Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լիլիթ Նազարյանի հետ զրուցել ենք կրթական համակարգում ուսուցչի դերի, դրա կարևորության ու խնդիրների մասին։
1-ին մասը կարդալ այստեղ
Գերծանրաբեռնված դասարանները և ուսուցիչը։ Հայաստանյան դպրոցներում դասարանները սովորաբար գերբեռնված են. ուսուցիչների մեծ մասն աշխատում է 35 և ավելի սովորող ունեցող դասարաններում: Ընդունված կարծիք է, որ նման մեծաքանակ դասարանի հետ մեկ ուսուցիչը արդյունավետ աշխատել և ուսուցման գործընթաց կազմակերպել չի կարող: Սակայն ամեն ինչ կախված է այն բանից, թե քանի սովորող ունեցող դասարանում աշխատելու մեթոդի է տիրապետում ուսուցիչը:
15 հոգանոց դասարանում աշխատելու հմտություններ ունեցող ուսուցիչը, բնականաբար, չի կարողանա արդյունավետ աշխատել 35 և ավելի սովորողների հետ միաժամանակ: Բայց հակառակը նույնպես անարդյունավետ է. մեծաքանակ դասարանի հետ աշխատել սովորած ուսուցիչը հավասարապես անարդյունավետ կաշխատի փոքրաքանակ դասարանում:
Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե արդյոք հայաստանյան մանկավարժական համալսարանները կամ ուսուցիչների վերապատրաստման բազմաթիվ դասընթացները ապահովում են դասարանի կազմակերպման ու կառավարման բավականաչափ բազմազան մեթոդների ուսուցում: Սակայն, դատելով ուսուցչական համայնքի կողմից դասարանների գերբեռնվածության մասին մշտապես բարձրաձայնվող բողոքներից, կարելի է եզրակացնել, որ նման մեթոդների ուսուցանումը մեր երկրում խնդրահարույց է, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում թե՛ ուսուցման որակի, թե՛ ուսուցիչների աշխատանքի արդյունավետության վրա, որը որպես հետևանք բերում է սովորողների գրագիտության հետզհետե անկման:
Ուսուցչի հեղինակության հարցը: Ուսուցչական և աշակերտական համայնքի հետ հաճախ և ինտենսիվ շփման արդյունքում մի զարմանալի միտում եմ նկատում: Ուսուցիչներից ավելի ու ավելի հաճախ ենք լսում, որ հատկապես բարձր դասարանների աշակերտները այնքան էլ չեն հարգում, լավ չեն վերաբերվում, անհամաձայնության կամ անհնազանդության նշաններ ցուցաբերում ուսուցիչների հանդեպ: Պատճառներն այստեղ, ըստ իս, խորքային են:
Եթե, օրինակ, մասնակցեք միջին վիճակագրական հանրակրթական ուսումնական հաստատության առօրյային և հատկապես կազմակերպվող միջոցառումներին, կտեսնեք, որ դրանց մեծ մասը նվիրված են սովորողների մոտ ուսուցիչների նկատմամբ գերհարգանքի «ուսուցմանը»: Տարրական դպրոցի առաջին դասարանից սկսած` դպրոցական միջոցառումների գերակշռող մասը նվիրվում է ուսուցչի մեծարմանն ու փառաբանմանը: Վերջերս ուսուցիչների իրավունքների պաշտպանության մի միության կողմից նույնիսկ մրցանակաբաշխություն էր կազմակերպվել, որի շրջանակում մրցանակներ էին շնորհվել այն ուսուցիչներին, որոնց աշակերտները շարադրություններում ամենալավն էին մեծարել իրենց ուսուցիչներին։
