցանցից ամբողջությամբ անջատվել է շուրջ 130 շենք, վնասվել են ավելի քան 500 բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգերը։
«Քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել, ավելի քան երբևէ, կարևոր է պայթյունից տուժած, կյանքերը տակնուվրա եղած ընտանիքներին և երեխաներն ապահովել մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ պայմաններով», - նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուկի Մոկուոն: «Երբ համայնքներին հասանելի չեն այս կենսական ծառայությունները, ջրի սղությամբ պայմանավորված հիվանդությունների, այդ թվում կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է ձայնի արագությամբ աճել», - ավելացրել է նա:
Այն տներում, որտեղ ջրատարը չի հասնում, մտահոգիչ է ոչ միայն խմելու ջրի, այլև ջրահեռացման խնդիրը: Դժվարություններ են առաջանում նաև շշալցված կամ ցիստերներով ջուր գնելու հարցում, քանի որ բարձր ջերմաստիճանին զուգահեռ հնարավոր է ջրի արժեքի բարձրացում:
Պայթյունից անմիջապես հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների և ջրամատակարարման ծառայությունների հետ գնահատել է ենթակառուցվածքին հասցված վնասը: Beirut Mount Lebanon BML Water Establishment ջրմուղ ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերականգնել է ավելի քան 100 շենքերի ջրամատակարարման համակարգերը, տեղադրվել է անհրաժեշտ 3 300 ջրի բաքերից 570-ը:
Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջրով է ապահովել առաջինը օգնության հասած ջոկատներին և տուժած ընտանիքներին, տրամադրել է ավելի քան 4 340 հիգիենայի հավաքածու և 620 մանկական հանդերձանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնութմաբ ցիստերներով ջուր է մատակարարվել 20 տնային տնտեսությունների և Լիբանանի Կարմիր խաչի երեք կենտրոնների: Սա հատկապես կարևոր է, քանի որ օճառով հաճախ լվացվելը կորոնավիրուսի կանխարգելման անհարժեշտ պայմաններից է:
«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը տուժած երեխաներին ու ընտանիքներին, ինչպես նաև առաջնագծում աշխատողներին մաքուր ջրով ապահովելն էր», - նշել է Յուկի Մոկուոն: «Համագործակցելով համապատասխան մարմինների և մեր գործընկերների հետ` մենք կարողացել ենք աջակցել ավելի քան 6 650 երեխաների և նրանց ընտանիքների։ Բայց ավելին անելու կարիք կա, իսկ ժամանակը չի սպասում»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է տեղի հազարավոր երիտասարդների անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ, որպեսզի նրանք ևս երկրի վերակառուցման գործում իրենց դերն ունենան՝ այդ թվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահմանման և նորոգման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)