Ուսուցչի դերն ավելի բազմաբովանդակ է, քան պարզապես դաս տվողի, ինչ-որ բան սովորեցնողի դերը․ Լիլիթ Նազարյան [մաս 1-ին]
04:30 - 02 հուլիսի, 2019

Ուսուցչի դերն ավելի բազմաբովանդակ է, քան պարզապես դաս տվողի, ինչ-որ բան սովորեցնողի դերը․ Լիլիթ Նազարյան [մաս 1-ին]

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լիլիթ Նազարյանի հետ զրուցել ենք կրթական համակարգում ուսուցչի դերի, դրա կարևորության ու խնդիրների մասին։

Ուսուցչի դերը բազմազան է։ Մեզանում ուսուցիչը սովորաբար ընկալվում է որպես սովորեցնող` ակադեմիական գիտելիքը մեխանիկորեն փոխանցող անձ։ Հաճախ նույնիսկ կիրառվում է ոչ թե ուսուցիչ, այլ՝ դասատու բառը. այսինքն` ուսուցիչը ընկալվում է նույնիսկ ոչ թե որպես սովորեցնող, տեսական և գործնական հմտություններ փոխանցող, այլ ընդամենը դաս տվող, վարժեցնող անձ (հատկանշական է, որ նախկինում տարածված էր վարժապետ եզրույթը, որն այժմ կիրառվում է ծաղրանքի համատեքստում):

Ըստ էության, տեղի է ունեցել ուսուցչի դերի աղավաղում ծնողների, աշակերտների և լայն հասարակության ընկալումներում։ Մինչդեռ ուսուցչի դերն ավելի բազմազան ու բազմաբովանդակ է, քան պարզապես դաս տվողի, ինչ-որ բան սովորեցնողի դերը։

Եթե դիտարկենք ուսուցչի կամ ընդհանրապես դպրոցի դերը երեխայի կրթության իրավունքի իրացման հարցում, ապա թերևս որպես առաջին և ամենակարևոր դերերից մեկը կառանձնացնեի ուսուցչի կամ դպրոցի դերը` որպես սոցիալական հավասարակշռողի կամ հավասարակշռությունը պահպանողի:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տարածքային անհամաչափ սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքում հասարակությունը ևս, իր սոցիալական բաղադրիչով, բազմաշերտ է: Միևնույն դպրոցում կամ դասարանում սովորում են տարբեր սոցիալական-տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքների կամ տարբեր կենսապայմաններում ապրող երեխաներ: Հետազոտությունները վկայում են, որ ավելի լավ կրթություն ստացած ծնողների երեխաները առավել մեծ հավանականություն ունեն հաջողության հասնելու կրթության ասպարեզում, քան, օրինակ, այն երեխաները, որոնց ծնողները չունեն բարձրագույն կրթություն:

Տվյալ դեպքում, դպրոցը և ուսուցիչը պարտավոր են լրացնել ընտանիքի կամ ծնողների կրթվածության մակարդակի բացը` հավասարակշռելով և հնարավորություն տալով երեխային լիարժեք իրացնել կրթության իրավունքը: Ուսուցիչը կարող է մեղմել նաև ընտանիքներում առկա անբարենպաստ հոգեբանական մթնոլորտի ազդեցությունը` օգնելով երեխային լիարժեք ներառվել թե՛ դասապրոցեսում, թե՛ հանրային կյանքում:

Պետության քաղաքականության մշակման տեսանկյունից սա շատ կարևոր է. այն պետությունները, որոնք ունեն սոցիալական արդարության տեսլական, հստակ քայլեր են ձեռնարկում կրթության մեջ յուրանքանչյուր երեխայի կարիքների վերհանման և որակյալ հանրակրթությունը հատկապես խոցելի ընտանիքների երեխաների համար առավելագույնս մատչելի ու հասանելի դարձնելու համար:

Երեխայի խնամողին փոխարինողի դերը։ Հաճախ դասապրոցեսում ուսուցիչը բախվում է բուն ակադեմիական կրթության հետ չառնչվող երևույթների, ինչպիսիք են, օրինակ, սովորողների միջանձնային կոնֆլիկտները, առանձին երեխաների՝ տվյալ պահի հուզմունքը կամ տարբեր պատճառներով պայմանավորված բարդ հոգեվիճակը, տրամադրության անկումը և այլն։

Այստեղ արդեն կարևորվում է ուսուցչի` ոչ այնքան կրթողի, որքան աջակցողի ու խնամողի դերը: Ուստի կարևոր է, որ ուսուցիչն ունենա անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` այդ դերը ստանձնելու և իրավիճակն արդյունավետ հասցեագրելու համար։

