armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, խոչընդոտներ: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«Բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական դրությունը որևիցե իրավական հենք չունի և իրականության մեջ որևիցե գործողություն այլևս չի համակարգում: Ավելին՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որպեսզի թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ հնարավոր լինի օգտվել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմերից՝ խաղաղ հավաքներից, քննարկումներից և ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»,-ասաց Էնֆիաջյանը:
Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց այն առիթով, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում հրապարակում են իշխող քաղաքական ուժի քաղաքական հայտարարությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ ոչ:
comment.count (0)