Վստահ եմ, որ հարգանք և սեր սովորեցնել հնարավոր չէ․ սրանք բաներ են, որ ձևավորվում են առանց պարտադրանքի` ինքնագիտակցման արդյունքում: Եվ, կարծում եմ, որ տարրական դասարաններում այդ հարգանքի և սիրո «պարտադրանքը», գուցե չգիտակցված կամ ոչ դիտավորյալ, դեռահաս տարիքում հակազդեցություն է առաջացնում։ Դեռահասները սկսում են կասկածի տակ դնել այդ «պարտադրված» հարգանքի ու պաշտամունքի պատմույթը, և սեփական դատողություններով և իրականությունը գնահատելով` ոչ միշտ են կարողանում գտնել հարգանքի կամ սիրո հիմքեր:
«Հավասարը` հավասարին»։ Ի՞նչ անել ուսուցիչ-սովորող հարաբերություններում հարգանքը վերականգնելու կամ միջանձնային հարաբերություններն ի սկզբանե առողջ հիմքի վրա ձևավորելու և զարգացնելու համար: Անկախ ուսուցչի և դասարանում սովորողների տարիքից` կարևոր է «հավասարը` հավասարին» սկզբունքով շփումը:
Երբ ուսուցիչը մտնում է դասարան ի սկզբանե իրեն վեր դասելով երեխաներից, համարելով և վստահ լինելով, որ միայն իր ուսուցիչ լինելու հանգամանքը բավարար է, որ երեխաներն իրեն սիրեն ու հարգեն, սկսվում են խնդիրները։
Տարրական դասարանում ունենալով հոգատար խնամողի կարիք՝ երեխան գուցե և իներցիայով կհարգի ու կսիրի ուսուցչին: Սակայն ավելի մեծ տարիքում երեխան անխուսափելիորեն կսկսի նկատել մեծամտությունը, վերևից, ինչ-որ պատվանդանից իրեն նայող ու ստորադասող մոտեցումը: Այս ամենն աստիճանաբար կառաջացնի սկզբում փոքր, սակայն հետզհետե աճող մասշտաբի կոնֆլիկտներ։ Կարծում եմ, որ ուսուցիչը պետք է կարողանա ժամանակին կանխատեսել և միջոցներ ձեռնարկել ուսուցիչ-սովորող առողջ փոխհարաբերությունները պահպանելու համար:
Ակադեմիական գիտելիք տվողի, սովորեցնողի դերը։ Այս դերը չպետք է ընկալվի որպես ֆորմալ գիտելիքի և ինֆորմացիայի (բանաձևեր, տարեթվեր և այլն) փոխանցում։ Խոսքն այն գիտելիքի մասին է, որը սովորողը կկարողանա վերարտադրել, վերլուծել, հարցեր տալ, դրանց հիման վրա նոր գիտելիք գեներացնել ու սովորածը փոխանցել։
Ուսուցման նման որակ ապահովելու համար խիստ կարևոր է թե՛դասավանդվող առարկային, և թե՛ վերը թվարկված բոլոր մեթոդներին ու դերերին տիրապետելը: Սակայն իրականությունն այլ է:
Նախկինում ուսուցիչների մի զգալի զանգված աշխատանքի է ընդունվել կոռուպցիայի գործադրման կամ բարեվարքության կանոնների խախտման արդյունքում. եղել են ինչ-որ մի ազդեցիկ պաշտոնյայի հարսը կամ դուստրը, բարեկամական կապեր են ունեցել մարզպետի կամ այլ պաշտոնյայի հետ կամ էլ կաշառք են վճարել։ Ուսուցչի աշխատանքն ընկալվել է հարմար աշխատանք` կես օրով է, առանձնապես ջանք գործադրելու կարիք չկա, 40 րոպե դաս է, պարապում ու վերադառնում ես տուն։ Բնականաբար, նման ուսուցիչներից մեծ արհեստավարժություն ակնկալել դժվար է։
Կրթության քաղաքականության մեջ ուսուցչի մասնակցության դերը։ Այստեղ ի սկզբանե պետք է բացառել այն ուսուցիչներին, որոնց մասին քիչ առաջ խոսում էի։ Հիմա խոսքը արհեստավարժ, իր գործին, մեթոդներին տիրապետող ու նվիրյալ ուսուցչի մասին է։ Իսկ նման ուսուցիչներ մեր դպրոցներում շատ կան:
Այս ուսուցիչը շղթայի առաջին օղակն է. կրթական համակարգի այն սուբյեկտն է, որը երեխաների հետ որակյալ աշխատանքի միջոցով կրթական քաղաքականության ամենօրյա կիրառողն ու իրականացնողն է: Հետևաբար, այդ քաղաքականության բացերը, թերություններն ու խնդիրները քաջ գիտակցող մեկը։ Ցավալին այն է, որ վերջին 15-20 տարիներին ձևավորված կոռումպացված համակարգը չի խրախուսել ուսուցիչների կողմից խնդիրների մասին բաց խոսելը։ Կարծում եմ, որ կրթության ոլորտի ներկայիս կառավարիչների, քաղաքականություն մշակողների գերխնդիրն է ազատականացնել դպրոցն ու ուսուցչին` ստեղծելով հետադարձ կապի և մասնակցային քաղաքականության մշակման այնպիսի մեխանիզմ, որը լսելի կդարձնի յուրաքանչյուր արհեստավարժ, կրթության որակով և աշակերտների գրագիտությամբ մտահոգ ուսուցչին։
Ուսուցիչները ևս պետք է գիտակցեն իրենց դերը և պահանջատեր լինեն։ Պարզ է, որ ուսուցիչներն առաջին հերթին պահանջատեր են իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար՝ աշխատավարձ, աշխատանքային իրավունքներ և այլն։ Բայց պետք է գիտակցեն, որ կրթական չափորոշչի կամ ուսումնական պլանի թեթևացումը ևս իրենց աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված պահանջ է։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էական մշակութային փոփոխության հույս է առաջացրել։ Սակայն, ցավոք, դպրոցներում դեռևս մեծամասամբ տիրում են հին բարքերը. ոչ բոլոր դպրոցներում են փոխվել կառավարման մշակույթը, խորհուրդներն ու տնօրինությունը։ Նման դպրոցներում ուսուցիչը շարունակում է մնալ կատարողի, հնազանդվողի, լռելյայն լսողի կարգավիճակում, որին թույլատրված չէ որևէ գաղափար առաջ քաշել կամ ավանդական ընդունված ստանդարտ վարքագծից շեղվել։
Ամփոփելով, ուզում եմ ասել հետևյալը. երեխաները սովորում են՝ նախ և առաջ տեսնելով ու կրկնօրինակելով մեծահասակների վարքագիծը: Եթե երեխային սովորեցնում ենք հարգել ու սիրել ուսուցչին, սակայն ինքներս դա չենք անում, երեխան նույնպես չի հարգի ու չի սիրի ուսուցչին: Բացի դա, տարիներ շարունակ երեխաներն ականատես են եղել մանիպուլյատիվ ընտրական գործընթացների, մարդու իրավունքների համատարած խախտումների, կաշառակերության և օրինազանց վարքի: Նման պայմաններում կրթական համակարգը չի կատարել իր հավասարակշռող դերը. համոզիչ կերպով ցույց չի տվել նման վարքի անթույլատրելիությունը: Արդյունքում վտանգվել է սերունդների կրթությունը:
Երեխաների խախտված կրթության իրավունքի, ինչպես նաև ուսուցիչների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնումը անհրաժեշտ է դիտարկել որպես առաջիկայում գործարկվելիք անցումային արդարադատության անբաժանելի մաս: Վերոնշյալի շուրջ պետք է կազմակերպվեն շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքները հետագայում կդառնան կրթության ոլորտի քաղաքականության մշակման հիմքը: Ժամանակն է քաղաքականության մշակման «կաբինետային» ավանդույթից անցում կատարել դեպի իրական մասնակցային ու ժողովրդավար մոտեցմանը, որտեղ յուրաքանչյուրի ձայնը լսելի է:
comment.count (0)