Ուսուցիչը՝ որպես ռեսուրսի աղբյուր։ Տվյալ դեպքում որպես ռեսուրս կարելի է դիտարկել և՛ գիտելիքը, և՛ հմտությունները, և՛ կենսափորձը։ Հաճախ ուսուցիչը երեխայի համար դառնում է հեղինակություն և շատ դեպքերում ավելի բարձր հեղինակություն, քան հենց երեխայի ծնողները։ Շատ կարևոր է, թե ինչ աշխարհայացքի, ինչ արժեհամակարգի, ինչ ռեսուրսների կրող է ուսուցիչը և այդ ռեսուրսը երեխաներին փոխանցելու ինչպիսի հմտություններ ունի։

Շատ կարևոր է, որ ուսուցիչն ընդհանրապես զերծ լինի որևէ տեսակի կարծրատիպերից։ Եթե ուսուցիչը, օրինակ, ունի կանխակալ վերաբերմունք որոշակի խմբի երեխաների նկատմամբ, ապա արդյունավետ ուսուցում, բնականաբար, չի ստացվի։ Ունենք հետազոտություններ, որոնք վկայում են ուսուցիչների շրջանում գենդերային կարծրատիպերի առկայության մասին։ Արդյունքում կրթության իրավունքի հավասար իրացման հնարավորությունների տեսակետից խոցելի են դառնում աղջիկները:

Օրինակ, ուսուցիչը մտնում է դասասենյակ՝ ի սկզբանե համարելով, որ կան ինչ-որ դերեր կամ մասնագիտություններ, որոնք բնորոշ են միայն աղջկան կամ միայն տղային, կամ, որ միայն տղան կարող է ունենալ մեծ ընկերական շրջապատ, պաշտոն զբաղեցնել կամ որոշակի ոլորտում կարիերա անել, իսկ աղջիկը՝ ոչ: Լինելով նման գենդերային կարծրատիպերի կրողը և այդ կարծրատիպերով դասարան մտնելով՝ ուսուցիչն արդեն իսկ վտանգում է հավասարության և խտրականությունից զերծ սկզբունքի հիման վրա դասավանդումը։

Եթե աղջնակը պատրիարխալ ընտանիքից է, որում դաստիարակվել է որպես ապագա հնազանդ հարս, և ուսուցիչն էլ է նման աշխարհայացքի կրողը, ապա այդ երեխան, ըստ էության, այլևս հնարավորություն չունի ճեղքելու այդ փակ շղթան և փոխելու իր ապագան։

Կարծրատիպերը կարող են լինել ոչ միայն գենդերային, այլև կրոնական, ռասայական, սոցիալական և այլն։ Նույն կերպ, եթե ուսուցիչը դասասենյակ է մտնում ի սկզբանե կանխակալ վերաբերմունքով, օրինակ, ընտանեկան բռնության մեջ ապրող կամ հարբեցող ծնող ունեցող երեխաների նկատմամբ, ապա տվյալ խմբի երեխաներըը մարգինալացվում են դասասենյակում, և վտանգվում է նրանց կրթության իրավունքը։

Ցավոք, ոչ միշտ են ուսուցիչների կողմից լիարժեքորեն ընկալվում իրենց՝ ռեսուրս կրողի և հավասարակշռողի դերերը։

Ուսուցչի՝ մոտիվացնող և քաջալերող դերը պակաս կարևոր չէ սովորողների հաջողության գործում: Մենք բոլորս էլ դպրոցում սովորելու տարիներին ունեցել ենք գոնե մեկ ուսուցիչ, որը մշտապես օգնել ու քաջալերել է մեզ` ավելի մեծ ձեռքբերումների և բարձունքների հասնելու համար: Նույնիսկ եթե առաջին հայացքից երեխան չի ցուցաբերում մեծ հետաքրքրվածություն կամ ակնհայտ ունակություններ այս կամ այն առարկայի նկատմամբ, դեռ չի նշանակում, որ նա ընդունակ չէ սովորելու կամ կրթվելու:

Ուշադիր և քաջալերող դերը ստանձնած ուսուցիչը չի հանձնվի, այլ կշարունակի փնտրել հնարավորություններ` երեխային մոտիվացնելու և քաջալերելու սովորել, բացահայտել նոր աշխարհ: Դժվարությամբ սովորող, առարկայի ու ուսուցման նկատմամբ ակնհայտորեն ուշադրություն և հետաքրքրվածություն չցուցաբերող երեխաների առկայության պարագայում կարևոր է, որ ուսուցիչը անտարբեր չլինի և ժամանակին նկատի ու սահմանի խնդիրը, ծնողի և սովորողի հետ միասին նշագծի հաջողության հասնելու ուղին և հաստատակամորեն առաջնորդի սովորողին:

Շարունակելի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել